Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թերևս ամենաշատը Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքերն են, որ արդեն նկատելի հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում». գրական գործակալ

Դեկտեմբեր 24,2024 12:51

Երիտասարդ գրական գործակալ Էլինա Հարությունյանը կարծում է՝ ինչ-որ չափով ստացվել է ապացուցել հանրությանն ու միջազգային շուկային,որ հայ ժամանակակից գրականությունն ոչնչով չի զիջում մեզ ծանոթ համաշխարհային գրականությանը:

Էլինա Հարությունյան

Էլինա Հարությունյան անունը համեմատաբար նոր է գրական ոլորտում: Մինչ Արաբական Միացյալ Էմիրություններում միջազգային մրցանակի արժանանալը, հետաքրքիր է, ինչպե՞ս սկսվեց ձեր կարիերան Առաջին գրական գործակալությունում

– Գրահրատարակչական ոլորտում հայտնվել եմ 17 տարեկանում՝ համալսարան ընդունվելուն զուգահեռ: Սկզբում պարզապես պրակտիկա էի անցնում, և պատկերացում անգամ չունեի, որ այս աշխատանքը կդառնա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Նախկինում գրական գործակալների գործունեության մասին նույնիսկ չէի լսել: Բայց կարճ ժամանակում ծանոթացա հայ ժամանակակից գրականությանն և գործընկերներիս վստահության ու աջակցության շնորհիվ ստանձնեցի ժամանակակից հայ հեղինակների գրական գործակալի դերը՝ առաջնորդվելով նրանց թարգմանչական իրավունքները վաճառելու և հայ գրականությունը ողջ աշխարհում հասանելի դարձնելու նպատակով: Այժմ, հինգ տարի անց, հպարտությամբ կարող եմ ասել, որ հայ գրականության հանրահռչակման գործում ներդրում ունենալն ինձ համար մեծ պատիվ է: Ուրախ եմ, որ «մեծացել եմ» հենց այս ստեղծագործ միջավայրում:

 – Ո՞րն է եղել ձեր առաջին հաջողությունը գրական ոլորտում

– Հենց ամենաառաջին հաջողությունը կարող ենք համարել հայ գրողի արտասահմանում թարգմանաբար լույս տեսած առաջին գիրքը։ Բայց իրականում, գրական ոլորտում յուրաքանչյուր հաջողություն ինձ համար առաջինն է թվում: Երբ հայ հեղինակների թարգմանաբար լույս տեսած գրքերը շատանում են, թվում է, թե դա պիտի սովորական երևույթ դառնա, բայց այդպես չէ: Ամեն մի հաջորդ թարգմանված գրքի համար ոգևորությունն ու հրճվանքը նույնն են, ինչ առաջին անգամ: Ամեն դեպքում, ամենամեծ հաջողություններից մեկը համարում եմ հայ գրականության միջազգային պոտենցիալի բացահայտումը: Կարծում եմ, ինչ-որ չափով ստացվեց ապացուցել և հանրությանը, և միջազգային շուկային, որ հայ ժամանակակից գրականությունը ոչնչով չի զիջում մեզ ծանոթ համաշխարհային գրականությանը։

 – Ինչպիսի՞ն են եղել ձեր դժվարությունները՝ այդքան երիտասարդ տարիքում միջազգային գործընկերների հետ աշխատելիս

– Դժվարություններ միշտ էլ լինում են, բայց դրանցից պետք չէ խուսափել, այլ պետք է մարտահրավեր նետել դրանց։ Հիմնական դժվարություններից մեկը եղել է արտասահմանյան հրատարակիչներին հայ գրականության իրական արժեքը ներկայացնելը: Երբ մի երկրի գրականությունը միջազգային շուկայում հայտնի չէ, սկզբում դժվար է հրատարակիչներին համոզել, որ գրքերը կարող են մեծ պոտենցիալ ունենալ իրենց շուկայում: Սկզբնական շրջանում մերժումները շատ էին։ Շատ հաճախ անգամ նամակները անպատասխան էին մնում: Բայց դրանք ընկալվել են որպես ժամանակավոր պարտություններ և հիմա մենք քաղում ենք մնայուն հաղթանակների բարիքները: Հիմա արդեն մի շարք հրատարակիչներ ինքնակամ են կապ հաստատում մեզ հետ՝ հայ հեղինակների գործերը թարգմանելու և հրատարակելու ցանկությամբ:

– Իսկ հիմա մրցանակի մասին. վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններում արժանացել եք միջազգային մրցանակի՝ «Հայ գրականությունը լավագույնս հանրահռչակելու համար»: Ինչպե՞ս ազդեց այն ձեր գործունեության վրա:

– Մրցանակը լավագույն ապացույցն էր, որ մեր արած աշխատանքը գնահատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ասպարեզում: Այն բացեց նոր հնարավորություններ ոչ միայն ինձ համար՝ որպես գրական գործակալ, այլև ընդհանրապես հայ գրականության համար: Մրցանակը հավելյալ հեղինակություն բերեց և մեր գործակալությանը, և հայ գրողների գործերին, ինչի արդյունքում արտասահմանյան հրատարակիչների հետաքրքրությունն ավելացավ: Սա մոտիվացիա էր, այդպես ասած, նոր սխրանքների գնալու ու շարունակելու հայ գրականությունը միջազգային մակարդակով ճանաչելի դարձնելու մեր առաքելությունը:

– Հայ գրողների քանի՞ գիրք է արդեն թարգմանաբար լույս տեսել

– Մոտ 40 գիրք արդեն թարգմանված և հրատարակված է մի շարք երկրներում, օրինակ` Գերմանիայում, Հնդկաստանում, Նիդեռլանդներում, Եգիպտոսում, Ավստրալիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Նեպալում, Ուկրաինայում, Լատվիայում, Ֆրանսիայում: Ավելի քան 40 գրքերի հեղինակային իրավունքներ էլ արդեն վաճառված են, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին կունենանք նույնքան թարգմանված գրքեր: Ցանկում ավելանալու են նաև նոր լեզուներ, ինչպիսիք են պարսկերենը, հունարենը, իսպաներենն ու պորտուգալերենը: Թերևս ամենաշատը Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքերն են, որ արդեն նկատելի հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում: «Հիսուսի կատուն» Գերմանիայում արժանացավ Քոբուրգի միջազգային մրցանակին, իսկ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցավ Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը: Գերմաներեն թարգմանության շնորհանդեսն էլ տեղի էր ունեցել Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի փառատոնի շրջանակներում:

Թարգմանությունների մասին խոսելիս կարևոր է նշել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի դերը՝ արտասահմանյան հրատարակիչներին հայ գրականությունը թարգմանելու ու տարածելու գործում օժանդակելու համար:

– Ի՞նչն եք յուրահատուկ համարում հայ գրականության մեջ, որը հետաքրքրում է միջազգային ընթերցողներին

– Եթե մի կողմ թողնենք Հայաստանի դարավոր պատմությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող հանգամանքները, ապա կասեմ, որ հայ գրականության հիմնական գրավչությունը դրա էկզոտիկությունն է: Միջազգային ընթերցողների համար սա գրեթե չբացահայտված աշխարհ է, ու տեսնելը, թե հայ գրողները ինչի մասին են գրում, լավագույն ձևն է Հայաստանը ներից բացահայտելու ու հայաստանցիների պահվածքի ձևերին, ապրելակերպին, արժեհամակարգին ու բարքերին ծանոթանալու համար։

– Որո՞նք են հետագա պլանները

– Կխուսափեմ որևէ հստակ պատասխան տալ։ Հիմա նաև Միջազգային հարաբերություններ բաժնում եմ սովորում, բայց ապագան առանց մշակութային ոլորտի այլևս գրեթե չեմ պատկերացնում: Միայն վստահ եմ, որ ամեն լավ բան դեռ առջեւում է և բոլոր իրադարձությունների շրջագայության մեջ լավագույնը, անխուսափելիորեն, կլինի:

 

Զրուցեց՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031