ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեղեկություններ է ստանում, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ են ուղարկվել դպրոցների տնօրեններին՝ հրահանգելով չտրամադրել տարեվերջյան հավելավճարները, եւ սա այն դեպքում, երբ պետական համակարգը ստանում է պարգեւավճարներ։
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել ԿԳՄՍ նախարարությունից: Գերատեսչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգեւատրման գործող օրենսդրությունը, ըստ որի՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ Հետևաբար` որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն։
Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ սա վերաբերում է միայն դպրոցների գործադիր մարմնին՝ տնօրենին և վարչատնտեսական համակարգողին (առկայության դեպքում), իսկ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց եւ կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ գործող օրենսդրությանը, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն է։
Ինչ վերաբերում է շրջանառվող այլ տեղեկատվությանը, թե դպրոցներից հետ է գանձվել տնտեսված միջոցների մի մասը, պետք է նշել, որ ՀՀ կառավարության 22․09․2022 թ․ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նույն կարգի 7-րդ կետի համաձայն ՀՀ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրել է ուսումնական հաստատությունների կապիտալ հրատապ անելիքները և առաջիկայում պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել տնտեսված միջոցների մյուս մասը այդ հրատապ կարիքներին ուղղելու նախագիծը։
Կարդացեք նաև
Հարկ է նշել նաեւ, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակներում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։ 2024 թվականին այս ֆոնդի շրջանակներում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 30 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով» ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ