Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը»

Դեկտեմբեր 25,2024 13:00

Սվետլանա Նավասարդյանի համերգը՝ նվիրված Կոմիտասին

2024 թվականը կոմիտասական է: Լրանում է հայ ազգային դասական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակը: Յուրաքանչյուր արվեստագետ իր խոնարհումն ու մեծարանքի խոսքն է ուղղում Կոմիտասին: Տարին նշանավորվում է համերգային, գիտական, փառատոնային տարաբնույթ միջոցառումներով: Ինչ խոսք, մշակութային կյանքում  իրադարձություն է, երբ  Վարդապետին անդրադառնում է համաշխարհային մեծության եւ վաստակի երաժիշտը:

2024 թվականի հոկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հայ կատարողական արվեստի մեծանուն ներկայացուցիչ Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին:  Նավասարդյանի բեմելը իրադարձություն է աշխարհի հեղինակավոր հարթակների համար: Դաշնակահարուհու քարտեզագրությունն ընդգրկում է աշխարհի շուրջ քառասուն երկիր: Սվետլանա Նավասարդյանը Հայաստանի միջազգային մրցույթի առաջին դափնեկիր-դաշնակահարուհին է, Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Լայնահայաց ու բացառիկ գիտելիքների տեր Նավասարդյանը վարպետության դասեր է տալիս Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս. Մոնրեալի համալսարանում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Վայմարի ակադեմիայում,  Դույսբուրգի երաժշտական համալսարանում, Փարիզի «Մորիս Ռավել» կոնսերվատորիայում: Դաշնակահարուհին նաեւ գեղանկարչության գիտակ է,  ինչի վկայությունն է Սորբոնի համալսարանի համբավավոր ակադեմիկոս Ժան Պյեռ Մահեի ղեկավարությամբ նրա ուսումնասիրական հետաքրքրությունը «փարիզյան դպրոցի» հայ նկարիչներ Ե. Քոչարի, Գ. Յակուլովի արվեստի հանդեպ:

Հայ կոմպոզիտորական դպրոցի բազմաթիվ մեծանուն կոմպոզիտորներ (Գ.Հովունց, Է. Բաղդասարյան, Տ. Մանսուրյան, Ա. Չաուշյան, Վ. Շարաֆյան) դաշնակահարուհուն են նվիրել իրենց դաշնամուրային կոնցերտներն ու մանրանվագները:

Սվետլանա Նավասարդյանի կոչումներն ու մրցանակները թվարկելը՝ կլրացներ մեր ասելիքի կեսը:

Տաղանդավոր դաշնակահարուհին դեռեւս պատանեկան տարիքից, համբավավոր երաժիշտ-մանկավարժ Վաչե Ումր-Շատի մասնագիտական դասարանում, աչքի ընկնելով բացառիկ աշխատասիրությամբ՝ հմտանում էր կատարողական արվեստի մեջ: Մասնագիտական հետագա կատարելագործումը ստանալով մեծանուն  Յակով Զակի դասարանում, Սվետլանա Նավասարդյանը կես դարից ավելի մեծանուն երաժիշտներին հիացրած եւ Հայաստանն աշխարհին ներկայացնող լավագույն արվեստագետներից մեկն է: Նավասարդյանը կատարողական արվեստի իմաստուն վարպետներից է, հայկական  դաշնամուրային նվագի Տիրուհին:

Դաշնամուրային մենահամերգը դարեր ի վեր համարվել է կատարողական արվեստի բարձրաշխարհիկ եւ բարդ ոլորտը: Կոմպոզիտորի ներաշխարհը թափանցող երաժիշտը պետք է օժտված լինի առանձնահատուկ վարպետությամբ, ունկնդրին՝ ստեղծագործողի աշխարհ  ներգրավելու տաղանդով, ես կասեի՝ կախարդանքով:

Նավասարդյան-Անհատականությունը կատարողական իր վարպետության մեջ կարող է դրսեւորել նաեւ «կախարդական ժեստի» արվեստը: Դաշնակահարուհու հպումը գործիքին արագ է ու աննկատ, իսկ հնչարտաբերումը՝ մաքուր, ճշգրիտ ու արտահայտիչ: Մեկ ժեստի միջոցով, Սվետլանա Նավասարդյանը բացում է տարբեր դարաշրջանների ու ոճերի կոմպոզիտորների երաժշտության գաղտնարանները:

Կոմիտաս Վարդապետին նվիրված համերգի ծրագիրն ընտրված էր որոշակի տրամաբանությամբ. Ավստրո-գերմանական դպրոցից դեպի Կոմիտաս:

Հայտնի էր Վարդապետի՝ դասական եւ ռոմանտիկական դպրոցի ավանդույթների խոր իմացությունը: Կոմիտասի գրադարանը հագեցած էր Բախի, Մոցարտի, Շուբերտի, Շումանի եւ Վագների պարտիտուրներով: Կոմիտասյան խմբերգերի կառուցողական ոճը եւս՝ բեռլինյան կրթության արգասիք է:

Գերմանական երաժշտության փայլուն գիտակ եւ մեկնաբան է նաեւ  Սվետլանա Նավասարդյանը, ում նվագացանկն ընդգրկում է 60-ից ավելի դաշնամուրային կոնցերտ, այդ թվում՝ Բախի, Մոցարտի (բոլոր  27-ը), Բեթհովենի բոլոր կոնցերտները։ Բախի կոնցերտների շարքի կատարման համար Նավասարդյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի։

Մենահամերգի առաջին բաժինը  Սվետլանա Նավասարդյանն ազդարարեց Վ.Ա. Մոցարտի ռե-մինոր Դաշնամուրային Ֆանտազիայով, որը հանճարեղ ավստրիացու ամենայուրօրինակ ստեղծագործություններից մեկն է: Ազատ ձեւի մեջ գրված Ֆանտազիան աչքի է ընկնում մեղեդային անզուգական գեղեցկությամբ եւ  մետրա-ռիթմիկ փոփոխական, փխրուն նկարագրով: Դաշնակահարուհին իր բացառիկ  երաժշտականությամբ վերարտադրում էր ոչ միայն անկայուն ռիթմերի բաբախյունը, այլեւ մոցարտյան ելեւէջների նրբին տատանումները:

Երկրորդ ստեղծագործությունը՝ Ռ. Շումանի «Դավիդսբյունդլերների պարերը» ռոմանտիզմի ժառանգության ամենացայտուն եւ նորարարական գործերից է: Պարերը ստեղծվել են Ռ. Շումանի կյանքի ամենածաղկուն շրջանում: Ժամանակին, Ռ.Շումանի միջազգային մրցույթի խստապահանջ ժյուրիին հիացրած եւ հաղթող ճանաչված Սվետլանա Նավասարդյանն այսօր էլ զարմացնում է գերմանացի ռոմանտիկի իր համարձակ մեկնաբանություններով: Կոմպոզիտորի «Դավիդսբյունդլերների» 18 պարն աչքի է ընկնում պոլիֆոնիզացված հյուսվածքով, կետագծային ռիթմիկ բանաձեւերով, պոլիմետրիկ զուգորդումներով ու կոնտրաստային թեմաների երկխոսությամբ: Շումանի մտահղացրած կերպարները՝ բռնկուն Ֆլորեստանն ու քնարական Էվսեբիոսը, քմահաճ կամ քնարական իրենց բնութագրերով, դաշնակահարուհու պատկերավոր մատուցմամբ անցնում էին մեկը մյուսի հետեւից, ինչպես թատերական փայլուն ներկայացման մեջ խաղացող կերպարներ:

Համերգի երկրորդ բաժնում հնչեցին Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային Յոթ պարը եւ Յոթ երգը:

Կոմիտասի դաշնամուրային պարերն առանձնահատուկ տեղ են գրավում կոմպոզիտորի երաժշտական ժառանգության մեջ: Ոչ մեծաքանակ այդ երկերի հիմքում ընկած են ժողովրդական պարեղանակներ:

Կոմիտասյան դաշնամուրային պարերում ազգային ոճը հասել է բարձր հղկվածության, երաժշտական լեզվի յուրաքանչյուր տարրի կատարյալ մշակվածության: Դրանք Կոմիտասի նվիրումի ստեղծագործություններն են: Պարերի գերակշիռ մասը կանացի մենապարեր են. «Մանուշակի», «Ունաբի», «Մարալի», «Շուշիկի» ու «Երանգի», իսկ Կոմիտասյան  Յոթ երգի ձայնակարգային եւ  ֆակտուրային առանձնահատկությունները պահանջում են կատարողական առանձնակի վարպետություն, դետալիզացիա:

Կոմիտասի պարերը հայ բոլոր դաշնակահարների (եւ ոչ միայն հայ) եւ իհարկե՝ Սվետլանա Նավասարդյանի երկացանկի ամբաժանելի մասն են կազմում: Կոմիտասի ստեղծագործությունների մեկնաբանումը Սվետլանա Նավասարդյանի կողմից մի առանձին ուսումնասիրության նյութ է, քանզի մենք գործ ունենք կոմիտասագետ -դաշնակահարուհու հետ:

Մինչ համերգին ներկա լինելը, ես կարդացել էի Նավասարդյանի՝ Կոմիտաս Վարդապետին նվիրված էսսեն: Հիացած էի դաշնակահարուհու՝ Կոմիտասին ճանաչելու եւ հասկանալու խորքերով, կոմիտասյան հնչյունների անբասիր աշխարհը ներթափանցելու նրա կարողությամբ:

Դաշնակահարուհին՝ երաժշտի իր բացառիկ ինտուիցիայով, կատարողական վարպետության բարձունքներից յուրովի է բացահայտում Կոմիտասի երաժշտության. «նվազագույն արտահայտչամիջոցներով  առավելագույն արտահայտչականության» հասնելու հանճարեղ բանաձեւը: Ագոգիկ եւ դինամիկ շեշտերի  յուրօրինակ խաղը, մեղեդային գիծը շշուկով արտաբերելու հնարանքը, դադարները «լսելու» դաշնակահարուհու կարողությունը որոշ դրվագներում՝ պարզապես հիացնում են: Նավասարդյանը կատարողական արվեստում կերտում է իր Կոմիտասականը, կատարումից-կատարում ավելի հղկելով, բյուրեղացնելով «Իր Կոմիտասին»: Նա իր կատարմամբ բացում է կոմպոզիտորի մտքի խտանյութը, նոր երանգավորում տալով կոմիտասյան հնչյունին:

«Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը… Աղբյուրների կարկաչյունն առած ու բույրը դաշտի ծաղիկների, մաքրությունը վաղորդյան ցողի, խնդում է նա ու թախծում, երգում անավարտ ցաքուցրիվ թափվող անձրեւի կաթիլների… Անհնար է հաղորդել այն հրճվանքը, որ ապրեցի թափանցելով կոմիտասյան երաժշտության խորքերը։ Իմ առջեւ, թվում էր, հետզհետե բացվում էին կոմիտասյան ջինջ հոգու ծալերը, պատկերը տալիս հայրենիքիս բնության ու ժողովրդիս»,-խոստովանում է Նավասարդյանը:

Կոմիտասի երաժշտության մեջ դաշնակահարուհին լսում է Նարեկացու «Մատյանի» արձագանքները:

«Կոմիտասի ծայր աստիճանի թափանցիկ ֆակտուրայում (բանվածքում) ճշգրտված է յուրաքանչյուր հնչյուն, յուրաքանչյուր դադար։ Կոմպոզիտորը հատուկ գորովանքով իմաստալցնում է ինտոնացիան, «խոսում» յուրաքանչյուր զարդանախշի հետ։ Դե իսկ ժողովրդական գործիքների հնչողությունը նմանակելու նրա հղումներից արեւելյան երանգ է ստանում «եվրոպացի» դաշնամուրը»,-իր էսսեում գրում է Նավասարդյանը:

Խոհա-փիլիսոփայական  այսպիսի ընդգրկումներով, Նավասարդյանը համերգին նորովի է կատարում Վարդապետի Յոթ երգն ու Յոթ պարը, դրանք մեկնաբանելով մեկ շնչով, առանց դադարի, մեկը մյուսին կապելով, ինչպես մետաքսահյուս գծերով    ամբողջացող խաչազարդ պատկերներ:

Յոթ պարից հետո, Ս. Նավասարդյանը հնչեցրեց նաեւ Վարդապետի հազվադեպ կատարվող «Տողիկ» փոքրիկ պիեսը, որը Կոմիտասը գրել է 1915 թվականին: Կոմիտասյան այս գողտրիկ մանրանվագի լադային եւ ինտոնացիոն կառույցը հիշեցնում է «Ակնա երգերի» բնորոշ դարձվածները: Եվ շատ կարեւոր է կատարման մեջ պահել ֆորշլագների այն ինքնատիպ խաղը, որոնք ամբողջացնում են «տողիկների» արանքում հնչող թեման:

Համերգի ավարտին, հանդիսատեսի ծափերի պահանջով Սվետլանա Նավասարդյանը կատարեց Կոմիտաս Վարդապետի «Գարուն ա»-ն: Որպես ազգային վշտի վեհության թեմա հնչեց այդ ստեղծագործությունը: Դաշնակահարուհու մատների նրբին, աննկատ հպումները, հյուսեցին հայկական խորանների անձեռակերտ հյուսվածքները, օդը ողողելով կոմիտասյան անզուգական հնչյունների կախարդանքով:

Սվետլանա Նավասարդյանի մենահամերգ-նվիրումը Վարդապետին, կոմիտասյան տարվա իրադարձություններից էր, որին կրկին ականատես լինելու պահանջը մշտապես զգալու է մշակութասեր ու բարեկիրթ լսարանը:

Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտագետ, կոմիտասագետ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031