Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա՛վ է երազեք»․ բողոքի ցույցեր Վրաստանում՝ «Վրացական երազանքի» դեմ

Դեկտեմբեր 25,2024 20:00

Արդեն 27 օր է՝ շարունակվում են բողոքի բազմահազարանոց ցույցերը, որոնք Վրաստանում սկսվեցին, երբ «Վրացական երազանքը» հայտարարեց մինչև 2028 թ․-ի ավարտը Եվրաինտեգրման գործընթացը կանգնեցնելու որոշման մասին։

Երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի բնակիչներն ամեն օր բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով շարունակել եվրոպական ուղին և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, քանի որ հոկտեմբերյան չճանաչված ընտրությունների արդյունքներով ռուսական շահերի հետ ասոցացվող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է խորհրդարանական մեծամասնությունը։

Բողոքի առաջին օրերը

Նոյեմբերի 28-ի երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույց անցկացրեց, որի շրջանակներում հայտարարեց մինչև 2028 թ․-ը Եվրաինտեգրման գործընթացը կանգնեցնելու որոշման մասին։ Կոբախիձեի բարձրաձայնած որոշումը իշխող կուսակցության կողմից տարվա ընթացքում ընդունված հակաեվրոպական մի շարք օրենքների ու հնչեցված արտահայտությունների տրամաբանական եզրահանգումն էր, ինչն էլ բուռն ցույցերի պատճառ դարձավ։

Նոյեմբերի 28-ից սկսած ամեն երեկո Թբիլիսիի կենտրոնում, Քութաիսիում, Բաթումիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որոնք գնալով աճում էին։

Առաջին իսկ օրերին Հատուկ նշանակության ջոկատները Թբիլիսիի խորհրդարանի դիմաց բերման են ենթարկում հարյուրավոր մարդկանց՝ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ գործածելով։

Ցուցարարներին է միացել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն այնուհետև հրաժարվել է լքել պաշտոնը, քանի դեռ երկրում չեն անցկացվել, իր խոսքով, «ոչ լեգիտիմ» կազմով խորհրդարանի նոր ընտրությունները։

«Այսօր ես արդեն ամեն ինչ ասել եմ հասարակությանն այն մասին, թե ով պետք է մեզ միանա։ Ես այս ժողովրդի հետ եմ։ Դիմադրություն է սկսվում, որը չի ավարտվի, քանի դեռ նոր ընտրություններ չեն անցկացվել։ Ես այստեղ մարդկանց հետ եմ, ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ կկարողանամ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրացական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ 5 օրվա ընթացքում ցուցարարներին էին միացել արտաքին գործերի նախարարության ավելի քան 200, պաշտպանության նախարարության 40, Թբիլիսիի քաղաքապետարանի ավելի քան 120, արդարադատության նախարարության ավելի քան 500, Վրաստանի Ազգային բանկի ավելի քան 170 և Սահմանադրական դատարանի 15 աշխատակիցներ։

Ցույցեր Ռուսթավելիի պողոտայում

Ցուցարարները բարիկադներ են կառուցում Ռուսթավելիի պողոտայում, նոյեմբերի 29

Ոստիկանների և ցուցարարների միջև մի քանի երեկո շարունակվող դաժան բախումներից հետո ցույցերի մասնակիցները որոշակի մարտավարություն էին մշակել։ Ուժային կառույցներին դիմադրելու համար ցուցարարները հրավառություն էին օգտագործում, ինչպես նաև բարիկադներ կառուցում փողոցում գտնվող առարկաներից։ Նրանք, որոնք հակագազեր ունեին, վերցնում էին իրենց կողմը նետված արցունքաբեր գազի փամփուշտներն ու հանգցնում դրանք նախապես պատրաստված ջրով լի տարայի մեջ։

Բողոքի ցույցեր Վրաստանում «Վրացական երազանքի» պայքարի մեթոդները՝ ընդդեմ ցույցերի

Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունը ձերբակալում է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիային, ինչպես նաև խուզարկվում են վրացական ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները։ Իրավապահները, մասնավորապես, «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակներ են մտնում։

Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ խուզարկությունների հետևանքով 7 անձ է ձերբակալվել․ նրանք մեղադրվում են բռնություն կազմակերպելու մեջ։

Նա նաև պատմել է, որ իրավապահները կուսակցության գրասենյակներից առգրավել են սաղավարտներ, հակագազեր, մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, էլեկտրական սարքեր, համակարգչային տեխնիկա, այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլներ, ներկեր, տարբեր լուծույթներ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ելույթում հենց ընդդիմության առաջնորդներին է մեղադրել բռնություն հրահրելու մեջ՝ նշելով, որ նրանք են մեղավոր ցուցարարների ստացած վնասվածքների համար։

Վարչապետը նաև գովաբանել է ոստիկանությանը «ցուցարարների՝ բռնության դիմելու կարողությունը հաջողությամբ չեզոքացնելու համար»՝ ընդգծելով, որ ոստիկանները հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից, որոնք քարեր և պիրոտեխնիկական միջոցներ են նետել նրանց վրա։

Այստեղ կարևոր է նշել, որ դեռ դեկտեմբերի 3-ին Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին ոստիկանությանը մեղադրել էր բողոքի ակցիաների մասնակիցներին խոշտանգելու մեջ։ Նա հայտնել էր, որ ցույցերի և անկարգությունների հինգ օրերի ընթացքում օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են կալանավայրերում և հիվանդանոցներում գտնվող 201 քաղաքացիների, և նրանց մեծ մասը լուրջ վնասվածքներ են ունեցել դեմքի, աչքերի և գլխի շրջանում։

«Վնասվածքների տեղակայումը, բնույթը և ծանրության աստիճանը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ որպես պատժամիջոց բռնի մեթոդներ է կիրառել։ Պատժի նպատակով դիտավորյալ և դաժան բռնությունը խոշտանգման արարք է»,- հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։

Սակայն օմբուդսմենի հայտարարություններն ու լրագրողների տեսանյութերը, որոնցում արձանագրվել են ոստիկանության կողմից իրականացված բռնության դեպքերը, չեն մեկնաբանվել Կոբախիձեի կողմից։

Բռնություններ բողոքի ցույցի ժամանակ

Ցուցարարի դեմ բռնություն-կալանք, նոյեմբերի 29

Դեկտեմբերի 4-ից հետո բուն ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը կրճատվում է, սակայն հայտնվում են, այսպես կոչված, «տիտուշկաները»՝ դիմակով անձինք, որոնք դաժան ծեծի են ենթարկում լրագրողներին ու ակցիաների մասնակիցներին, երբ վերջիններս հեռանում են ցույցի էպիկենտրոնից։

Դեկտեմբերի 7-ին կոնսերվատորիայի հարևանությամբ ուղիղ եթերում հարձակվում են «Պիրվելի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա։

Ուղիղ եթերի ժամանակ նկարահանող խմբին է մոտենում դիմակով անձն ու փորձում օպերատորից խլել տեսախցիկը, իսկ այդ ընթացքում դիմակով մեկ ուրիշը հետևից մոտենում է լրագրող Մակե Չիխլաձեին և նրան գցում ասֆալտի վրա։ Դրանից հետո հեռուստաընկերության երկու աշխատակիցներն էլ դաժան ծեծի են ենթարկվում։

Վերջին երկու օրերին երեկոյան հանրահավաքների ժամանակ առհասարակ բացակայում են ոստիկաններն ու հատուկ տեխնիկան, և ցուցարարները բերման կամ ծեծի են ենթարկվում տուն վերադառնալիս։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ ցույցերի ողջ ընթացքում բերման է ենթարկվել 300-600 քաղաքացի, նրանց 65 տոկոսը նշել է ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի ենթարկվելու մասին, իսկ մեկ անձ դեռևս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Բերման ենթարկվածների շրջանում կան երաժիշտներ, գրողներ, ուսանողներ, ինչպես նաև սահմանափակ կարողություններով անձինք։

Ձերբակալվածներից 30 հոգու դեմ քրեական գործ է հարուցված՝ հիմնականում ոստիկանության աշխատակիցների դեմ հարձակման և բողոքի ակցիաների ժամանակ հրկիզման միջոցով գույքը վնասելու մեղադրանքներով։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ, իր տվյալներով, ապակառուցողական ուժերը պլանավորում են մինչև դեկտեմբերի 14-ը ցույցերի ժամանակ առավելագույնս սրել իրավիճակը երկրում՝ ընդհուպ մինչև մարդկային զոհերի հասցնելով։

«Ապակառուցողական ու հանցավոր գործունեության կազմակերպիչները պլանավորում են խաթարել Վրաստանի նախագահի՝ 2024 թ․-ի դեկտեմբերի 14-ին անցկացվելիք ընտրական գործընթացը։

Այդ նպատակով հանցագործության կազմակերպիչները դիտարկում են իրավիճակի առավելագույն սրման հնարավորությունը, որի համար պետք է 2-3 մարդ զոհվի»։

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը նաև վարկած է առաջ քաշել, որ հանրահավաքների տարածքում լրագրողների հարձակումները նույնպես ցույցերի կազմակերպիչների կողմից են ծրագրավորվել։ Ընդ որում՝ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը չի մեկնաբանում, թե այդ դեպքում ինչո՞ւ ոստիկանները օգնության չեն հասել և ոչ մեկին բերման չեն ենթարկել։

Այս ամենին զուգահեռ մեկ իշխող կուսակցությունից կազմված նորընտիր խորհրդարանը սկսել է աշխատել։

Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանքը» 88 «կողմ» ձայնով առաջին ընթերցմամբ փոփոխությունների փաթեթ է ընդունել, որն արգելում է ակցիաների ժամանակ պիրոտեխնիկա, լազերներ կիրառել, ինչպես նաև ինչ-որ ձևով փակել դեմքը։ Ինչպես նաև խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծ է ընդունել, որի համաձայն Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական լիազորությունների ավարտից հետո կորցնում է պետանվտանգության ծառայությունից օգտվելու իրավունքը։

Վրաստանի ցույցեր՝ խորհրդարանի շենքի դիմաց

Ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում՝ ընդդեմ ուժայինների պատի, դեկտեմբերի 4

ԵՄ արձագանքը

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կողմից ԵՄ-ին և ԱՄՆ-ին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» լիդերների նկատմամբ՝ ստիպելով նրանց զիջումների գնալ։

«Իշխանությունը պետք է պատժամիջոցների ենթարկվի՝ քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին ցուցաբերվող ճկուն և աճող ժողովրդավարական աջակցությանը զուգահեռ», -դիմելով ԵՄ-ին՝ ասում են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հույս հայտնելով, որ Վրաստանի նոր ղեկավարի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբեռնաթափվեն: Սակայն հիմքեր չկան ենթադրելու, որ Թրամփը կաջակցի «Վրացական երազանքին», ավելի շուտ՝ հակառակը։

Դեկտեմբերի 8-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Խորքային զրույց նախագահներ Թրամփի և Մակրոնի հետ. [Ես] պատեցի գողացված [խորհրդարանական] ընտրությունների և Վրաստանի ժողովրդի նկատմամբ ծայրահեղ տագնապալի բռնաճնշումների մասին։ Ընդգծեցի ԱՄՆ ուժեղների անհրաժեշտությունը. վրացի ժողովուրդը Դոնալդ Թրամփի նման ընկեր ունի։ Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրում է Զուրաբիշվիլին։

Սամոլե Զուրաբիշվիլիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, դեկտեմբերի 8, Ֆրանսիա

Դեկտեմբերի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի միջև։

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնը «դատապարտում է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը, ինչպես նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները»։

Մակրոնը պահանջել է ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին և կոչ է արել հարգել խոսքի և հավաքների ազատությունը՝ հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչ վերաբերում է Վրաստանի դեմ կոնկրետ պատժամիջոցներին, ապա ԱՄՆ Պետդեպարտամենտը նախ նոյեմբերի 30-ին հայտարարեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կասեցման մասին, իսկ դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ արգելվում է ամերիկյան վիզաների տրամադրումը «նրանց, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության հիմքերը խարխլելու մեջ, կամ ներգրավված են այդ գործում»։

Հետևելով ԱՄՆ-ին՝ Եվրամիությունը նախատեսում է նմանատիպ սահմանափակումներ մտցնել՝ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին և վիզային ռեժիմի ազատականացման հարցում ձախողման կամ առաջընթացի բացակայության պայմաններում  Վրաստանում «որոշ կատեգորիայի անձանց» համար կասեցնելով առանց վիզայի ռեժիմը։

Կավելաշվիլիի ընտրությունները

Հաջորդ շրջադարձային պահը Վրաստանում դեկտեմբերի 14-ին կայացած նախագահական ընտրություններն էին, որոնցում իշխող կուսակցությունը որպես Վրաստանի նախագահի միակ թեկնածու ներկայացրեց Միխայիլ Կավելաշվիլիին։

Կավելաշվիլին նախկին ֆուտբոլիստ է, որը չունի բարձրագույն կրթություն և իր քաղաքական կարիերայում հայտնի է արևմտյան գործընկերների դեմ ուղղված հնչեղ հայտարարություններով, ինչպես նաև «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին աջակցությամբ։

Այլ թեկնածուներ չկային, և նրա օգտին քվեարկեցին հակասահմանադրական խորհրդարանի՝«Վրացական երազանք» կուսակցության անդամները, քանի որ ընդդիմության առաջնորդները հրաժարվել էին օգտագործել իրենց մանդատները խորհրդարանում։

Կավելաշվիլիի՝ Վրաստանի նախագահ ընտրվելու նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան Ռուսթավելի պողոտայում կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։

«Ցավոք, պետք է նշել, որ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս կան որոշակի ուժեր, որոնք վերջին օրերին փորձում էին անկարգություններ առաջացնել։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ դիմել ձեզ՝ մեր երկրի քաղաքացիներին և ասել, որ երկրում անպայման կլինի խաղաղություն, զարգացում, և կկատարվեն այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են եվրաինտեգրման ճանապարհով առաջ գնալու համար», -ասել է Կախա Կալաձեն։

Իր հայտարարության վերջում Կալաձեն երկրի բնակիչներին կոչ է արել դեկտեմբերի 14-ին ընտանիքներով, «երեխաներով ու թոռներով» գալ խորհրդարանի դիմացի հրապարակ։ Հենց այնտեղ, որտեղ 14 օր շարունակ բռնության ու բերման են ենթարկվում ժողովրդավարական արժեքների կողմնակիցները։

«Այնպես որ եկեք միասին վառենք մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը և երազանք պահենք մեր հայրենիքի բարօրության համար»։

Սակայն տոնածառի լույսերի վառումը հետաձգվեց, քաղաքապետի խոսքով, «արմատական ​​ընդդիմության հանրահավաքի» պատճառով։ Տոնածառի լույսերն, այնուամենայնիվ վառվեցին, սակայն դեկտեմբերի 16-ին՝ առանց հատուկ արարողությունների։

Իրավիճակն ընտրություններից հետո

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ համաձայնության են եկել Վրաստանում 2024 թ․-ի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ իրականացված բռնաճնշումների համար պատասխանատու մի շարք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Վրաստանի ներքին գործերի նախարարին, ինչպես նաև Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն Միրզա Կեզևաձեին։

Մեծ Բրիտանիան նաև պատժամիջոցներ է ներդրել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի ու վրացի ևս չորս պաշտոնյաների դեմ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատժամիջոցները «հակավրացական» քայլ է անվանել՝ ևս մեկ անգամ Արևմուտքին մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ պետությունը կփոխհատուցի «բոլոր վնասները», որոնք կարող են կրել պատժամիջոցների ենթարկված անձինք։

Նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաները շարունակվում են և փաստացի Վրաստանի մշակութային կյանքի բաղադրամաս են դարձել։ Ցույցի են դուրս գալիս տարբեր շրջանների, մասնագիտություների ու ենթամշակույթների ներկայացուցիչներ։ Ակցիաները տևում են ողջ օրը, ապա երեկոյան ժամերին կենտրոնանում են խորհրդարանի դիմաց։

Իսկ իշխող կուսակցությունը հերքում է ցույցերի բազմամարդությունը։ Կոբախիձեն, խոսելով դեկտեմբերի 21-ի բազմահազարանոց ցույցի մասին, որին մասնակցում էին երկրի բոլոր կողմերից հավաքված քաղաքացիներ, հայտարարել է, որ մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել մոտ 3000 քաղաքացիներ։ Իրականում Թբիլիսիի կենտրոնում տասնյակ անգամ ավելի շատ մարդ կար, ինչի մասին կարող են վկայել պողոտան հսկող տեսախցիկները։ Քաղաքի գլխավոր պողոտան ամբողջովին լցվել էր բողոքող քաղաքացիներով։

Սալոմե Զուրաբիշվիլին, հաջորդ օրը ելույթ ունենալով ցուցարարներով լեփ-լեցուն քաղաքի կենտրոնում, հայտարարել է․ «Թեև դուք այստեղ ընդամենը 300 հոգի եք, թեև մեր բեմը, խոսափողներն ու հնարավոր ամեն ինչ խլվել են՝ արդեն երկու անգամ, թեև խոստացել էին, որ ես շուտով կհայտնվեմ ճաղերի հետևում, բայց, միևնույն է, մենք չենք վախենում»:

Նույն ելույթում Զուրաբիշվիլին կոչ է արել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին մինչ դեկտեմբերի 29-ը՝ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, հանդիպել իր հետ պալատում։

Թե կոնկրետ ինչ սպասել դեկտեմբերի 29-ին, դեռ հայտնի չէ։ «Վրացական երազանքը» Սալոմե Զուրաբիշվիլիին սպառնում է բանտարկությամբ, եթե նա մնա իր պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո։ Զուրաբիշվիլին իր հերթին չի պատրաստվում նահանջել և հայտարարում է նոր խորհրդարանական ընտրություններ նախապատրաստող խորհուրդ ստեղծելու` իր ծրագրերի մասին։

Ֆիլիպ ԾԵՐԵԹԵԼԻ

TOKTV

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031