Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ հանրությանը հայտնի «ավտոբուսի գործի» քննությունը:
Դատական նիստի սկզբում Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս մեկ անգամ հրավիրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ կարգադրիչի անհիմն գործողության հետեւանքով խոչընդոտվել էր լրատվամիջոցի աշխատանքը, կարճ ժամանակով ընդհատվել դատական նիստը, իսկ դատարանը տեղի ունեցածի մեջ խորամուխ լինելով դատական սանկցիա էր կիրառել լրագրողի նկատմամբ:
Կարդացեք նաև
Փաստաբանը, վստահաբար, նպատակ ուներ նաեւ դատարանի օգնությամբ արձանագրել, որ տեղի ունեցածը պարզ թյուրիմացություն է եղել եւ այսուհետ բացառել նման բաները:
Aravot.am-ի լրագրողը նույնպես դատավորին հիշեցրեց տեղի ունեցածի մանրամասները, որից հետո դատական նիստը շարունակվեց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ