Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «Դուք նախատեսում էիք ավագանու ընտրություններին Շենգավիթ վարչական շրջանից ստանալ որոշակի ձայներ, ձեզ էլի խաբել են, սխալ են զեկուցել, այդ ձայները չստացաք։ Բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել»։
Նա բարձրաձայնեց հարցը, որ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներն անանցանելի են։ Հիշեցրեց, որ Ավինյանն ասել էր՝ փոսալցում կանեն, բայց չեն արել։ «Մարդիկ իրենց գումարներով այդ փոսերը լցրեցին, հետո այս ցուրտը տվեց, այդ փոսերն ավելի մեծացան։ Երեկ այդ մարդիկ էլի հավաքվել էին, խնդրեցին, ասեցին՝ մի հատ պարոն Ավինյանին ասեք՝ էլ ի՞նչ անենք, լավ»,- ասաց նա։
Ի պատասխան՝ Ավինյանն ասաց․ «Պարոն Ստեփանյան, ոնց որ դուք լուծումները գիտեք՝ աղ, ավազ, չգիտեմ ինչ են խառնել իրար հետ, ինչ եք առաջարկել այդ ժողովրդին, գնացեք, շարունակեք անել»։
Ավինյանը հավելեց, որ այս տարի Երեւանում ռեկորդային քանակով փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ