Այս օրերին Սիրիայի նոր իշխանությունները կապեր են հաստատում միջազգային հանրության հետ։
Սիրիայի փաստացի ղեկավար, ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական խմբավորում որակված «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ահմեդ ալ-Շարրան Բաշար Ասադի նախկին նստավայրում առանձին ընդունել է Հորդանանի, Կատարի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարներին, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերականգնման և կայուն սահմանների հաստատման գործերին։
Ալ-Շարրան հանդիպում է ունեցել նաև Սիրիա այցելած ամերիկյան և այլ արևմտյան պետությունների պատվիրակությունների հետ։
Վաշինգտոնը հրաժարվել է Ահմեդ ալ-Շարրային հայտնաբերելու համար մինչև 10 միլիոն դոլարի պարգևտրման խոստումից։ Ըստ պետքարտուղարի տեղակալ Բարբրա Լիֆի՝ ամերիկյան պատվիրակությունը «բավականին արդյունավետ» քննարկում է ունեցել ալ-Շարրայի հետ՝ սիրիացի առաջնորդից ստանալով «պրագմատիկ» մարդու տպավորություն։
Կարդացեք նաև
12 տարի դադարից հետո Ֆրանսիան վերաբացել է Դամասկոսում իր դեսպանությունը։
ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա խորամանկ ծրագրի իրագործում, ըստ ԻԻՀ Այթոլլայի
Թեհրանի հետ նորընծա իշխանությունների շփումներն այդքան էլ հարթ չեն մեկնարկել։ Թեև իր վաղեմի դաշնակից Բաշար ալ-Ասադի իշխանության փլուզումից հետո Իրանը հավաստիացրել է, որ շարունակելու է պահպանել հարաբերությունները Սիրիայի հետ, դեկտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղծին ընդգծել է․
«Կարծում եմ դեռ վաղ է Սիրիայի ապագայի հարցում պատկերացում կազմելու համար, թե՛ մեզ համար, թե՛ նրանց, որոնք կարծում են, թե Սիրիայում հաղթանակ է արձանագրվել»։
Սա Արաղչին ասել էր ի պատասխան իր սիրիացի պաշտոնակից Ասադ Հասան ալ-Շիբանիի նախազգուշացմանը, որ Իրանը չպետք է քաոս տարածի Սիրիայում։ Նա նաև շեշտել էր, որ Իսլամական Հանրապետությունը «պատասխանատվություն է կրում վերջին հայտարարությունների համար», առանց հստակեցնելու՝ կոնկրետ որ հայտարարությունների մասին է խոսքը։
Այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ անդրադարձել էր Սիրիայի իշխանափոխությանը՝ պնդելով, որ կատարվածը Թուրքիայի աջակցությամբ Միացյալ Նահանգների և Իսրայելի իրագործած խորամանկ ծրագրի իրագործումն է։
Առայժմ որևէ տեղեկատվություն առկա չէ Սիրիայի և Իսրայելի իշխանությունների միջև որևէ ուղիղ հաղորդակցության վերաբերյալ, հատկապես սիրիական տարածքների նկատմամբ իսրայելական նոր ոտնձգությունների ֆոնին։
Արաբական և արևմտյան աշխարհի հորդորը նոր իշխանություններին
Դեկտեմբերի 14-ին Հորդանանի Ակաբա քաղաքում կայացած հանդիպմանը Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի գլխավոր դիվանագետները, ինչպես նաև Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը Սիրիայի ժամանակավոր վարչակազմին հորդորել են աշխատել ներկայացուցչական, ներառական, փոքրամասնությունների իրավունքները հարգող կառավարության հաստատման ուղղությամբ։ Դիվանագետները շեշտել են նաև, որ Սիրիան չպետք է ահաբեկչական խմբավորումների օրրան դառնա։
«Հաստատակամորեն կանգնած ենք Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին»․ ՀՀ ԱԳՆ
Դեկտեմբերի 16-ին X-ի գրառմամբ ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Ակաբայում ընդունված միասնական հայտարարությանը:
«Հաստատակամորեն կանգնած ենք Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին իրենց պատմության համար այս որոշիչ պահին։ Աջակցում ենք ներառական և խաղաղ անցման գործընթացին՝ ամուր համոզմունքով, որ հանդուրժողականությունը և ազգային միասնությունը միակ ճանապարհն է դեպի կայունություն և խաղաղություն Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում», – ասված է արտաքին քաղաքականության գերատեսչության գրառման մեջ։
Համատեքստ
Դեկտեմբերի 8-ին, տասներեք տարի տեւած արյունալի քաղաքացիական պատերազմն ավարտվեց ավելի քան կես դար Սիրիան կառավարող Ասադների իշխանության տապալմամբ։ Կայծակնային զարգացումներից հետո Սիրիան «ազատագրած» «Հայաթ Թահրիր ալ-Շամի» կեղմից կազմված ժամանակավոր վարչակարգը գործելու է մինչեւ գալիք տարվա մարտի մեկը։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ է տեղի ունենալու մարտի մեկից հետո։ Արեւմուտքից շեշտում են՝ սիրիացի ժողովուրդը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, պետք է արտահայտի իր կամքը եւ ձեւավորի իր համար նախընտրելի իշխանություն։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ