Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքի ստեղծագործությունները գրվում էին քովիդի օրերին՝ կլինիկայում հերթապահությունների ժամանակ

Դեկտեմբեր 25,2024 11:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս կյանքը սիրելու մասին է,

իսկ քեզ սիրելը` կյանքը պաշտելու…

Այս տողերը վերջերս հրատարակված «ԱմենաԿՆՈՋԸ» պոեզիայի ժողովածուից է։ Հեղինակը երիտասարդ բանաստեղծ Թադևոս Ծպնեցյանն է։ Վերջինս բանաձևում է. «Իմ սիրելու արվեստից մի բուռ մարմին ու շունչ է առել…»։

 

 

Հեղինակի հավաստմամբ՝ բառ կոչվող կավը այս գրքում սիրուն է հունցված, այն ունի հստակ բույր, համ, շունչ ու նայվածք, անգամ քայլվածք ունի, որը հատուկ է միայն իրեն։

-Ընթերցողի սրտին հասնելու հստակ ճանապարհ ունի, որն արդեն սահուն կերպով անցնում է։ Սիրո մասին իմ քչախոսություններն են այս գրքում, իմ սիրո արվեստից ծաղկաքաղ է արված ու գիրք դարձրած։ Ի վերջո, անմիտ բան կլինի փորձել կնոջը ճանաչելու վրա ծախսել ողջ ժամանակը, փոխարենը կարելի է սիրել, շատ սիրել, անպարագիծ սիրել ու երջանկությունն իր ոտքով հյուր կգա ձեզ,-ասում է Թադևոս Ծպնեցյանը։

Ժողովածուն ընդգրկում է հեղինակի՝ վերջին երեք տարիներին գրված սիրային բանաստեղծությունները, որոշ մասը ընթերցողին ծանոթ է սոցիալական հարթակներում հայտնի «ռԷ_անիմացիա» շարքից։ Շարքի ստեղծագործությունները գրվում էին քովիդի օրերին՝ կլինիկայում հերթապահությունների ժամանակ՝ համանուն բաժանմունքում։

-Ինձ հաճախ էին հարցնում՝ վերակենդանացման բաժանմունքում ո՞նց կարելի է խոսել սիրո մասին, երբ ցանկացած պահի կարող ես մահվան ականատես լինել։ Բայց մոռանում էին կամ չգիտեին, որ նման ծանր վիճակում հայտնված մարդիկ ոչ միայն կյանքն ու սիրելու վառ օրինակներ են, իրենցից շատ բան կար սովորելու, ես իմ բաժին դրականը ստանում էի թե’ բուժառուներից, թե’ կատարած բարեխիղճ աշխատանքիցս։ Արդյունքում նոր գործեր էին ծնվում,-վերհիշում է երիտասարդ հեղինակը և վստահեցնում՝ այս կյանքը սիրելու մասին է։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031