Ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 19-ին քաղաքացի Ռոման Երիցյանից Պարեկային ծառայություն դիմում է ստացվել, որի հիման վրա նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն վարչական, այլեւ կարգապահական վարույթ կա:
Հիշեցնենք, որ պարեկները կանգնեցրել էին փաստաբան Ռոման Երիցյանի մեքենան՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենան վարելու կասկածով: Երիցյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ պարեկները սխալվել են իրենց կասկածների մեջ: Այնուհետեւ պարեկները Երիցյանին որոշել են տուգանել ամրագոտի չկապելու համար, տեղում կազմել են արձանագրություն:
«Տեսագրության մեջ տեսել եք, չէ՞, որ պարեկային ծառայողն ինձ պատասխանատվության է ենթարկում ընդամենը իբրեւ թե ամրագոտի չամրակապած վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար: Չնայած այդ կապակցությամբ ինքը որեւէ փաստական տվյալ չի ներկայացրել, նույնիսկ օրենսդրական նորմը չի կարողացել նշել, որով ինձ պատասխանատվության է ենթարկում, այնուամենայնիվ: Տեսագրությունից հստակ երեւում է, որ ըստ պարեկային ծառայողի, ինքը ինձ պատասխանատվության է ենթարկում 10.000 դրամի չափով մեկ տուգանային միավորի տեսքով: Բայց պարեկային ծառայության որոշումը, որ ստացել եմ, այնքան անգրագետ են, որ շփոթվել են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 123/3 հոդվածը (Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոսաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցները վարելը) վկայակոչելու փոխարեն վկայակոչել են 129/3 հոդվածը եւ միանգամից վեց ամիս կասեցում գրել: Փաստացի, ստացվում է, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել եմ ամրագոտիով չամրակապված երթեւեկելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոման Երիցյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ