Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշված ժամանակաշրջանում այն կազմել է 28 մլրդ 179.6 մլն դոլար։
Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 15.6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 27․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 918.4 մլն դոլար։
Ընթացիկ տարվա 11 ամիսներին արտահանումն աճել է 73.9 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 307.8 մլն դոլար։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 19․6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 35 տոկոսով։ 2024-ի նոյեմբերին արտահանման ծավալը եղել է 752.1 մլն դոլար։
Կարդացեք նաև
Ներմուծումն այս տարվա 11 ամիսներին 41.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 15 մլրդ 871.8 մլն դոլար։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 12․8, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 21․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին ներմուծումը գնահատվում է 1 մլրդ 166.3 մլն դոլար։
Հունվար-նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը եղել է 392.38, իսկ նոյեմբերին՝ 388.97 դրամ։