Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կրկին կկանգնի դատարանի առջև։ Այսօր Քննչական կոմիտեն մի գործ է ուղարկել դատարան, որը վերաբերվում է Կարապետ Պողոսյանի՝ տարիներ առաջ կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․ «Նիկո՛լ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։
Ընդդիմադիր քաղաքական գործչի կինը՝ Անգին Մալխասյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում քննիչը դիմել է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել փորձագետի եզրակացությունը, ըստ որի՝ Կարապետ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, և միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած փաստացի չկա որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործն ուղարկվի դատարան, ՀՀ Գլխավոր դատախազությունը պնդել է, որ այն չպիտի կարճվի և Քննչական կոմիտեին ստիպել է ուղարկել դատարան։
Կարդացեք նաև
«Այս գործը դատարան ուղարկելով՝ գլխավոր դատախազն էլ գուցե անթաքույց կամ գուցե զգուշավոր ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններն իսկապես անեծք են մեր ժողովրդի գլխին։ Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ կա փորձագետի կողմից տված հստակ եզրակացություն, որտեղ փորձագետը ոչ միայն եզրակացության մեջ, այլ հարցաքննության ընթացքում պնդում է, որ այս արտահայտությունների մեջ չի կարող լինել որևէ հանցակազմ, չկա բռնության կոչ, չկա բռնության քարոզ, ատելության խոսք, լավագույն դեպքում ընդամենը կարող է դիտարկվել անեծք, և այս ամենը որ ուղարկվում է դատարան, հերթական անգամ ապացուցվում է այն փաստը, որ Կարապետ Պողոսյանն այս պահին հանդիսանում է քաղաքական բանտարկյալ և քաղհալածյալ և իշխանությունների կոկորդին կանգնած մարդ, ոսկոր, գուցե շատ փոքր, բայց ցավոտ ոսկոր»,-ասաց Անգին Մալխասյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Կարապետ Պողոսյանին զրկել է ամենակարևոր ազատությունից՝ խոսելու, կարծիքը բարձրաձայնելու, հարցազրույցներ տալու, սոցցանցերում հրապարակումներ կատարելու իրավունքից, այդ պատճառով նրանից մեկնաբանություններ հնարավոր չէ ստանալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իր դավաճանության համար ժողովուրդը նիկոլին այնքան հայհոյանքներ է տվել, որ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան այդ գրառումը կարելի է նույնիսկ համարել նիկոլին արված կոմպլիմենտ: Դե գլխավոր դատախազուհին գործը դատարան ուղարկելով ընդամենը իր ստրկական հավատարմությունն է փորձում ապացուցել իրեն այդ պաշտոնին նշանակած տիրոջը: