Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են անհեթեթությունները լցնում օրակարգը

Դեկտեմբեր 25,2024 10:00

Փաշինյանի ամենօրյա ելույթները նախեւառաջ բավարարում են հասարակության «ռեալիթի շոուների» պահանջարկը: Տարբեր երկրներում կան հայտնի մարդիկ (օրինակ, Քիմ Քարդաշյանը), որոնք ամեն օր սոցցանցերում հրապարակումներ են անում, թե ինչ են կերել նախաճաշին, ինչպես են գնացել լողավազան կամ ինչպես են դայակները խնամում իրենց երեխաներին: Տվյալ դեպքում իշխող զույգը ոչ միայն «սելեբրիթի» է, այլեւ՝ քաղաքական միավոր, եւ բնական է, որ նրանց կենցաղի նկարագրությունը պատճառ է դառնում ոչ միայն գովասանքների, այլեւ անեծքների:

Բայց, անկախ էմոցիաների դրական կամ բացասական լինելուց, բուռն քննարկումն ու հասարակության ուշադրությունն ապահովված է: Դրան զուգահեռ՝ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անհեթեթ հայտարարություններ է անում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման 30-ամյա պատմության մասին, եւ դրանով դարձյալ լցնում է օրակարգը՝ ստիպելով, որ ընդդիմախոսները դրանց պատասխանեն՝ հատկապես, երբ բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին: Եթե առաջին դեպքում նա պարզապես ուշադրություն է շեղում մեր երկրի հրատապ խնդիրներից, ապա այս պարագայում նա փորձում է իր վրայից ջնջել հազարավոր երիտասարդների նահատակվելու եւ ազգային նվաստացման պատճառ դառնալու խարանը, ինչն, ի դեպ, պատմության տեսանկյունից անհնարին է:

Սակայն ինձ, ճիշտն ասած, հետաքրքիր չէ, թե ինչպես է Հայաստանը մեծ աղետի հասցրած մարդը փորձում արդարանալ կամ շեղել հասարակության ուշադրությունն այդ աղետից: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է քաղաքացիների զգալի մասը ոչ միայն հանդուրժում, այլեւ երկրպագում նրան: Կասկածում եմ, որ նիկոլական ընտրազանգվածին հուզում է Արցախի շուրջ բանակցությունների թեման, կամ նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է նախատեսում կարգավորման այս կամ այն տարբերակը: Նրանց կբավարարի այն թեզը, որ «Լեւոնը, Ռոբերտը, Սերժը Ղարաբաղն էն գլխից հանձնել էին», եւ ոչ մի փաստ, որն այդ անհեթեթությանը հակասում է, նրանք չեն ուզում լսել: Հիմնական արդարացումը, սակայն, մնում է նույնը. «Նախկինները թալանել են, զենք չեն առել, բա խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»: Որեւէ թիվ կամ փաստ դրա համար նույնպես պետք չէ:

Կոնկրետ բանավեճի հրավերը, որի վերաբերյալ կասկած չկար, որ կմերժվի, նպատակ ունի առաջացնել նիկոլական զանգվածի հետեւյալ արձագանքը. «Էդ մարդը ասել ա՝ էկեք տղամարդավարի ապացուցեք, որ Արցախը չեք հանձնել: Տղա էիք, գայիք ապացուցեիք»: Այնպես որ՝ Փաշինյանը գիտի, թե ո՛ր լսարանի համար է աշխատում, որովհետեւ հստակորեն պատկերացնում է այդ լսարանի իրազեկության աստիճանը եւ մտավոր մակարդակը:

Իսկ բանավեճը… Հայաստանում դրա «ընթացակարգը» հետեւյալն է՝ երկու կամ մի քանի հոգի միաժամանակ գոռգոռում են եւ թույլ չեն տալիս, որ դիմացինը խոսի: Այս վիճակում հաղթում է նա, ով ավելի բարձր է գոռում: Մի տեսակ չեմ պատկերացնում նախորդ երեք նախագահներից եւ ոչ մեկին ճվճվացողի դերում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031