Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւանում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ ավագանու ընդդիմադիր անդամները բարձրաձայնեցին հարցը, որ ուժի մեջ է մնում Կենտրոն վարչական շրջանում «կարմիր գծերը» թանկացնելու Երեւանի ավագանու նախորդ տարվա որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երեւանի ավագանու կողմից ընդունված եւ այս տարվա հունվարի 1-ից Երեւանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հարցրեց․ «Դատարանը որոշում կայացրեց, դուք էլի այդքանից հետո նույն ձեւով առանց փոփոխության բերել եք կարմիր գծերը թանկ տարբերակով։ Դուք ինքներդ ձեր աչքերով տեսնում եք, որ քաղաքը չի բեռնաթափվել, ինչո՞ւ եք կարմիր գծերը թանկ տարբերակով բերել»։
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը կայացվել է, բայց օրինական ուժի մեջ չի մտել։ «Իրավական պետությունը ենթադրում է, որ չի կարելի ակտերը, որոնք օրինական ուժի մեջ չեն մտել եւ վերջնական բնույթ չեն կրում, ներկայացնել որպես վերջնական ճշմարտություն։ Մեր երկրում եռաստիճան դատական համակարգ է գործում, հետեւաբար, մինչեւ չկա վերջնական դատական ակտ, մի ներկայացրեք դա որպես վերջնական իրողություն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ Երեւանի կենտրոնը չի բեռնաթափվել, Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Եթե այդ որոշումը չընդունվեր, մենք հիմա շատ ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու։ Դեռեւս այն ժամանակ բազմիցս ձեզ հորդորել ենք, խնդրել ենք, ասել ենք՝ կարմիր գծերի մասին որոշումը մի ներկայացրեք որպես ամբողջական բեռնաթափման միջոց, որովհետեւ մենք էլ այդպես չենք ներկայացնում, մենք ասել ենք, որ դա միջոցներից մեկն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանն ասաց․ «Ձախողել եք, ուղղակի ժողովրդից նորից քերել եք, գռփում-չռփում եք, հավաքում եք փողը, ոչ մի բան էլ չեք մատուցում կարմիր գծերի վերաբերյալ»։ Նա ասաց, որ դատարանն այս հարցով իշխանության քիմքին ոչ հարիր որոշում է կայացրել։ «Հիմա ուզում եք բողոքարկել վերաքննիչ, բայց դուք ըտենց լավ օրինակներ ունեք, եթե հանկարծ վերաքննիչն էլ որոշումը չի բեկանի, կթողնի նույնը, հավաքվեք, գնացեք դատարանների մուտքերը փակեք, նորմալ է, ստացվում է ձեզ մոտ։ Դուք կարմիր գծերը թանկացնելով՝ միայն մտել եք քաղաքացու գրպանը, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն էլ հիշեցրեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «կարմիր գծերի» թանկացումը եւ որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիների ծախսած գումարները, որոնք նրանք վճարել են անվավեր որոշման արդյունքում։ Նա նշեց, որ դատարանն արձանագրել է, որ Երեւանում որեւէ փողոց, վարչական շրջան կամ տարածք բեռնաթափելը չի կարող հանդիսանալ հիմք՝ որեւէ տեղական վճարի դրույքաչափի բարձրացման համար։ «Դատարանն արձանագրել է, որ անցած տարվա որոշումը փաստացի ի ցույց է դնում քաղաքային իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ տվյալ որոշման զեկուցողի եւ հեղինակի անգրագիտությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ասաց, որ ամբողջ աշխարհում քաղաքի կենտրոնում կայանատեղիների համար բարձր վճարներ են սահմանվում։ «Կայանատեղիի վճարը տարիներով եղել է տարեկան 12 հազար դրամ, սա ծիծաղելի թիվ է։ Եվ այն մարդը, ով քաղաքի կառավարման արդյունավետության մասին մտածում է, օրինակ, եթե ես ընդդիմադիր լինեի, կասեի՝ հարգելի իշխանություններ, ինչո՞ւ չեք բարձրացնում կարմիր գծերի վճարները, ամոթ չի՞, որ 12 հազար դրամ է ընդամենը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ հարց ուղղեց ՔՊ-ականներին․ «Ասում եք՝ կարող է վերաքննիչը բեկանի, բա որ չբեկանի՞, բա որ ուժի մեջ մտնի՞, ըտենց մի 2-3 տարի կարող է տեւի։ Եվ մի օր կպարզվի, որ այս ամեն ինչը եղել է ոչ իրավաչափ, դուք էլ այդ պահին այստեղ չլինեք, մի տեղ պալմայի ծառի տակ կոկտեյլ խմելիս լինեք, եւ քաղաքացիները որոշեն դրա հիման վրա քաղաքապետարանից հետ ստանալ իրենց վճարած փողերը, ո՞վ է տալու այդ փողը, քաղաքի բյուջեն, չէ՞։ Եվ ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ