Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։
Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և այդ ընտրությունը պատվաբեր է ու պատասխանատու: Ձեր ուսերին է դրված մեր ժողովրդի ու պետության անվտանգության և խաղաղ կյանքի ապահովման կարևորագույն առաքելությունը:
Ժամանակակից աշխարհը բարդ է և մարտահրավերներով լի, ուստի մեր պետությունը բոլոր ոլորտներում կարիք ունի արհեստավարժ, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների և, իհարկե, սպայական կազմի:
Կարդացեք նաև
Ուրախ եմ տեսնել և վստահ եմ, որ դուք նվիրված եք ձեր ուսմանը, ձեր գործին ու որոշմանը և պատրաստ եք դառնալ հենց այդպիսի սպաներ:
Վստահ եմ նաև, որ ձեր սերունդը նոր որակ կհաղորդի մեր զինված ուժերին: Ձեր գիտելիքները, նորարարական մտածելակերպը և տեխնոլոգիական հմտությունները կօգնեն մեզ ունենալ ավելի ուժեղ և արդիական բանակ:
Սիրելի կուրսանտներ,
Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհավորել ձեզ և ձեր ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք, հաջողություններ ուսման մեջ և ապագա ծառայության ընթացքում:
Թող ձեր յուրաքանչյուր քայլն ուղղված լինի մեր հայրենիքի հզորացմանը և անվտանգության ամրապնդմանը: Ձեր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն, քաջառողջություն և երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում:
Փառք մեր հերոսներին և փառք ձեզ՝ մեր պետության պաշտպաններիդ»:
Հանրապետության նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության և ուսման մեջ օրինակելի առաջադիմություն ցուցաբերած կուրսանտներին և սպաներին:
ՀՀ նախագահի աշխատակազմ