Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը

Դեկտեմբեր 24,2024 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։

Ժաննա Հովակիմյանը թվարկեց այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ «Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին», – ասաց Ժաննա Հովակիմյանը։

Ժաննա Հովակիմյանը 1999թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը։ 1999-2009թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում։ 2003թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009թ․ ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 2009-2010 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնում։ 2009թ-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2023թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022թ․ հունվարից ինստիտուտի գիտական խորհրդի և 035 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։

Ժաննա Հովակիմյանի աշխատանքների գիտական ուղղվածությունը բույսերի էկոֆիզիոլոգիան է։ Նա զբաղվել է Հայաստանում տարածված արժեքավոր ուտելի և համեմունքային բույսերի, ինչպես նաև անտառահատումների հետևանքով խոշորառէջ կաղնու էկոֆիզիոլոգիական և կենսամորֆոլոգիական առանձնահատ­կությունների ուսումնասիրությամբ: Ներկայիս գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերում և բուսա­բանական այգիներում աճող հազվագյուտ և վտանգված կարմիր գրքային բուսատեսակների մոնիթորինգի և հարմարվողականության էկոֆիզիոլո­գիական հատկանիշների գնահատման հարցերին։

Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031