ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին ներկայացվել են հայերենի ուսուցման չափորոշիչների հիմնական սկզբունքները։
«ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը, որի իրականացմամբ մեր լեզուն ևս կլինի չափելի, համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական: Այն հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային հարթակ, որտեղ ստուգման արդյունքները կլինեն թափանցիկ:
Ծրագրի միջոցով և՛ հայազգիները, որոնց առաջին լեզուն հայերենը չէ, և՛ օտարները մեր երկրում կրթության իրավունքն իրացնելիս, աշխատանքային հարաբերություններում, հանրային կյանքի այլ ոլորտներում կկարողանան ստուգել լեզվի մակարդակը: Այս նախաձեռնությունը կարևոր է միգրացիոն քաղաքականության և բուհերի ընդունելության առումով, քանի որ այս գործիքի բացակայությունը մեծ խոչընդոտ է նշված գործընթացներում»,- նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով հայերենի ուսուցման ու հավաստագրման համակարգի միասնական չափորոշիչները։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծրագրի ընդգրկվածությանը՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն համակարգի մշակմամբ, այն թվային աշխարհում հայերենի նկարագրվածության և կենսունակության բարձրացմանն ուղղված մեծ ծրագրի մաս է, որը մեկնարկելու է 2025 թվականին. «Ծրագիրը հնարավորություն կտա ավելի զարգացած տեխնոլոգիաներով թեստավորման և ստուգման համակարգ ունենալ ապագայում»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն