Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի նոր կենտրոնում ամփոփեց մրցաշրջան 2024-ը: Ասուլիսն անցավ մասնագետի եւ մարզական լրագրողների միջեւ որոշակիորեն լարվածության մթնոլորտում, քանի որ պարոն Ալավերդյանը ոմանց մեղադրեց ոչ այնքան պրոֆեսիոնալ լինելու մեջ:
Անցնելով բուն թեմային՝ Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ 2024 թվականը իր համար շատ բերքառատ էր: «Ինչո՞ւ: Որովհետեւ մասնակցել ենք հինգ խոշոր մրցման: Քիչ մեդալ ենք բերել աշխարհի առաջնությունից, բայց՝ աննախադեպ Հայաստանի համար, քանի որ ծանր քաշային կարգում Հայաստանը ոչ կապիտալիզմի ժամանակ, ոչ սոցիալիզմի եւ ոչ էլ հիմա չի ունեցել աշխարհի չեմպիոն: Այս տարի ունեցել ենք: Մրցաշրջան 2024-ում ունեցել ենք 136 մեդալ: Մասնակցել եւ հաղթել ենք աշխարհի գավաթում, մասնակցել ու հաղթել ենք Եվրոպայի առաջնությունում՝ բերելով չորս ոսկե մեդալ, օլիմպիական խաղերում դուք տեսաք, թե ինչ կատարվեց եւ այլն: 136 մեդալից 57-ը ոսկի է, 39-ը՝ արծաթ, 40-ը՝ բրոնզ: 30 անգամ ամբողջ աշխարհին ու Եվրոպային պարտադրել եմ մեր հիմնը լսել: Շարունակեմ:
Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում միավորներով մենք գրավեցինք առաջին տեղը, չնայած մեկ մարզիկ վնասվածքով դուրս մնաց: Այսինքն, եթե մենք մեկ կամ երկու հոգով պակաս մասնակցեինք, միեւնույն է, իմ թիմի դեմ կանգնող չկար: Իսկ աշխարհում գրավել ենք 4-րդ տեղը»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Նա ցույց տվեց մի փաստաթուղթ, որը վկայում է, որ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան իրեն ճանաչել է Եվրոպայի լավագույն մարզիչ:
Կարդացեք նաև
Նա նաեւ պարզաբանեց, որ շատերը երբեմն ոսկե մեդալ հաշվում են միայն երկամարտի արդյունքը. «Դրա համար եմ ես այսքան ժամանակ ասում, որ միայն օլիմպիական խաղերում է երկամարտի մեդալը մեկ մեդալ համարվում: Մնացած բոլոր դեպքերում թե պոկումի, թե հրումի, թե երկամարտի ոսկե մեդալները ունեն միեւնույն արժեքը՝ 18-ական միավոր»:
Վերլուծելով Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդների հարաբերական անհաջող մրցելույթները՝ Փաշիկ Ալավերդյանը հատուկ նշեց. «Մի քանի մարզիկներ զրո ստացան, իսկ Գարիկ Կարապետյանը՝ վնասվածք, որովհետեւ ծանրամարտում մարզիկը իրավունք ունի տարվա մեջ խոշոր մրցումների մասնակցել ընդամենը երեք անգամ եւ մեկ անգամ էլ՝ անցողիկ: Իսկ սա մեր չորրորդ շատ խիստ ծանրաբեռնված մրցումն էր: Մարզիկներին ոչ մի ամիս հանգիստ չենք տվել: Ո՞վ էր ասում, որ օլիմպիական տարում աշխարհի առաջնություններ անցկացվեն:
Մեր չմասնակցելը ամոթ կլիներ, քանի որ մենք անցած տարվա աշխարհի չեմպիոն թիմն ենք միավորների հաշվարկով: Եվ ես ցանկանում էի հնարավորինս լավագույն ձեւով մասնակցել նաեւ այս առաջնությանը: Սակայն իմ առջեւ առաջինը ոտք գցեց Սիմոն Մարտիրոսյանը, որը վերջին պահին, երբ արդեն ճամպրուկները հավաքել էինք, ասաց, որ չի գալիս, որովհետեւ մեջքը ցավում է: Գարիկը լավ պատրաստված էր եւ եթե վնասվածք չստանար, առաջին տեղով կարող էր ընթանալ»:
Մասնագետը իր անհամաձայնությունը հայտնեց Հայաստանի՝ տարվա լավագույններին որոշելու նոր ձեւաչափի հետ:
Խոսելով գալիք ծրագրերի եւ ծանրորդներից ակնկալվող արդյունքների մասին՝ Փաշիկ Ալավերդյանը ասաց, որ, մասնավորապես, Գարիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում պիտի հաջող մասնակցի. «Ալեքսանդրա Գրիգորյանը, Էմմա Պողոսյանը գալիք օլիմպիական խաղերում շատ մոտ պիտի լինեն մեդալային պայքարին: Գարիկ Կարապետյանը հաջորդ օլիմպիական խաղերում իր անունը կարող է ոսկե տառերով գրել եթե շատ լսի լսի ինձ: Նույնը Գոռ Սահակյանը, որը Բահրեյնում հանդես եկավ նոր քաշային կարգում ու 10 կգ բարելավեց իր արդյունքը: Դե, Վարազդատ Լալայանի մասին ասելիք չկա»,-ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ