Դեկտեմբերի 23-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» խորագրով քննարկմանը։ Ներկայացվել է քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը:
Պաշտպանը նշել է, որ պատասխանատու գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է խնդիրներին տալ պատշաճ լուծում։ Նա կարևորել է մասնավորապես իրավասու մարմինների ներկայացուցիչների՝ համապատասխան գիտելիքներ ունենալը, վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցությունը, աշխատանքում միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանական ուղեցույցների կիրառումը։
Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, թեև չնայած գրանցված տեսանելի առաջընթացին՝ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Նա նաև ընդգծել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունների և զեկույցների կարևորությունը։
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի (CPT) Հայաստան կատարած 6-րդ այցի ավարտին ներկայացված նախնական զեկույցին՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է:
ՆԳ նախարարության մշակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով փոխնախարարը նշել է նախաձեռնված այն աշխատանքները, որոնք նպատակ ունեն ապահովելու Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշները, որոնք պետության կողմից պետք է բավարարվեն։ Արձանագրությամբ հատկապես կարևորվում են ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի պատմության, անձի բժշկական զննության և դրա արդյունքների արձանագրման ու իրեղեն ապացույցների հավաքագրումը։
Կարդացեք նաև
Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված՝ միջազգային չափանիշներին համապատասխանող, այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների ձեռք բերումը և նշել, որ գործընթացը շարունակական է լինելու։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող տարբեր հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ