Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում. «Փաստ»

Դեկտեմբեր 24,2024 10:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Արցախի հիմնախնդրի բովանդակության մասին: «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,-գրել է նա:

Սկսենք այս ոչ երկար գրառման մեջ Փաշինյանի թույլ տված փաստական, մեղմ ասած, սխալներից: Առաջինը՝ «բանակցային գործընթացը» ոչ թե մեկնարկել է 1994 թ. հրադադարից հետո, այլ դեռևս 1991 թվականին՝ ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ, և իր որոշակի արտացոլումն է ստացել նշված թվականի սեպտեմբերի 23ին Ժելեզնովոդսկում ԼՂԻՄ-ի հարցով ստորագրված ռուս-ղազախական ծրագրում:

Երկրորդը՝ եթե նույնիսկ «բանակցային գործընթացի» հիմք վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապա էլի Փաշինյանը սխալ է, երբ հրադադարի կնքումն է համարում բանակցային գործընթացի մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին:

Երրորդը՝ 1994 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն իսկ հենց բանակցային գործընթացի որոշակի հետևանք է, այլ ոչ թե «բանակցային գործընթացի» մեկնարկ, ինչպես թյուրիմացաբար կարծում է (կամ՝ գիտակցաբար խեղաթյուրում է) Նիկոլ Փաշինյանը՝ դրանով մոլորեցնելով նաև այլոց:

Չորրորդը՝ կոնկրետ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է «Բիշքեկյան արձանագրության» հիման վրա, մայիսի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ռուսաստանի միջնորդական առանցքային դերակատարմամբ: Բանակցություններ, որոնց լիիրավ մասնակիցներն են եղել չճանաչված ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք նմանապես ստորագրել են հրադադարի փաստաթուղթը:

Սա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման մեջ առկա փաստական կոպիտ սխալներին (կրկնում ենք՝ մեղմ ասած): Սահուն անցնենք Փաշինյանի բացահայտ ստերին՝ շարունակելով մեր վերջին դիտողությունից:

Հինգերորդը՝ եթե (ինչպես Փաշինյանն է պնդում) «հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու հաղթանակած Արցախի հաղթանակած ներկայացուցիչները կմասնակցեի՞ն նման «բանակցության», կստորագրեի՞ն նման թուղթ, ու, առհասարակ, եթե «Ադրբեջանի կազմ վերադառնալն» էր բովանդակությունը, էլ որպես ո՞վ կամ որպես ի՞նչ էին հրադադարի փաստաթուղթն ստորագրում նաև ԼՂՀ ներկայացուցիչները:

Գանք 1994-2018 թթ. բանակցային գործընթացին: Այստեղ ևս Փաշինյանի ստախոսությունն այնքան ակնհայտ է, որ դա վայրկենապես է հերքվում:

Նախ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ամբողջ գործընթացում հայկական կողմերի ելակետային ու անսակարկելի մոտեցումը եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի փաստացի (դե ֆակտո) իրացումը իրավական առումով (դե յուրե) ամրագրելը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Բացի այդ, «բանակցային գործընթացում» հատկապես 1998-ից հետո հայկական կողմերի համար չէր կարող լինել ու չի եղել այդպիսի «բովանդակություն», որի իմաստը… Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Ախր, բանակցված տարբերակների բովանդակություններն էլ վաղուց հրապարակված են ու հանրահայտ: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա էլ խարսխված էր բանակցային գործընթացը, մինչև իշխանության չեկավ Փաշինյանն ու չսկսեց վերելակներում ու գաղտնի բանագնացների միջոցով «բանակցել» իր «զրոյական կետից»՝ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում: Այո, «մադրիդյան սկզբունքներում» նշվում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին», բայց նախ՝ միայն այդ շրջանների, հետո՝ սահմանվում էր «Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Արցախին կապող միջանցք», իսկ որ ամենից կարևորն է՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», պարզ ասած՝ հանրաքվեով: Ու այս բովանդակության ո՞ր կտորն է «Լեռնային Ղարաբաղը (Արցախ բառն էլ է վախենում արտասանել, գրել) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ոչ մի կտորը, նկատենք:

Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):

…Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում, թե՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: Բա նրա՞նց ինչու չի բացատրել:

Լավ, իսկ երբ իրեն ուղիղ մեղադրում էին, որ իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի թուրքին, ինչո՞ւ էր այդպես կատաղում, բորբոքվում, սրտիկավիրակապված ձեռքով հագի շորերը պատառոտելու շարժումներ անում, թե՝ «ժողովո՜ւրդ, ես դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են… ժողովո՜ւրդ, հենց բան պայմանավորվեմ, կգամ ու ձեզ կասեմ…»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031