Ինչի մասին էր զգուշացնում Մակրոնը 2019 թվականին
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանին Եվրոպայից դուրս մղելը մեծ ռազմավարական սխալ է, որովհետեւ դրանով մենք մղում ենք Ռուսաստանին մեկուսացման կամ այլ՝ Չինաստանի նման խոշոր տերությունների հետ ալյանսի, իսկ դա բացարձակապես մեր շահերից չի բխում»: Եթե որեւէ հայ «քաղաքագետ», «ստատուսագիր» կամ «մեկնաբանագիր» նման բան կարդար, ապա նա, չխորանալով այդ մտքի մեջ (իսկ համացանցում տեքստեր կարդացողների 90 տոկոսը հենց այդպես էլ կարդում են), կարձանագրեր, որ գրողը «ռսաստրուկ» է: Մինչդեռ այդ մտքի հեղինակն է արեւմտյան ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նման զգուշացում նա արել է 2019 թվականի օգոստոսի 27-ին՝ ելույթ ունենալով իր երկրի դիվանագետների առաջ: Որպեսզի համատեքստը պարզ լինի, նշենք, որ ելույթը տեղի է ունեցել ֆրանսիական Բեարից քաղաքում կայացած առավել զարգացած երկրների՝ «7-յակի» գագաթաժողովից ուղիղ մեկ օր անց:
Մակրոնն իր այդ ելույթում նշում էր, որ Արեւմուտքի «հեգեմոնիայի» վերջն եկել է, եւ մեծ խաղի մեջ ներգրավված են առնվազն երկու խոշոր խաղացող՝ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց Արեւմուտքը թերագնահատում էր: Ֆրանսիայի նախագահը կարծում էր նաեւ, որ շուկայական հարաբերությունները՝ այն տեսքով, որ ձեւավորվել են Եվրոպայում եւ Եվրոպայի համար, այս իրավիճակում նույնպես խարխլվում են:
«Լսենք ելույթները Հունգարիայում եւ Ռուսաստանում, – շարունակում է Մակրոնը, – այդ նախագծերը բազմաթիվ տարբերություններ ունեն, բայց իրենց մեջ մշակութային եւ քաղաքակրթական ուժ են պարունակում, որն անձամբ ես սխալ եմ համարում, բայց դա կարող է նաեւ ոգեւորել»:
Կարդացեք նաև
Իհարկե, 5 տարում շատ բան է փոխվել: Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, եւ հռետորաբանությունը դրանից հետո չէր կարող չփոխվել. խոսքը բոլոր առաջնորդների մասին է, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի: Ոչ ոք եւ ոչ մի բան չի կարող արդարացնել Պուտինի ձեռնարկած բարբարոսական ագրեսիան, որը խեղեց հարյուր հազարավոր, գուցե միլիոնավոր մարդկանց կյանքը: Բայց եկեք մտածենք, թե ինչու իրականացվեց եւ իրականացվում է վատագույն սցենարը, եւ արդյո՞ք բոլոր կողմերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, ավելի կոնկրետ՝ Բայդենի վարչակազմն, ամեն ինչ արեցին, որպեսզի այդ աղետալի պատերազմը չսկսվի:
Եթե առավել ընդհանուր նայենք՝ արդյո՞ք այն դոգմաները, որոնք ձեւակերպվել են ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի օրոք եւ որոնցով առաջնորդվում է Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի մի մասը, վերանայման ենթակա չեն: Խոսքն, իհարկե, ոչ թե մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին է, որոնք անսակարկելի են, այլ այն յուրահատուկ՝ իրական լայնախոհությունից եւ հանդուրժողականությունից հեռու «ինստրուկցիաների», որոնք ամբողջ աշխարհը, չգիտես ինչու, պետք է կատարի: Աֆղանստանում, օրինակ, կային մարդիկ, որոնք այդ «դեղատոմսերը» լուրջ էին ընդունել, իսկ հետո, երբ 2021 թվականի ամառվա վերջին ամերիկացիները հապճեպ հեռանում էին այդ երկրից, քիչ էր մնում ինքնաթիռի պոչից կախվեին: Որովհետեւ գիտեին, թե թալիբներն իրենց համար ինչ դաժան ճակատագիր էին պատրաստել:
Արդյո՞ք դա նշանակում է, որ թալիբները եւ այլ ծայրահեղական զինյալները կամ Կրեմլը «ճիշտ են»: Ո՛չ, իհարկե: Բայց դա նշանակում է, որ աշխարհը փոխվել է, եւ չի կարելի միջազգային եւ ներազգային հարաբերությունները մեկնաբանել 1990 թվականի կարծրատիպերի պատկերացումներով:
Եվս մի օրինակ: Միլիարդատեր Իլոն Մասկը, որն, ըստ ամենայնի, կարեւոր դեր է խաղում ընտրված նախագահ Թրամփի թիմում, հրապարակավ սատարում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը վերջերս զգալի հաջողությունների է հասել եւ, հնարավոր է, 2025-ի փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնի՝ հետեւում թողնելով սոցիալ-դեմոկրատներին: Ասում են, որ AfD-ն «ծայրահեղ աջ» կամ անգամ «նեոֆաշիստական» կազմակերպություն է, բայց դա նույնպես, կարծում եմ, 1990-ականների սկզբի կլիշեներից է: Գերմանիայի եւ ընդհանրապես Արեւմտյան Եվրոպայի իրական, ոչ «գրանտային» ժողովրդավարությանը ոչինչ չի սպառնում:
…Մակրոնն իր այդ ելույթում խոսում է «եվրոպական ինքնիշխանության» մասին: Կարծում եմ, հաջորդ տարի Ֆրանսիան եւ Գերմանիան, որպես ԵՄ-ի ամենաազդեցիկ երկրներ, քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Բացառված չէ, մասնավորապես, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ի դերը նվազի, եւ ԵՄ-ն փորձի ստեղծել իր սեփական ուժեղ ռազմական կառույցը: Ի դեպ, սպասելի է, որ Թրամփն այդ գաղափարին կողմ կլինի:
Մի խոսքով, Էմանուել Մակրոնը ոչ միայն մեր բարեկամն է, այլեւ բավականին հեռատես քաղաքական առաջնորդ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2024