Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձեւ ընդունեց
Միջազգային հանրության կողմից վերջերս Արցախի շուրջ եւ արցախահայության խնդիրների նկատմամբ ցուցաբերած բավական մեծ ուշադրության ականատես ենք դառնում: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը թեժ է պահում Արցախի խնդիրը, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները ապագայում կարող են էլ ավելի սաստկանալ:
Եվրախորհրդարանն անցյալ շաբաթ բանաձեւ ընդունեց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որում հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Եվրամիությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Բանաձեւի տեքստում հիշատակվում են նաեւ հայ ռազմագերիները, նշվում է, որ Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալներ կան, ինչպես նաեւ 23 հայ ռազմագերիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները:
Կարդացեք նաև
Համաձայն բանաձեւի՝ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է ադրբեջանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների, խոսքի եւ խաղաղ հավաքների ազատության շարունակական խախտումները, ինչպես նաեւ քաղաքական դրդապատճառներով արդարադատության համակարգի չարաշահումները։
Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ դադարեցնել այլախոհների նկատմամբ բռնաճնշումները եւ անվերապահորեն ազատել բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական եւ այլ ակտիվիստներին, որոնք հետապնդվում են շինծու, քաղաքական մեղադրանքներով»։
Եվրոպական խորհրդարանը բանաձեւում նաեւ պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության ցանկացած համաձայնագիր, ներառյալ էներգետիկայի վերաբերյալ համաձայնագրերը, պետք է որպես պայման ունենան Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների հարգումը եւ բոլոր քաղբանտարկյալների ազատումը։ Եվրոպացի պատգամավորները բանաձեւում Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը:
ԱՄՆ սենատում ներկայացվեց Արցախում էթնիկ զտումները դատապարտող եւ արցախահայության վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձեւի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը եւ Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ են անում Ալիեւի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվող հայերին, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարությանը հորդորում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։
Մեկնաբանելով բանաձեւի նախագծի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է սենատորներ Փիթերսի եւ Քեսիդիի կողմից Սենատում բանաձեւի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության եւս մեկ նշան: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները եւ կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձեւը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության եւ արդարության ամուր շրջանակ, նկատել է Համբարյանը:
Բանաձեւի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նշել է. «Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային էներգիայի պատճառով, բայց Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։
Ներկայացված բանաձեւով մասնավորապես առաջարկվում է՝
-Արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։
-Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։
-Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
-Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
-Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձեւ) կիրարկում։
-Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։
-Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակմանը:
-Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։
Բանաձեւի տեքստում հատուկ անդրադարձ կա հայ ռազմագերիների խնդրին, որի համաձայն պահանջում են ամերիկյան միջնորդություն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։
Բանաձեւում նաեւ ընդգծվում է՝ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին
Միացյալ Նահանգները շարունակելու է հետեւողականորեն կոչ անել Ադրբեջանին՝ հարգելու մարդու իրավունքները, այդ թվում՝ բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, եւ շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, լրագրողների հետ ճեպազրույցում անցյալ շաբաթ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին հարցին։
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որեւէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսնում եք, որ մենք հետեւողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգելու իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք գիտեք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, եւ մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,-նշել է Պետքարտուղարության խոսնակը։
Լրագրողը, մասնավորապես, օրինակ էր բերել Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերին, որին Ադրբեջանը մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը եւ խախտում նրա հիմնարար իրավունքները։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ արդյո՞ք քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացը, Մեթյու Միլլերը՝ առանց մանրամասնելու դիվանագիտական զրույցները, նշել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների շուրջ ԱՄՆ կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Ֆլետչերը նաեւ պահանջել է ամսական պարբերականությամբ տրամադրել տեղեկություններ Դավիթ Իշխանյանի հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերաբերյալ: Նամակում նշվում է. «2019-ին ես եւ իմ մի քանի տասնյակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանյանի հետ մեր Դաշնային խորհրդարանում։ Հենց այս պատճառով նրա ձերբակալության եւ կալանքի պայմանները հատկապես մտահոգիչ են ինձ համար»: Փոլ Ֆլետչերը նամակը եզրափակել է հետեւյալ հայտարարությամբ. «Աշխարհը հետեւում է Ադրբեջանին։ Ավստրալիան հետեւում է Ադրբեջանին»: Իսկ Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել էր Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Իր նամակում Սուկկարը դեսպանությանը տեղեկացրել է Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին եւ հորդորել ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վերաբերյալ:
Միջազգային հանրության կողմից այս ակտիվությունը Հայաստանի իշխանությունների կողմից չպետք է անտեսվեն: Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգ են առաջ մղում Ադրբեջանի հետ` արցախահայության իրավունքների պաշտպանությունը Հայաստան պետության համար արժանապատվության հարց է: Ի վերջո այս ազդակներից օգտվելը ու Ադրբեջանին պահանջներ ներկայացնելը Հայաստանի դիրքերն է ամրապնդելու, ոչ թե` հակառակը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2024