Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ և «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի մասնակցությամբ Երևան քաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հավերժացնելով հիշողությունը» խորագիրը կրող կրթական միջոցառումը: Միջոցառման նպատակը երեխաների մեջ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման գաղափարի ձևավորումն էր՝ ապրիլքսանչորսյան ծաղիկներից հավաքված ծաղկաթերթիկներին երկրորդ կյանք տալու միջոցով:
Միջոցառման ընթացքում երեխաները նախ լսեցին ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանին, որը ներկայացրեց ծաղիկների խորհուրդը և խոսեց Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման մասին: Ապա աշակերտները մեծ ոգևորությամբ «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի աշխատակիցների օգնությամբ իրենց ձեռքերով պատրաստեցին ծաղկաթերթեր, որոնք հետագայում կդառնան շնորհակալագրեր, հուշագրեր կամ բացիկներ՝ իրենց մեջ կրելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման խորհուրդը:
Միջոցառման ավարտին ՀՑԹԻ-ի տնօրենի անունից թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանին հանձնվեց ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագիր՝ այս միջոցառմանը դպրոցի մասնակցության համար:
Կարդացեք նաև
ՀՑԹԻ-ն իրականացնում է դպրոցականների համար մշակված կրթական ծրագրեր, որոնք նախատեսված են 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Այս միջոցառումը հնարավորություն տվեց ավելի փոքր տարիքի երեխաներին ևս ներգրավել Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման առաքելությանը:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-րդ ամյակի կապակցությամբ:
ՀՑԹԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ