«Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով որոշել ենք այլեւս չհրապարակել այն ընկերություններից ցանկը, որտեղ գնալու ենք ստուգումներ իրականացնելու։ Նրանք, ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին իրենց զգում»,- այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ շրջանառության հարկ վճարողները հիմա փաստաթղթավորման պահանջ չունեն, բայց 2025 թվականից կունենան նաեւ փաստաթղթավորման պահանջ։ «Այսինքն՝ եթե ՊԵԿ-ը որեւէ տեղ ստուգում իրականացնի եւ առանց փաստաթղթի ապրանք հայտնաբերի, դրա համար հավելյալ 20 տոկոս հարկ պետք է վճարի տնտեսվարողը»,- ասաց նա։
Վահե Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ տարբեր գործողություններով փորձում են ստվերի դեմ պայքարն արդյունավետ դարձնել։ «Այո, հնարավոր է, ինչ-որ մարդիկ դեռեւս կարողանան գործել ստվերային դաշտում։ Բայց այդ ստվերային դաշտում գործելն ավելի ռիսկային եւ ավելի ծախսատար է դարձել»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ է թերակատարվել այս տարվա բյուջեն։ «Բյուջեն կատարվել է ավելի փոքր տոկոսով, թեեւ նոմինալ առումով ավելի բարձր ցուցանիշներ ունենք։ Սա պայմանավորված է մեր հարկային եկամուտների ավելի ցածր մակարդակով, որը 2024 թվականին կլինի մոտավորապես 200 մլրդ-ով ավելի ցածր, քան պլանավորված էր։ Եվ այս առումով մենք փորձել ենք զսպել ծախսերի կատարումը, որպեսզի հավելյալ խնդիրներ չունենանք»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ բյուջեի թերակատարման վրա ազդել է նաեւ այն գործոնը, որ տնտեսական աճը սպասվածից դանդաղ է եղել։ Նրա խոսքով՝ կառավարությունում կարծում են, որ հարկերի հավաքման մակարդակը համահունչ է տնտեսական զարգացման ցուցանիշներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ