Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ»․ Ամրամ Մակինյան

Դեկտեմբեր 24,2024 14:42

«Եթե այս 30 հատորը փաթեթավորենք եւ ուղարկենք Եվրոպական դատարան, դրանով այս գործը կավարտվի»,-այսօր նման պատկերավոր կերպով բնութագրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված նոր մեղադրանքը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ դեռ հինգ տարի առաջ սկսված քրեական հետապնդումները, փաստաբանի հավաստմամբ, քաղաքական ենթատեքստ ունեն։ Ռուբեն Հայրապետյանին նկատմամբ նոր քրեական հետապնդումն էլ դրա շարունակությունն է․ «Մարդիկ բանուգործները թողած՝ ընկել են Ռուբեն Հայրապետյանի ետեւից»։

Հանրային եւ պետական ռեսուրսները օգտագործում են՝ որպեսզի հիմնավորեն այն «ծիծաղելի մեղադրանքը», որը հիմա կա՝ ասում է պաշտպանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ գլխավոր դատախազն է ոստիկանությանը հանձնարարական տվել այս գործով՝ իրենց սկսած գործի հիմքերն ապահովելու համար, ինչին հետեւում է ոստիկանության ներկայացրած «հեքիաթը»։

Իսկ «հեքիաթը» հետեւյալն է․ օրերս հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժից հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով՝ 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար․ «Ռուբեն Հայրապետյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»։

Ըստ մեղադրանքի, Հայրապետյանը պայմանագիր է կնքել փաստացի իրեն պատկանող «Զեյթուն» կարի ֆաբրիկա ընկերության հետ, հետագայում, դատախազի խոսքով, ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնողն ու ֆաբրիկայի աշխղեկները, ինժեներները կազմել են կեղծ կատարողական ակտեր․ «Ֆիքսվել են, որ կատարվել են ավել աշխատանք, քան իրականում կատարվել է: Այդ եղանակով Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան մարզադպրոցների կառուցման նպատակով 2011-2018 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակվել է 152 մլն 680 հազար ՀՀ դրամ գումար»։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Հայրապետյանն իբր հափշտակել է ֆեդերացիայի ֆինանսական միջոցները․ «Ռուբեն Հայրապետյանը որպես քաղաքացիաիրավական ձևական գործարքների առարկա ընտրել է իրեն փաստացի պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնվող 8 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ մեքենա, որից հետո 2017թ. դեկտեմբերի 20-ին հիշյալ մեքենան շուկայականից ցածր գնով 2 միլիոն արժեքով վաճառում է իր որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրեն Նարեկ Ղազարյանին»:

Ըստ դատախազության, 2018 թ-ից Ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեով ավտոմեքենայի ձեռքբերում նախատեսված չի եղել․ «Իր հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրականացնելու համար 2018թ. փետրվարի 16-ին արձակել է թիվ 7 հրամանը, համաձայն որի, Արգենտինայից ժամանած մարզիչների համար անհրաժեշտ է 25 միլիոն 75 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերել «Պորշ» մակնիշի ավտոմեքենա: Որից հետո նույն օրը առք ու վաճառքի պայմանագրով մեքենան հիշյալ արժեքով օտարվել է Ֆուտբոլի ֆեդերացիային:

Գործով, ընդհանուր առմամբ, կա 5 մեղադրյալ, այդ թվում ֆեդերացիայի նախկին նախագահն ու փոխնախագահը․ դատարան է գնացել 4-ի գործը, քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզման մեջ է:

Ամրամ Մակինյանը նկատում է՝ մեղադրանքը սովորաբար լինում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ․ «Քրեական գործի շուրջ 30 հատորի ուսումնասիրությունը հանգեցնում է նրան, որ այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ»։

Ամրամ Մակինյանը հիշեցնում է՝ բազմիցս է խոսվել այն մասին, որ ՀՖՖ-ն «Զեյթուն» կարի ֆաբրիկային պարտքեր ունի, բայց ապացուցվել է, որ ֆաբրիկայում ավելի շատ շինարարական աշխատանք է կատարվել, քան չափագրվել եւ ներկայացվել է իրականում։ Ավել հատվածը փաստաբանի համոզմամբ, չի ներկայացվել, քանի որ նման «հանձնարարական» է եղել։

Նա հիշեցնում է՝ սկզբնական քրեական գործը հարուցվել էր յոթ օբյեկտում «չարաշահումների առիթով»։ Փորձաքննությունների ժամանակ տեղեկություններ եղան, որ Վանաձորում եւ Արմավիրում խոչընդոտվում են փորձաքննության աշխատանքները․ պարզվել էր, որ այլ կապալառուների հետ շինաշխատանքների պայմանագրեր են կնքվել, քանդվում են փորձաքննության ենթակա հատվածներում կատարված աշխատանքները, որոշ դեպքերում այլ աշխատանքներ են կատարվում։ Այդ ամենը տեսանկարվել, լուսանկարվել է, գործում առկա են։ Փորձագետն արձանագրել է, որ վիճելի տարածքներում առկա են նախկինում կառուցված պատերը՝ քանդված։ Պաշտպանական կողմի այս ահազանգերն անարձագանք են մնացել։ Հետագայում պարզվել է, որ ՀՖՖ-ն այս երկու օբյեկտների մասով, պարտք է «Զեյթունի» կարի ֆաբրիկային։

Պաշտպանը նաեւ նկատում է՝ մի օբյեկտում 200 միլիոն դրամի ավել շինաշխատանք է կատարվել, մյուս օբյեկտում՝ 12 միլիոն դրամի պակաս․ պակասն արձանագրվել է, ավելը՝ ոչ ու քննիչը չի փորձել պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել։ Նա տպավորություն ունի, որ որոշումները կայացվել են միայն երեւակայությունների արդյունքում․ «Քրգործում որեւէ տառ չկա Հայրապետյանի կողմից՝ որեւէ անձի նկատմամբ տրված ցուցումի վերաբերյալ։ Մի տող չկա, թե այդ 30 հատորում Հայրապետյանն ինչի՞ մասին էր քաջատեղյակ, ինչի՞ մասին քաջատեղյակ չէր»։

Ամրամ Մակինյանն ուրախ է, որ վերջ է դրվել այս՝ հինգ տարի վատնված հանրային ռեսուրսների արդյունքում եւ կիսատ-պռատ փորձաքննությամբ գործին, եւ գնալու են դատարան․ «Տեսնենք թե դատարանում ինչպե՞ս են այս մեղադրանքը պաշտպանելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է նաեւ այլ գործով՝ Երեւանի Աճառյան փողոցի 3 հողամասերն իր հետ փոխկապակցված անձանց օտարելու, հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքեր օրինականացնելու համար: Այս գործով դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից եւ Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։ Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն․ 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն․ 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն․ 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ 500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568 հազ 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Ամրամ Մակինյանի դիտարկումներն ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031