Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի տարածքային՝ Կումայրու, Մուշի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Անիի բաժինների պետերին:
Մարզպետը կարևորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորումն ու համակարգում տեղի ունեցած բարեփոխումները՝ վստահություն է հայտնել, որ արմատական փոփոխությունները, որոնց ձեռնամուխ է եղել Կառավարությունը, կլինեն արդյունավետ։
«Որպես Շիրակի մարզպետ միանշանակորեն ընդգծում եմ՝ շուրջօրյա ռեժիմով պատրաստ եմ համագործակցության, յուրաքանչյուր ժամի հասանելի եմ, և օպերատիվ իրավիճակով պայմանավորված, նաև պատրաստ աջակցելու, լիազորությունների շրջանակում սատար կանգնելու ձեզ։ Ինձ համար առաջնային է մարզում օրենքի գերակայությունն ու արտոնյալների բացակայությունը։ Վստահ եմ՝ այս հարցում համակարծիք ենք։ Համագործակցության առողջ մթնոլորտում հաստատ կկարողանանք նոր արդյունքներ ունենալ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի տարածքային բաժինների պետերը շնորհակալություն են հայտնել Դավիթ Առուշանյանին բարձր վստահության համար՝ նշելով, որ ամենայն պատրաստակամությամբ են աշխատում և այսուհետ էլ անելու են հնարավորը արդյունավետ աշխատանք իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, մարզպետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պաշտոնյաներին նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում կարևոր պայման է բոլոր պատասխանատու կառույցների գործակցված աշխատանքը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ