Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը մեր հանդիպման ժամանակ նվիրեց գրքեր, որոնք վերահրատարակել է մեծանուն բանաստեղծի, հայրիկի 110-ամյակի առթիվ:
«Իրիկնահաց»-ի, որը տպագրվել էր 1977 թվականին, վերահրատարակումը հովանավորել էր ծանրամարտի աշխարհի եռակի չեմպիոն Էրիկ Ասատրյանը, «Տոհմի կանչը», որը տպագրվել էր 1981-ին, վերահրատարկել է բարերար Գագիկ Ծառուկյանը, իսկ «Մայրամուտից առաջ»-ը, որը տպագրվել էր 1964-ին, վերստին տպագրվեց շնորհիվ Սահակ Էքշյանի:
«Համո Սահյան պոեզիայի կենտրոնի» նախագահ Նաիրի Սահյանն ասում է, որ հիմնականում այդ գրքերը բաժանում է նրանց, ովքեր սիրում են Սահյանի պոեզիան, բաժանում է դպրոցներին, ուսումնական հաստատություններին. «Տալիս եմ մարդկանց, ովքեր հետաքրքրվում են պոեզիայով»:
Նաիրի Սահյանն ասում է, որ այս տարի բացի երեք գրքերի վերահրատարակումից, 110-ամյակի շրջանակներում եղել է Սյունիքում, երկու անգամ Սիսիան է գնացել ցերեկույթների, իսկ ԿԳՍՄ նախարարությունը չի մերժել, հովանավորել է իր այցերը. «Սահյանին չեն մերժում»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Նա ափսոսանքով է հիշում այն ժամանակները, երբ Սահյանին տպագրում էին 40-60 000 տպաքանակով, հիմա տպագրվում է 500-1000 տպաքանակով, դեռ չբաժանած, զանգում ասում են, էլի են ուզում…
Թոշակառու Ն. Սահյանի համար դժվար է տեղից տեղ գնալը, հյուրանոց, դահլիճներ վարձելը, դերասաններ հրավիրելը:
Նա բերեց մի օրինակ, երբ Ֆիլհարմոնիկը մեկ միլիոնից ավելի գումար էր ուզել վարձակալելու համար, իսկ դա նշանակում էր, թե տոմսի արժեքը մոտ տասր հազար դրամ էր լինելու:
«Այս շուկան իմը չի, ես չեմ հասկանում նման բաները, մի կողմից ես անվճար բաժանում եմ հոգու հաց՝ պոեզիա, մի դեպքում, այդ Հացի համար գումար են կրակում»:
Նա մտադիր է գալիք տարի, չնայած առկա դժվարություններին, շարունակել վերահրատարակման սուրբ գործը, որը շեշտում է՝ արվում է որակով, Սահյանին վայել:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ
24.12.2024