Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չենք ասում՝ երեք օրով ինձ բաց թողեք Բրյուսել՝ էս ձեզ տոմսը, հյուրանոցը, հրավերը, իրատեսական լուծում ենք առաջարկում»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Դեկտեմբեր 24,2024 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի սկզբում նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց Արմեն Աշոտյանին թույլատրել առցանց մասնակցել ԵԺԿ հավաքին կամ տեսաելույթ ուղարկել։

Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճում պարզաբանեց․ «Խոսքը ԵԺԿ-ի տարեսկզբյան հավաքի մասին է, որտեղ ես ներկայացնում եմ ՀՀԿ-ն 2012-ից։ Հավաքի օրակարգը նաև աղերսներ ունի ՀՀ-ի առաջ ծառացած անվտանգային խնդիրներին. որոշակի քաղաքական բովանդակության ուղերձներ հղելու հնարավորություն կա։ Հավաքը հունվարի 13-14-ին է։ Խնդրում ենք թույլատրել հունվարի 13-14 կամ տեսաելույթ ուղարկել, կամ առցանց մասնակցել միջոցառմանը։ Մեր միջնորդությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական գործունեության սահմանափակումների ժամկետների վերացման միջնորդությամբ, այլև ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներով, միջազգային հանրությանը համապատասխան տեղեկություններ հաղորդելու հնարավորությամբ։ Գումարային 7 ժամանոց առցանց մասնակցության թույլտվության մասին է խոսքը կամ տեսաելույթի՝ մինչև 3 րոպե։ ԵԺԿ անդամ 78 կուսակցություններից ոչ մի ներկայացուցիչ այս դատավարության հետ կապված քրեական գործով չի անցնում, ավելին՝ մի քանի հարյուր մասնակից է լինելու։ Իմ խոսքի բովանդակությունը բացառապես խարսխված է լինելու ՀՀ ազգային շահերի, պատկերացումների ներկայացման հնարավորության վրա»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց՝ այլ մասնակից կարո՞ղ է լինել այդ հավաքին, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Երբ Լևոն Արոնյանը լքեց ՀՀ շախմատի թիմը, թիմում խաղացողներից գուցե իրենից շատ ուժեղ, բայց երբեք առաջին խաղատախտակին չխաղացած մարդ կար։ Խնդիրն այն է, որ ես մասնակցեմ։ ՀՀԿ-ում ասում են՝ Если звезды зажигают-значит это кому-нибудь нужно։ Աստղեր է, որ վառում ենք։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ՝ այդ թվում Դուք, ունի իր շփման շրջանակը։ Հասկանալի է, չէ՞՝ մենք չենք միջնորդում, որ Դուք ինձ երկու օրով թողնեք Բրյուսել։ Խնդիրն այն է, որ իրատեսական լուծում ենք առաջարկում։ Չենք ասում՝ երեք օրով բաց թողեք Բրյուսել՝ էս ձեզ տոմսը, հյուրանոցը, հրավերը»։

Վահե Դոլմազյանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել՝ հաշվի առնելով, որ հունվարի 13-ին ունեն նշանակված դատական նիստ․ «Ժամանակ կա այդ հարցը քննարկելու։ Մենք հունվարի 13-ի առավոտյան դատական նիստ ունենք։ Եթե դատարանն այդ օրը որոշեց թույլ տալ օնլայն մասնակցել հավաքին, դա պատճառաբանություն չի կարող լինել, որ դատական նիստին չներկայանաք։ Սույն հարցին կանդրադառնանք հունվարի 13-ին, եթե Ձեր կողմից ներկայացվեն համապատասխան փաստաթղթերը»։

Արմեն Աշոտյանն ասաց․ «Դատական նիստին հանգիստ կարելի է մասնակցություն ապահովել։ ԵԺԿ հավաքը մեր ժամանակով երեկոյան է։ Եթե որոշում կայացնեք, որ բավարարում եք միջնորդությունը, կհասցնեմ անգամ տեսաձայնագրվել»։

Վահե Դոլմազյանը հայտնեց՝ այսօր պիտի շարունակվեր վկա Մելիք Սողոմոնյանի հարցաքննությունը։ Նա ներկա չէ նիստին։ Ուստի որոշեց դատական նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025-ի հունվարի 13-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031