Լրահոս
Օրվա լրահոսը

Անուղղելի օպտիմիզմ` Ալիեւի կեղծիքներին ի պատասխան

Դեկտեմբեր 26,2024 12:00

Հայաստանն ապաշրջափակման հարցում Ադրբեջանին անվտանգության երկու լրացուցիչ մեխանիզմ է առաջարկել

Տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ, անցյալ շաբաթ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ելույթում նշել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանը եւ Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ «Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբեւէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը եւ առեւտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առեւտրային կարգավորումներ: Բացի դրանից, անհրաժեշտ է խթանել միջմշակութային եւ մարդկանց միջեւ շփումները: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարեւորում է փոխվստահության ձեւավորումը եւ փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի»,- նշել էր Միրզոյանը։

Նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծվում։ Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին ասել էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։

Բաքվի պահվածքը միանգամայն պարզ է: Ադրբեջանն առաջնորդվում է խաղաղության գործընթացն արգելափակելու սկզբունքով: Փոխարենը Ադրբեջանից շարունակում են անդադար պահանջներ ու նախապայմաններ ներկայացնել հայկական կողմին: Այդ ամենի հետ միասին երբեմն-երբեմն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայից ենք լսում «պատմական» հնարավորության մասին ելույթներ:

Անկարայում օրերս տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը: Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ըստ նրա՝ երրորդ կողմերը պետք է արդար եւ անաչառ ձեւով խթանեն այս գործընթացը:

«Եվրոպացի դիտորդների քողի տակ հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք». Ալիեւի մեղադրանքը

«Եվրոպացի դիտորդների քողի տակ հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք», «Խաղաղության պայմանագիրը եւ Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են», «Երեւանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին», սրանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտքերն են, որոնք նա հնչեցրեց օրեր առաջ Դմիտրի Կիսելեւին տված հարցազրույցում:

Հայաստանի սպառազինման թեմայով անընդմեջ դժգոհություններ հնչեցնող Ալիեւը նշել է, որ Բաքուն նախատեսում է հետագայում եւս ռուսական զենք գնել, սակայն գործընթացը դադարեցվել է օբյեկտիվ պատճառներով: Ալիեւը հարկ է համարել ընդգծել, որ Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից. «Մենք ուրախ ենք, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները։ Վստահ եմ, որ հաջորդ տարի եւս այդ դրական դինամիկան կպահպանվի։ Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ են, եւ կարծում եմ, որ դրանում կասկած չկա ոչ Ադրբեջանում, ոչ Ռուսաստանում։ Մեր երկրների համար դժվարին ժամանակներում մենք մեզ միշտ բարեկամաբար ենք պահել»։

Ավելին, Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում Բաքուն սպասում է ռուսական ներդրումների: Նա հայտնել է, որ առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը։ Խոսքը Ջաբրայիլի շրջանում «ԿԱՄԱԶ»-ի սպասարկման կենտրոնի բացման մասին է։ «Սա առաջին ներդրումային նախագիծն էր, այսինքն՝ օտարերկրյա ներդրումների առաջին նախագիծը ռուսականն էր։ Այնպես որ, մենք եւ ներդրումների ենք սպասում, եւ ուրախ կլինենք կապալառուներին տեսնել»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը նաեւ նշել է, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։ Նա նշել է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից» սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։

Նկատենք, որ Հայաստանի ռազմականացումից դժգոհող Բաքուն ինքն է ընդլայնում իր ռազմատեխնիկական հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի վերջին հայտարարեց, թե Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։

Բացի այդ, Ալիեւը բացահայտել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել. «Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, եւ Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկը` զերծ մնալ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը»:

«Այսպես կոչված՝ եվրոպացի դիտորդների քողի տակ մեզ հետ սահմանին՝ հայկական կողմում, ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք», դժգոհել է Ալիեւը` Կիսելյովին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, դիտորդներ ուղարկելու հարցը Բաքվի հետ համաձայնեցվել է 2022-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ալիեւի քառակողմ հանդիպման ժամանակ։ «Այն ժամանակ մենք դեռ չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից։ Եվ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու ամսով տեղակայվի Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ կոնտինգենտ: Դրանից հետո առաքելությունը երկարաձգվեց առանց մեր համաձայնության։ Իսկ փաստարկը հետեւյալն էր. «Ինչո՞ւ համաձայնվել ձեզ հետ, սա առաքելություն է Հայաստանի տարածքում»: Մեր փաստարկը հետեւյալն էր. «Ինչո՞ւ համաձայնեցրիք մեզ հետ, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ասել է Ալիեւը։ Նա նշել է, որ այնուհետեւ ԵՄ դիտորդների թիվը հասցվել է ավելի քան 200 մարդու. «Ավելին, այս առաքելությունը սահուն վերածվեց ՆԱՏՕ-ի առաքելության, քանի որ ներգրավվեցին Կանադայի ներկայացուցիչները»։

Ալիեւը շարունակում է քննադատել Մակրոնին

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի համար պայմանավորվածություններ էր ձեռք բերում, Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում փորձեց ցրել կասկածները Թուրքիայի հետ ռազմական համագործակցության խորության վերաբերյալ:

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են, նշել է նա` հավելելով, որ դրա կարիքը չկա։ Ալիեւի խոսքով՝ այդ տեղեկատվությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կետ կա, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի եւ ագրեսիայի դեպքում։ Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, պարզաբանել է Ադրբեջանի նախագահը։

Նկատենք, որ Ալիեւի նշյալ հարցազրույցից ընդամենը 2 օր առաջ ադրբեջանական լրատվականները հաղորդում էին, որ Բաքու է ժամանել բարձրաստիճան թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը` Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարական կազմը՝ հրամանատար Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։ Թուրք զինվորականներն այցելել էին ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ, հանդիպել էին նաեւ Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւի հետ։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք թեմաներ», – հաղորդել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուին։ Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բայրաքթարօղլուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Շուշիի հռչակագրի կատարմանն ուղղված պատշաճ գործողությունների կարեւորությունը»։ Սա Թուրքիան ներկայացնող երրորդ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն է, որ ժամանում է Ադրբեջանի մայրաքաղաք վերջին 2 շաբաթում։

Այն, որ Ադրբեջանի բանակն այլեւս Թուրքիայի բանակի մի մասնաճյուղ է` գաղտնիք չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը ողջ թափով է զարգանում: Ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունից ասվում էր բառացիորեն հետեւյալը. «Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի բանակում Թուրքիայի Զինված ուժերի մոդելի ներդրման դրական արդյունքների մասին»։

Հետեւաբար, ադրբեջանական բանակում թուրքական ներկայությունն անհերքելի փաստ է, անկախ այն հանգամանքից, թե` Ադրբեջանում դե-յուրե «թուրքական ռազմաբազա» գոյություն ունի, թե ոչ:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հեգնական տոնով է խոսել Ֆրանսիայի նախագահի հասցեին եւ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ուղղությամբ, նշելով. «Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն չի օգնի «գետնի վրա» Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ եւ Ֆրանսիայի աջակցությանը: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի եւ հակաահաբեկչական գործողության արդյունքները 2023թ. սեպտեմբերին նրանք չպետք է մոռանան»։ Ալիեւի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի առավելագույն աջակցությունը Երեւանին ոչ մի երաշխիք չի տալիս։ «Այստեղ, գետնի վրա, եթե նրանք մտածում են հերթական սադրանքի մասին մեր դեմ, նրանց ոչ ոք չի օգնի։ Ինչպե՞ս նրանց օգնեց Մակրոնը 2020 կամ 2023թթ.։ Աջակցեց։ Ձեռքից, չգիտեմ, կամ մի այլ տեղից բռնեց։ Ահա ամենը։ Ինչի՞ է նա ընդունակ…»։

Փաշինյանի կառուցողական պատասխանը Ալիեւին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հարցազրույցից մեկ օր անց հանդես եկավ պատասխան հարցազրույցով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, նշեց նա` «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական կողմը չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, որոնց Բաքուն դեռեւս չի պատասխանել:

Փաշինյանը մանրամասնել էր. «Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»:

Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, Փաշինյանը նկատել է` երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Ըստ նրա` կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլեւս չպետք է դնեն եւ սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով: Փաշինյանն ասել է՝ «ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:

Անդրադառնալով սպառազինության վերաբերյալ Ալիեւի պնդումներին, Փաշինյանն ընդգծել է. «Հայաստանը որեւէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ: Մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռք բերում, նշանակում է ռեւանշիստական քաղաքականությո՞ւն է վարում»:

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող դիմանալ Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքին, Փաշինյանն այսպես է պատասխանել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն չունի ու չի գնալու այդ ճանապարհով. «Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»: Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը:

Ալիեւի կեղծ ու աղավաղված գնահատականներին այսպիսի կառուցողական-բացատրական շեշտադրումներով պատասխաններով Երեւանը ի վերջո ի՞նչ է շահում: Պաշտոնական Երեւանի համար միակ ծանրակշիռ համոզմունքն այն է, որ Ալիեւը, միեւնույն է, փաստաթուղթ չի ստորագրելու, հետեւաբար` մենք չշեղվենք խաղաղության օրակարգից` անկախ նրանից, թե Ալիեւը որքան պահանջներ ու նախապայմաններ է ներկայացնելու Հայաստանի՞ն: Սա՞ է Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031