Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի ազգականը վերադարձավ Գյումրու քաղաքապետարան․ նա նոր պաշտոն ստացավ

Դեկտեմբեր 25,2024 18:13

Մի քանի օր է ՝ Aravot.am-ը ահազանգեր էր ստանում այն մասին, որ Գյումրու նախկին ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը՝ Վահագն Մկրտչյանը և Արթուր Պապիկյանը վերադարձել են Գյումրու քաղաքապետարան, զբաղեցնում են իրենց հին առանձնասենյակները, սակայն անհասկանալի է՝ ինչ իրավունքով։

Հիշեցնենք՝  նրանք « Բալասանյան դաշինքը» ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղակալներն էին, որոնք հեռացան պաշտոնից՝ «Բալասանյան դաշինք»-ՔՊ հուշագրի խզման արդյունքում։

Այսօր էլ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտնվեց լուսանկար, որտեղ երկու նախկին փոխքաղաքապետերը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ ընդունել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ՎԶԵԲ գործառական ղեկավար Ռուդիկ Թադևոսյանին (տես լուսանկարում)։ Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, մասնակիցները քննարկել են ծրագրի նոր փուլի մեկնարկը։

Aravot.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ Վահագն Մկրտչյանից (նա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է):

Նա տեղեկացրեց, որ նշանակվել է Գյումրու համայնքի ղեկավարի օգնական, ի պաշտոնե է մասնակցել այսօրվա քննարկմանը։

Վահագն Մկրտչյանն ասաց, որ Գյումրու համար այս ծանր շրջանում փորձում է օգտակար լինել քաղաքի բնակիչներին։ Նա հերյուրանք որակեց այն լուրերն ու համացանցում սկիզբ առած քննարկումները, թե ինքը տեղավորվել է փոխքաղաքապետի առանձնասենյակում, ասաց, որ իրեն հատկացվել է համայնքապետի օգնականի առանձնասենյակը, այնտեղ է գործունեություն ծավալում, և որ ցանկացած մեկը կարող է գնալ, տեսնել։

Գյումրու  նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանն էլ պարզաբանեց, որ ՎԶԵԲ գործառական ղեկավարի հետ հանդիպմանը մասնակցել է որպես Գյումրու ավագանու անդամ։

Մեր տեղեկություններով, նախքան Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրությունները, Արթուր Պապիկյանը ևս պաշտոն կզբաղեցնի Գյումրու քաղաքապետարանում․ ամենայն հավանականությամբ կնշանակվի համայնքապետի խորհրդական։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ այս փուլում իրավունք չկա փոխքաղաքապետեր նշանակել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031