Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է միջնորդություն, որի նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին․ Monument Watch

Դեկտեմբեր 24,2024 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Monument Watch – Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը միջնորդությունում ներկայացվում է ոչ միայն որպես հումանիտար աղետ, այլև որպես տարածաշրջանային խորը ճգնաժամի և անարդարության դեմ պայքարի հրամայական, որը կարող է միաժամանակ հիմք դնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը:

Միջնորդության հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո. «Վախենալով 1915 թվականին հայերի դեմ իրականացված հերթական ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակվանից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերափոխվում են կեղծ փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ», ասված է միջնորդության տեքստում:

Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են պահպանել միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու իրենց իրավունքը:

Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքով և դիվանագիտական նորմերով։ Այս սկզբունքը հաստատվել է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային բանաձևերով, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի և Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտ և հոկտեմբերի բանաձևերով:

Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով (ICJ, Doc. No. 180-20231117-ORD-01-00-EN): Բացի այդ, Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունեց բանաձև, որով կոչ արեց Ադրբեջանին ծավալել համապարփակ և թափանցիկ երկխոսություն Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն էր հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության ներքո (Joint motion for a resolution RC-B9-0163/2024, para. 14):

Միջնորդության տեքստում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և համայնքային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները և հայկական ինքնության այլ խորհրդանիշները ոչնչացվում, փոփոխվում և յուրացվում են՝ խզելով տեղահանվածների և իրենց հայրենիքի միջև կապերը:

Բանաձևում նշվում է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ սոսկ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն է Հարավային Կովկասում կայունության համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էթնիկ խմբի բռնի հեռացման վրա կառուցված խաղաղությունն իրականում խաղաղություն չէ։ Չլուծված դժգոհությունները պարարտ հող են դառնում հետագա բռնության և անկայունության համար։ Եթե Ադրբեջանն անկեղծ է խաղաղության և հաշտեցման ձգտման իր պնդումներում, ապա նա պետք է նպաստի տեղահանված բնակչության վերադարձին՝ պահպանելով տարածաշրջանի մշակութային և պատմական ամբողջականությունը:

Միջնորդությունն անդրադառնում է նաև Շվեյցարիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ «Հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության ոլորտում Շվեյցարիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության տնտեսական շահերից է բխում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային ֆորումը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը։ Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր ապացուցված դերը՝ որպես չեզոք միջնորդ՝ նախաձեռնելու կառուցողական երկխոսություն հակամարտող կողմերի միջև):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031