Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է մշակել, որը վերաբերում է տրանսպորտի սակագնի նոր փաթեթը կասեցնելուն։ Այս մասին ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Սիրելի երեւանցիներ, ձեր 17 հազար ստորագրությունը պարունակող ավագանու որոշման նախագիծը վաղուց մուտք է արվել, եւ առնվազն տարակուսելի է, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգ չի բերվել։ Եվ այդտեղ հարց է առաջանում՝ եթե կարող է այլ տարբերակ գործի դրվել, ինչո՞ւ է հետաձգվել մինչեւ փետրվարի 1-ը։ Մենք ավագանու որոշման նախագիծ ենք բերել, որ ժամանակավորապես կասեցվի իշխանության կողմից ընդունված սակագնային փաթեթը, եւ տարակուսելի է, որ դա էլ չի բերվել օրակարգ։ Իսկ հունվարին ավագանու նիստ նախատեսված չէ, բայց արտահերթ նիստի հնարավորությունը ոչ ոք չի բացառել։ Այնպես որ, տրանսպորտային համակարգի վերաբերյալ քննարկումները շարունակվելու են, սիրելի երեւանցիներ»,- ասաց նա։
Մանուկ Սուքիասյանն անդրադարձավ հաշվարկին, որը դրված է 2025 բյուջեով նախատեսված ուղեւորափոխադրման հասույթի հիմքում․ «Երբ խոսք է գնում, որ նոյեմբերի իբրեւ թե ստվերը վերացել է, ոչ, այդպես չէ, մանուշակագույն Higer-ների վարորդները շարունակում են կանխիկ փող ստանալ»։
Նշենք, որ Երեւանի ավագանին չզեկուցվող հարցերի թվում այսօր փոփոխություն կատարեց ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով ուղեւորափոխադրումների նոր սակագներն ուժի մեջ կմտնեն ոչ թե 2025 թվականի հունվարի, այլ փետրվարի մեկից։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ