Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը 2024թ. դեկտեմբերի 23-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել:»:
Մեջբերումից ակնհայտ է դառնում, որ մեջբերման հեղինակն էլեմենտար պատկերացում չունի հակամարտության բովանդակությունը կազմող հասկացությունների մասին, հակառակ պարագայում ձեռնպահ կմնար «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» ձևակերպումից:
Անժխտելի փաստեր են, որ՝
- Լեռնային Արցախը երբևէ, որևէ կարգավիճակով չի գտնվել «Ադրբեջան» անունով անկախ պետության կազմում:
- 1920թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղափոխական կոմիտեի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս համարված և Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921թ. հունիսի 12-ին ընդունած դեկրետի համաձայն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ, 1921թ. հուլիսի 5-ին բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու Արցախի հայության կամքը։
Չնայած այս անառարկելի փաստերին, մեջբերման հեղինակի գիտակցության մեջ արմատացած է այն անհիմն դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Արցախը հանդիսացել է Ադրբեջանի մաս, հետևաբար 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության կարգավորման նպատակով սկսված բանակցային գործընթացի նպատակն է եղել Լեռնային Արցախը «վերադարձնել» (չակերտները – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կազմ:
Կարդացեք նաև
Պետք է նշել, որ Լեռնային Արցախն Ադրբեջանի մաս համարելու մասին հայրենազրկման խորհրդանիշի ապազգային կարծիքն ունի առնվազն 25 տարիների վաղեմություն: Դեռևս 1999թ. ապրիլի 16-ին «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում պաթոլոգիկ արցախատյացը, մասնավորաբար, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են:»:
Ինչ վերաբերում է ստախոսի վերը մեջբերված հայտարարության այն հատվածին, ըստ որի՝ բանակցային գործընթացն ընթացել է, իբրև թե, Լեռնային Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» (չակերտները – Ս. Հ.-Ջ.) տրամաբանությամբ, ապա հարկ է նշել հետևյալը:
2007թ. նոյեմբերի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում իր աշխատանքներն է սկսել և ավարտել ԵԱՀԿ նախարարների խորհուրդը: Նախքան նախարարների խորհրդի աշխատանքների մեկնարկը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Բեռնար Քուշները և Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանին ու Էլմար Մամեդյարովին են հանձնել Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար: Փաստաթուղթն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:
Հակամարտության կարգավորման պատմության ընթացքում առաջին անգամ նշված փաստաթղթում ամրագրվել են 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված միջազգային իրավունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքը, որոնց հիման վրա պետք է կարգավորվեր Ադրբեջան-Արցախ հակամարտությունը, դրանք են՝
- ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում,
- ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք,
- պետությունների տարածքային ամբողջականություն:
Դեմ լինելով «Մադրիդյան սկզբունքներ»-ին՝ սակայն ճշմարտության առջև չմեղանչելու համար հարկ եմ համարում նշել հետևյալը:
«Մադրիդյան սկզբունքներ»-ը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից հակամարտության կողմերին ներկայացված առաջին առաջարկությունն է, որտեղ ինքնորոշում ասելով նկատի էր առնվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ինքնորոշում նաև Ադրբեջանի կազմից դուրս: Նախորդ բոլոր առաջարկությունների դեպքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:
Պատահական չպետք է համարել միջնորդների մոտեցման մեջ նման արմատական փոփոխության ի հայտ գալը: Բանն այն է, որ դեռևս 2005թ. հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ անուղղակիորեն խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին:
Փաստաթղթի 2-րդ կետում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ տարածաշրջանային տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, այլ ոչ թե զինված հակամարտության հետևանքով, որը տանում է դեպի էթնիկ վտարման և նման տարածքի դե ֆակտո միացման մեկ այլ պետության։»:
Մեջբերված հատվածում առկա «…տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա…» ձևակերպումն անուղղակիորեն վկայում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասին:
2005թ. սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթում, արդեն, ուղղակիորեն վկայակոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթի 2-րդ կետում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Այն գոհունակությամբ նշում է Պրահայի գործընթացի շրջանակներում այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ուղիղ երկխոսության շարունակությունը և միջազգային իրավունքի լիակատար հարգանքը (մասնավորապես «Հելսինկյան եզրափակիչ ակտի» (1975թ.) 4-րդ և 8-րդ սկզբունքները. պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը): Այն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այս երկխոսության հաջողությանը և, այս առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։»:
Մինչև 2018 թվականի մայիս ամիսն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին հաջորդած բոլոր փաստաթղթերում ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Նման փաստաթղթերից է Մոսկվայի կամ Մայնդորֆյան հռչակագիրը: 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը, մասնավորապես`
- «Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…
- Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:»:
Ադրբեջան-Արցախ հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված տասը սկզբունքներից երեքի հիման վրա կարգավորելու օգտին հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի անդամ երկրների ղեկավարները:
Այսպես, 2009թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լակվիլա քաղաքում հրավիրված մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների համաձայն:
Այս ամենի հետ միաժամանակ կարծում եմ, որ «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» 1933թ. դեկտեմբերի 26-ին ընդունված Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված պետությանը ներկայացվող բոլոր չափորոշիչներին լիարժեքորեն բավարարող Արցախի Հանրապետությունը բռնապետական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած մարդը, ով այդպիսով առնվազն կոպտորեն խախտել է՝
- Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,
պետք է անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ