«Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի»,- ամրագրված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 13-ին տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աղասի Թավադյանի՝ այս նախաձեռնության նպատակն է նաև քաղաքական միավորներ բերել իշխանություններին։
Նա նշեց՝ թեև ՀՀ կառավարությունը ներկայացնում է, որ ՀՀ-ում 218 հազար է այն անձանց թիվը, որոնց բանկային պարտավորությունները չեն գերազանցում մեկ միլիոն դրամը, բայց 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: Մեզ հետ զրույցում Աղասի Թավադյանը պարզաբանեց․
«Այսինքն՝ աշխատավոր բնակչության մոտ 15,5 տոկոսն ունի անհուսալի վարկ։ Անհուսալի վարկերը կազմում են ընդհանուր բոլոր վարկերի 13 տոկոսը։ Այս քայլն ուներ երկու հստակ նպատակ՝ առաջինը բանկային համակարգին աջակցելն է, որտեղ մեր տնտեսական քաղաքականությունն առաջին հերթին դեպի բանկային համակարգի շահույթի ապահովում է։ Այս պահին նույնիսկ աշխատավարձերի մոտ մեկ երրորդը գնում է դեպի բոլոր տեսակի վարկերի սպասարկում։ 2025-ի սկզբից եկամտահարկի հետվերադարձի մասին օրենքում որոշակի փոփոխություններ կան՝ ըստ որի հիմնականում Երևանից դուրս է գալիս եկամտահարկը, դրանից բանկային համակարգը մեծ շահույթ ակնկալել չի կարող։ Սակայն համապատասխանաբար ռիսկեր են առաջանում անշարժ գույքի շուկայում, որոնք կարող են նաև անդրադառնալ բանկային համակարգի վրա ու բանկային համակարգին որոշակիորեն ապահովագրելու համար հետվերադարձի օրենքն ընդունվեց, որ բավականին մեծ գումարներ ապահովի բանկային համակարգին։ Ճիշտ է, որ 218 հազարի ընդամենը 20 տոկոսն է մոտավորապես այս պահին գրանցված աշխատանքի, այսինքն՝ պետությունը կորցրել է 20 տոկոսի եկամտահարկը, որը կարճաժամկետ վեց ամսվա ընթացքում մեծ խնդիր չի առաջացնի, սակայն այս պարագայում պետք է նաև հասկանալ, որ պետությունը եկամուտները կրճատել է։ Փաստացի նախատեսված եկամուտների մակարդակից արդեն ինը ամիս է պետական բյուջե մոտավորապես ութ տոկոսից շարունակաբար ավելի քիչ հարկեր են մտնում, որը խնդիր է․ վերջին 20 տարիների ընթացքում այսպիսի բան չի եղել։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար պետությունը, որը ունի հստակ եկամուտների հավաքագրման խնդիր, այսպիսի քայլի պիտի դիմեր, որը որոշակի, բայց կարճաժամկետ ընթացքում ծախսերը մեծացնում է։ Հասկանալի է, որ սա երկու նպատակ ունի՝ առաջինը բանկային համակարգի ռիսկերը 2025-ին մեղմելն է և հավելյալ շահույթ ապահովելն է բանկային համակարգին, մյուսը՝ նախընտրական պոպուլիստական քայլ»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ փորձելով օգնել անհուսալի վարկառուներին՝ արդյոք կառավարությունը չի՞ խրախուսում նրանց անպարտաճանաչությունը, և արդյունքում պարտաճանաչ հարկատու և վարկառու քաղաքացին իրեն չգնահատված է զգալու, Աղասի Թավադյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, այդ հարցը կա։ Այսինքն՝ այստեղ որոշակի խնդիրներ էլ են առաջանում, բայց պիտի հասկանանք, որ սա քանի որ պոպուլիստական քայլ է, և այնպես է արված, որ պետության վրա եկամտահարկի հետվերադարձի ծախսերը քիչ լինեն, վնասը քիչ լինի և հիմնականում այդ բեռն ընկնի գործատուի վրա, որը ստիպված կլինի չգրանցված աշխատողներին գրանցել։ Պետությանը փաստացի ձեռնտու չէ պարտաճանաչ վարկատուներին համաներել, որովհետև պարտաճանաչ վարկատուները հիմնականում աշխատանք ունեն, երկարաժամկետի մասին են մտածում, իսկ մյուս կողմից այսպես ասած ոչ պարտաճանաչ անհուսալի խավին, որը կազմում է աշխատավոր բնակչության մոտ 15 տոկոսը, այս պոպուլիստական ներումն ապահովելը, քաղաքական միավորներ կարող է բերել իշխանություններին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ