Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է՝ միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին

Դեկտեմբեր 26,2024 12:30

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հերթական համարը (հուլիս-սեպտեմբեր 2024 7-9): Ամսագրի այս համարում ընդգրկվել են. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ի.գ.թ. Հայարփի Զարգարյանի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ամուսինների գույքային իրավահարաբերությունների որոշ առանձնահատկությունները», ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի՝ «Քրեական ենթամշակույթի տարածման միտումները Հայաստանի Հանրապետությունում», ի.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գևորգ Իսրայելյանի՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների տիպային մեխանիզմները և կանխարգելման միջոցները Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունները:

«Առավոտը» ձեզ է ներկայացնում այսօրեական թեմաներից մեկի մասին ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի՝ «Գաղտնի քննչական գործողությունների իրավաչափության հիմնարար երաշխիքները» ուսումնասիրությունից մի հատված:

…Գաղտնի քննչական գործողությունների՝ որպես պետության իրավապահպան գործունեության առանձնահատուկ ուղղության իրավական հիմքը ձևավորում են այն իրավական ակտերը, որոնք պարունակում են վերոնշյալ գործողությունների իրականացման ընթացքում ծագող, փոփոխվող և դադարող հասարակական հարաբերությունները կարգավորող իրավանորմեր։ Դրանց շարքում հատկապես կարևորվում է ՀՀ Սահմանադրությունը՝ որպես պետության հիմնական օրենք։

Այսպես, Սահմանդրությունը, ամրագրելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, սահմանում է նաև համընդհանուր շահերից ելնելով դրանց սահմանափակման հնարավորությունը, ընդ որում, դրանք կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Գաղտնի քննչական գործողությունների շրջանակում մարդու և քաղաքացու իրավունքների սահմանափակումները կարող են վերաբերել, մասնավորապես, Սահմանադրությամբ ամրագրված այնպիսի իրավունքներին, ինչպիսիք են՝ բնակարանի անձեռնմխելիության ու հաղորդակցության ազատության և գաղտնիության, ինչպես նաև մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքները։ 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածը նախատեսում է. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես այլոց իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով»: Այդ համատեքստում, հարկ է վկայակոչել Եվրոպական դատարանի դիրքորոշումներն առ այն, որ «երբ (…) հավասարակշռության էր բերվում մի կողմից` գաղտնի հսկողության միջոցների օգնությամբ անվտանգությունը պաշտպանելու պատասխանող պետության շահը, իսկ մյուս կողմից` դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի իրացման նկատմամբ միջամտության լրջությունը, իրավասու ազգային մարմիններն ունեն սեփական հայեցողության որոշակի լուսանցք պատշաճ այն միջոցների ընտրության հարցում, որոնք կօգտագործվեն ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակին հասնելու համար: Այդուհանդերձ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ պետք է գոյություն ունենան չարաշահումներից զերծ պահող բավարար և արդյունավետ երաշխիքներ: Այսպիսով, դատարանը հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները, օրինակ` հնարավոր միջոցառումների բնույթը, տարածման տիրույթը և տևողությունը, դրանց կարգադրման համար պահանջվող պատճառները, դրանց թույլատրելու, կատարելու և հսկելու իրավասություն ունեցող մարմինները, ինչպես նաև ներպետական իրավունքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցի տեսակը» (Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Roman Zakharov v. Russia գործով 2015 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 47143/06, կետ 232, Irfan Guzel v. Turkey գործով 2017 թվականի փետրվար):

Ակնհայտ է, որ գաղտնի քննչական գործողությունների իրականացման պարագայում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, ուստի նույնիսկ որոշակի գաղտնի քննչական գործողության ընտրության հարցի լուծման, ինչպես նաև դրա իրականացման ողջ ընթացքում հարկավոր է նկատի ունենալ նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները` մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, ինչպես ընդգծում է Վճռաբեկ դատարանը, Գոռ Իշխանի Սարգսյանի գործով, ՕՀԳ-ի բնույթից ելնելով` իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովվեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։

Եվրոպական դատարանը Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով նշում է, որ վերահսկման գաղտնի միջոցառումների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում Եվրոպական դատարանը մշակել է հետևյալ նվազագույն երաշխիքները, որոնք պետք է սահմանվեն օրենսդրությամբ` լիազորությունների չարաշահումերից խուսափելու նպատակով. հանցագործությունների բնույթը, որոնք կարող են վերահսկման մասին որոշում կայացնելու հիմք հանդիսանալ, մարդկանց այն կատեգորիաների սահմանումը, որոնց հեռախոսները կարող են գաղտնալսման ենթակա լինել, հեռախոսների գաղտնալսման ժամանակահատվածի սահմանափակ լինելը, այն ընթացակարգը, որին պետք է հետևել ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման համար, նախազգուշական միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այդ տվյալներն այլ կողմերին տրամադրելու դեպքում և այն հանգամանքները, որոնց դեպքում ձայնագրությունները կարող են կամ պետք է ջնջվեն կամ ժապավենները` ոչնչացվեն:

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ հետապնդվող նպատակների կատարմանն ուղղված միջոցների ընտրությունը սկզբունքորեն ընկնելով պետության սեփական հայեցողության լուսանցքի շրջանակում` ունենում է լայն կամ նեղ դրսևորում` ելնելով պաշտպանության ենթակա իրավունքի բնույթից։ Օրինակ` «հաշվի առնելով անձի ինքնության ինքնորոշման և ֆիզիկական ու բարոյական անձեռնմխելիության համար /Եվրոպական կոնվենցիայի/ 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների առանցքային կարևորությունը՝ պետություններին վերապահված սեփական հայեցողության լուսանցքը բնակարանի հարցերում ավելի նեղ է, եթե խոսքը գնում է միայն [Եվրոպական կոնվենցիայի] թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրավունքների մասին»։

Ազգային դատարանների խնդիրն է վերահսկել և ապահովել, որպեսզի իրավասու մարմինների գործունեությունը չխախտի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքների նկատմամբ միջամտությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ «դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում (…) անկարգությունների կամ հանցագործությունների կանխման հետ»: Ուստի միջամտությունը թույլատրած որոշումը պետք է ցույց տա, թե ինչպես են ազգային դատարանները կիրառել 8-րդ հոդվածի 2-րդ մասը: Գաղտնի քննչական գործողության կոնկրետ տեսակն ընտրելիս, ելնելով անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթից, պետությանը վերապահված հայեցողական տիրույթի տարբերակման գաղափարն արտացոլված է ՀՀ ՔԴՕ 242-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն` գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է:

Ժողովրդավարական հասարակարգի հիմնական նպատակներից մեկն էլ հենց պետական մարմինների կամայականությունների և չարաշահումների սահմանափակումն է։ Այս առումով ՀՀ ՔԴՕ-ն կարևոր իրավակարգավորում է պարունակում՝ սահմանելով գաղտնի քննչական գործողությունների իրավաչափության երաշխիքները։

ՀՀ ՔԴՕ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում կարող ենք առանձնացնել գաղտնի քննչական գործողությունների կատարման իրավաչափության, մասնավորապես այնպիսի տարրեր, ինչպիսիք են դրանց իրականացման ժամկետները, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ այն կարող է կատարվել, այն հացագործությունների տեսակները, որոնց շրջանակներում կարող է կատարվել որոշակի գաղտնի քննչական գործողություններ, նվազագույն շեմը, որը հաղթահարելու դեպքում կարող են իրականացվել դրանք, չնախատեսված արդյունքներ ձեռք բերելու դեպքում դրանց պահպանման կամ վերացման պայմանները, ինչպես նաև կիրառվող հատուկ տեխնիկական միջոցների շրջանակն ու օգտագործման պայմանները և այլն:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ գործող ՀՀ ՔԴՕ-ն առանձնակի կարևորելով գաղտնի քննչական գործողությունների քրեադատավարական ինստիտուտի նշանակությունը՝ առանձին նորմ է նվիրել դրանց կատարման իրավաչափության երաշխիքներին:

Ասպես, ՀՀ ՔԴՕ 243-րդ հոդվածի ձևակերպումից հետևում է, որ այդպիսի երաշխիքներ են հանդիսում.

  • Որոշակի պայմաններում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում անձի վերաբերյալ ձեռք բերված տվյալների օգտագործման ոչ բացարձակ արգելքը:
  • Անձանց որոշակի շրջանակը, որոնց նկատմամբ կարող են կատարվել առանձին
  • գաղտնի քննչական գործողություններ:
  • Անձանց որոշակի շրջանակը, որոնց ողջամտորեն կարող են վերաբերել գաղտնի քննչական գործողության արդյունքով ստացվելիք տեղեկությունները:
  • Առանձին գաղտնի քննչական գործողության, ինչպես նաև դրանց կատարման ընդհանուր ժամկետները:
  • Գաղտնի քննչական գործողությունը դադարեցման որոշակի հիմքերը:
  • Առանձին գաղտնի քննչական գործողությունների կատարման ուղղակի արգելքը, անձի՝ իր փաստաբանի հետ հաղորդակցվելու դեպքում:
  • Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում հատուկ տեխնիկական միջոցների և դրանք կիրառելու իրավաություն ունեցող սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև դրանց գործադրման պայմանները:

Եթե գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ձեռք են բերվել անձի վերաբերյալ տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողությունը կատարելու մասին որոշմամբ, ապա դրանք քրեական վարույթում չեն կարող օգտագործվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննության մարմինը գործել է դատարանի որոշման հիման վրա և բարեխղճորեն: Հնարավոր է, սակայն, որ գաղտնի քննչական գործողության արդյունքում ստացվեն տեղեկություններ, որոնք, թեև պարունակեն նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց ստացումը, սակայն, նախատեսված չլինի տվյալ գործողությունն իրականացնելու մասին որոշմամբ: Որպեսզի նման տեղեկություններն անհետևանք չմնան, մյուս կողմից՝ գաղտնի քննչական գործողությունը չկատարվի այլ՝ քողարկված նպատակներով, ՀՀ ՔԴՕ-ն նախատեսել է նման տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը վարույթում օգտագործելու իրավաչափության հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարտադիր պահանջ.

ա) հետաքննության մարմինը պետք է գործած լինի դատարանի որոշման հիման վրա, այսինքն՝ կատարած լինի դատարանի որոշման մեջ նշված գաղտնի քննչական գործողությունը՝ դատարանի որոշմամբ սահմանված վերաբերելի պայմաններով, և

բ) հետաքննության մարմինը պետք է գործած լինի բարեխղճորեն (ՀՀ ՔԴՕ 243-րդ հոդվածի 1-ին մաս):

Հաշվի առնելով, որ գաղտնի քննչական գործողությունների կատարումը ենթադրում է միջամտություն անձի սահմանադրական իրավունքներին, ՀՀ ՔԴՕ-ն սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ նման գործողություններ կարող են կատարվել:

«Առավոտ» օրաթերթ
25.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031