Այսօր հրավիրած ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրումը։
«Մենք աջակցել ենք առողջապահության նախարարությանը վերլուծական աշխատանք կատարելու մեջ։ Աշխատել ենք նաեւ նախագծման փուլում եւ տարբեր փուլերում մեր կարծիքներն են հայտնել դրա վերաբերյալ։ Մենք մասնակցել ենք համապարփակ ապահովագրության հետ կապված բոլոր հաշվարկները նայելու, ստուգելու եւ մեր սցենարներն առաջարկելու աշխատանքին։ Բայց այստեղ, երբ խոսքը գնում է առողջապահական համակարգի պատրաստվածության հետ կապված, մենք կարծիք հայտնել չենք կարող, որովհետեւ առողջապահության մասնագետներ չենք։ Այստեղ խնդիրը համակարգի պատրաստվածությանն էր վերաբերում, որի պատճառով որոշում է կայացվել այս պահին դա չանել։ Ես, ճիշտն ասած, ձեր փոխարեն լինեի, կուրախանայի դրանից, ոչ թե կտխրեի»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարը հավելեց՝ երբ կառավարությունը կորոշի, որ ծրագիրը պատրաստ է գործարկման, այն ժամանակ էլ կգործարկվի։ Որոշ սցենարներ կան, որոնց ուղղությամբ քննարկումներ են ընթանում։ Ըստ Հովհաննիսյանի՝ ճիշտ կլինի, որ առողջապահության նախարարությունը հայտարարի փաթեթների եւ արժեքների մասին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ