Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Հանրային մեղադրողը ցանկանում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն»

Դեկտեմբեր 24,2024 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ շարունակվեց 2023 թվականին կառավարության շենքի մոտ սեպտեմբերյան հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների գործով դատավարության հերթական նիստը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Արցախը չհանձնողների գործ» անունով: Այդ ժամանակվանից այս գործով 11 անձ է անցնում:

Պաշտպանվող կողմի շահերը ներկայացնող փաստաբաններից Արսեն Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հասել ենք ապացույցների հետազոտմանը, մասնավորապես, վկաների հարցաքննությանը: Հարցաքննվեց մի վկա՝ Գուրգեն Կարոյանը: Դատախազությունը հակասություն էր տեսել նախաքննության ընթացքում եւ դատարանում տրված նրա ցուցմունքների մեջ: Նախաքննական ցուցմունքը հրապարակվեց եւ պարզվեց, որ ոչ մի հակասություն չկա: Ակնհայտ դարձավ, որ այն գործողությունը, որ արել էին քննչականում, ապօրինի գործողություն էր: Կանչել էին մարդուն, նկար էին տվել ու ասել՝ սա այսինչ անուն-ազգանունով այս մարդն է, դու ասա, որ իրեն ճանաչում ես: Այո, 15 տարի առաջ տեսել են իրար, կարծես, նույն թաղում են եղել: Այսինքն, քննչական այս գործողությունը ապօրինի ու անհասկանալի է, որը հետագայում կվիճարկենք»:

Իսկ այս նույն դրվագի մասին պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Հանրային մեղադրողը  ցանկանում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն»:

Շարունակելով վկաների հարցաքննության թեման՝ Արսեն Բաբայանը ասաց. «Մյուս վկայի պահով, որը Հայաստանի Հանրապետությունից բացակայում է, դատախազը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը, ես առարկեցի դրա դեմ, ինչը դատարանը բավարարեց և, ըստ էության, մերժեց դատախազի միջնորդությունը:

Կար նաեւ երրորդ վկա, որը անձնական, ընտանեկան պատճառներով  չէր կարողացել գալ: Դա հարգելի համարվեց: Նա խոստացել է, որ հաջորդ դատական քննությանը կմասնակցի հարցաքննությանը:

Հաջորդիվ հետազոտելու ենք իրեղեն ապացույցները, հետո տուժողներին ենք լսելու, հետո կլսենք մեղադրյալներին»,-ասաց Արսեն Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031