Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ

Դեկտեմբեր 24,2024 13:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թ․ դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ․։ Նվիրատուն բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանն է։ Նա գորգը ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդից։

Գորգը բուսածաղկային հորինվածքով է, երիզված հինգ գոտով, որի գեղազարդման համակարգում օգտագործված են Սպահանի դպրոցի ավանդույթները։ Այն գործվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923 թ․ ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել է ավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծման նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրեն Յակոբ Քյունցլերն է, որն իր հայանպաստ գործունեության համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։ Ֆաբրիկայի աշխատանքները ղեկավարում էր ուրֆացի Հովհաննես Թաշճյանը։

Հատկանշական է, որ ուղիղ 99 տարի առաջ՝ 1925 դեկտեմբերի 4-ին, նմանատիպ մի գորգ՝ գործված Ղազիր հայ որբուհիների կողմից նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)։ Գորգի հակառակ կողմում գրված էր․ “Պատրաստված է հայ աղջիկների կողմից Սիրիայի Ղազիր քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի նպաստամատույցի որբանոցում և ներկայացվել որպես «Ոսկե Կանոն»-ի երախտագիտության նշան նախագահ Քուլիջին” ( “Made by Armenian girls in the Ghazir, Syria, orphanage of the Near East Relief and presented as Golden Rule token of appreciation to president Coolidge”).

Թանգարանի ստեղծումից ի վեր ՀՑԹԻ-ի հավաքածուի մեջ գտնվում են նաև տարբեր երկրների նվիրատուների կողմից ստացված Ղազիրի որբանոցի սանուհիներին առնչվող այլ թանգարանային առարկաներ, օրինակ` լիբանանահայ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանից ստացված նմանատիպ գորգը՝ գործված որբուհիների կողմից (2017), Արշակ Դավիդյանից ստացված Վերժին Ակոջանյանի Ղազիրի որբանոցի բաղնիքի գոտկաշորը (2013), Բրունո Թադևոսյանի կողմից՝ Նոյեմզար Ջիվելեկյանի գորգագործի վկայականը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել