Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին կարող էր դառնալ այլընտրանք Թբիլիսիին, բայց մենք ասում, մենք լսում ենք»․ Գոռ Թորոսյան

Դեկտեմբեր 24,2024 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զգալի թվով գյումրեցիներ Ամանորը նշում են Թբիլիսիում, մի մասն էլ՝ Եգիպտոսում։

Ըստ նրա, Վրաստանի քաղաքական խառը իրավիճակն անգամ հետ չի պահում մեր համաքաղաքացիներին տոներն այնտեղ անցկացնելու։

«Ամեն տարվա պես, այս տարի էլ դեպի Թբիլիսի հոսքը շատ է: Ճիշտ է՝ Թբիլիսում սպասարկման գները բարձրացել են, բայց Հայաստանի հետ համեմատ, դրանք էական թանկացումներ չեն։

Եթե հիմա զանգահարեք Հայաստանի հայտնի զբոսաշրջային վայրեր, ամանորյա փաթեթի արժեքը նախորդ տարվա 450 հազար դրամի փոխարեն ձեզ կասեն գրեթե 1 միլիոն դրամ, իսկ Թբիլիսիում 10-15 հազար դրամով են թանկացումները։

Դեպի Թբիլիսի մեր բոլոր փաթեթները սպառված են, ես չհանդիպեցի գեթ մեկին, որ վախենար, մտահոգվեր Թբիլիսում կատարվող քաղաքական իրադարձություններից, ծեծուջարդն անգամ հետ չի պահում մեր քաղաքացիներին Վրաստանի մայրաքաղաք գնալու։

Թբիլիսին միշտ գրավիչ է, և՛ ճանապարհն է բավական մոտ, և՛ հայկական հետքը դեռ չի վերացել, հայերի կապն այս քաղաք հետ խորն է։ Նույնիսկ հայ-վրացական սահմանի կուտակումները հետ չեն պահում մարդկանց այնտեղ գնալու․ կան մարդիկ, որոնք ավել գումար են տալիս, մի օր առաջ են գնում, ասենք՝ դեկտեմբերի 30-ին, որ սահմանային հերթերի մեջ չհայտնվեն։

Գյումրիում՝ Հայաստանի մյուս տեղանքների հետ համեմատ, գները ցածր են, կարող են Ամանորը գալ, մեր քաղաքում նշել, բայց մարդիկ գերադասում են Թբիլիսին։

Վրաստանի մայրաքաղաքի տոնական զարդարանքը մեծ դեր է խաղում։ Գյումրեցիներից շատերն ասում են՝ էսքան աղքատության մեջ ի՞նչ ենք անում ճոխ, շքեղ տոնածառը, զարդարանքը, չեն մտածում, որ դրանք զբոսաշրջիկներ կբերեն մեր քաղաք։

Վստահորեն կարող եմ ասել, որ Գյումրին, չլինելով մայրաքաղաք, կարող էր այլընտրանք դառնալ  Թբիլիսիին, հատկապես, երբ Վրաստանի մայրաքաղաքում սպասարկումը բարձրակարգ չէ։ Մեր կոլորիտային քաղաքը քիչ ծախսերով կարելի էր դարձնել մրցակցային, բայց ով է լսում, մենք ասում, մենք էլ մեզ լսում ենք ու ամեն անգամ վատամարդ ենք դառնում։

Էդ նույն Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայի շքեղ զարդարանքն է զբոսաշրջիկներին գրավում, նրանք էլ մի քանի տարի գովազդներ տվեցին միջազգային հեռուստաընկերություններին ու այսօր էլ  տարածաշրջանում ամենագրավիչ են։

Ես անցած տարի Ամանորին Թբիլիսիում էի, կայանված 10 մեքենաներից 7-ը հայերինն էր,մինչդեռ ոչինչ չէր խանգարում մեր կառավարությանն ու մեր քաղաքի իշխանությանը տոներին տնտեսական մեծ շարժ ապահովել նաև մեր քաղաքում, մեր երկրում։

Չնայած իրատեսական դժվար թե դառնա մեր ցանկությունը, քանի որ 2025 թվականի առաջին օրվանից հարկերը թանկանում են, իսկ սա լուրջ հարված կլինի փոքր ու միջին բիզնեսին»։

Գոռ Թորոսյանի ասելով՝ Վրաստանից հետո այսպես ասած միջին խավի համար գերադասելի երկրորդ երկիրը Եգիպտոսն է, փաթեթի գինը գրեթե կրկնակի բարձրացել է, բայց հոսքը դարձյալ մեծ է։

Հիշեցնենք, որ Գյումրու՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մշտապես հայտարարում էր, որ զբոսաշրջիկների քանակը ավելացնելու նպատակով Գյումրին գերշքեղ զարդարանք է ունենալու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031