«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն է:
– Փաշինյանը խոստովանում է՝ «մեծ սխալ» է գործել, որ ժողովրդին անկեղծորեն չի ասել, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն («Արցախ» չի ասում) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա նաեւ բանավեճի է հրավիրել ՀՀ նախկին նախագահներին՝ իր ասածը հիմնավորելու համար: Ընդդիմախոսների արձագանքը հեգնական է ու բացասական: Մոռացե՞լ է բանակցությունները սեփական՝ զրո կետից սկսելու մասին:
– Մեծ սխալ գործած ղեկավարները մեծ սխալն ընդունելուց հետո հրաժարական են տալիս, ուրիշներին բանավեճերի չեն հրավիրում։
– Աշխարհն էլ լուռ է. համաշխարհային խաղացողները «գնդակը թողել են» Հայաստանի եւ Ադրբեջանի դաշտում: ՌԴ-ն, օրինակ, չի էլ թաքցնում, որ բոլոր պայմանավորվածությունները վերապահված են Երեւանին եւ Բաքվին: Արեւմուտքում խառն են՝ Ուկրաինա, Իսրայել, Սիրիա…
Կարդացեք նաև
– Մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ մի շատ տարրական, բայց շատ կարեւոր բան։ Աշխարհը կամ այդ աշխարհի մաս կազմող որեւէ երկիր մեզ օգնության կգա միայն այն դեպքում եւ այն չափով, որը համապատասխանում է իր շահերին։ Եթե մեջտեղը որեւէ շահ չկա, մեր սիրուն աչքերի համար, մեր` քաղաքակրթությանը մատուցած ծառայությունների համար, ինչ-որ անհասկանալի բարոյական պարտավորություններից ելնելով մեզ ոչ ոք չի օգնելու։ Կարող են, իհարկե, «Լը Մոնդում» ու «Նյու Յորք Թայմսում» մեզ կարեկցող հոդվածներ գրել, նույնիսկ իրենց խորհրդարաններում մեր դեմ արված մեր հակառակորդների վայրագությունները դատապարտել, բայց լուրջ աջակցություն չի լինելու, եթե շահ չկա, ու, առավել եւս՝ եթե հակառակորդիդ հետ ընդհանուր շահեր ունեն։ Բայց դրանից զարմանալ ու նեղանալ չի կարելի, դա ընդամենը պետք է ի գիտություն ընդունել ու համապատասխան հետեւություններ անել։
Հիմա՝ ռուսների ու Արեւմուտքի մասին։ Ռուսները բավականին երկար ժամանակ լրջորեն շահագրգռված էին Թուրքիայի ու վերջինիս արեւմտյան դաշնակիցների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները շահագործելով, ելնելով նույն Արեւմուտքի` Ռուսաստանի դեմ որդեգրած ագրեսիվ պահվածքից։ Մոտավորապես 2010-ից սկսած, դա բավականին հստակորեն ուրվագծվում էր։ Ռուսաստանը նաեւ շահագրգռված էր այն բանում, որ Ադրբեջանը չորդեգրի Արեւմուտքի հետ մերձենալու նույն քաղաքականությունը, ինչպես դա արել էին Ուկրաինան ու Վրաստանը։ Այդ զարգացումները ենթադրում էին մի քաղաքականություն մեր տարածաշրջանում, որը որեւէ կերպ չէր կարող լինել անվերապահորեն պրոհայկական եւ որը ենթադրում էր ահագնացող ճնշում Արցախի հարցը լուծելու ուղղությամբ։ Մենք որոշեցինք գլուխներս ավազի մեջ թաղել ու դա չտեսնել։ Շարունակեցինք փարված մնալ Արցախում ստատուս քվոն պահելու անհեռանկար քաղաքականությանն ու մեր ձեռքով մեր գլխին բերեցինք 2020-ի աղետը։ Հետո նեղացանք ռուսներից ու մեղադրեցինք նրանց` մեզ լքելու մեջ։ Որոշեցինք, որ պիտի սաբոտաժ անենք խաղաղ կարգավորման գործընթացը, որը ոտնահարում էր Ռուսաստանի շահերը։
Այնպես որ, շատ զարմանալ պետք չէ, որ ռուսներն ասում են` не хотите, как хотите։ Հիմա էլ որոշել ենք, որ Արեւմուտքը պատրաստ է մեզ տալու բաներ, որ ռուսները չեն տալիս, չնայած Արեւմուտքից ոչ մի նման ազդանշան չկա, եթե մի կողմ դնենք Մակրոնի ու ԱՄՆ-ում մի երկու կոնգրեսականի պարբերական սիրո խոստովանություններն առ հայ ժողովուրդ։ Որոշել ենք, որ կարող ենք Արեւմուտքի հետ ստրատեգիական հարաբերություններ կառուցել, չնայած ռուսները դա սպառնալիք են համարում, ու չնայած աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները։ Բայց, այս ամենով հանդերձ, տակավին ակնկալում ենք, որ ռուսները պիտի անվերապահորեն մեզ աջակցեն ու այդ ակնկալիքին չհամապատասխանող ամեն նոր քայլ ու հայտարարություն Ռուսաստանի կողմից ընկալում ենք որպես հաստատում այն պնդման, որ ռուսները մեր թշնամիներն են։ Այնպես որ, աշխարհի լռությունը չէ խնդիրը։ Աշխարհն ինչ-որ բաներ մեզ ասում է, նույնիսկ եթե երբեմն այդ բաներն ուղիղ չի ասում։ Խնդիրը լսելու ու ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է։
Արա ԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից