Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պոպուլիստական քայլ է, հաշվարկված չէ՝ ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր տնտեսվարողների, շուկայի վրա»․ Աղասի Թավադյանը՝ աշխատաժամանակի կրճատման նախագծի մասին

Դեկտեմբեր 23,2024 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրենց հիմնավորումը հիմք չունի այն տեսանկյունից, որ հստակ հաշվարկներ ներկայացված չեն՝ ինչ, ինչու և ինչպես դա կարող է օգնել ՀՀ-ին։ Պարզապես հաստատակամ ձևով գրված է, որ կարող է օգնել առանց հիմնավորում բերելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն նախաձեռնության, որով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Հարցին՝ աշխատաժամանակի կրճատումը կարո՞ղ է ավելացնել արտադրողականությունը, քանի որ առաջարկը ներկայացնողները հաճախ այս հիմնավորումն են ներկայացնում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Սա պոպուլիստական քայլ է, որ արագ օրենքի են փորձում վերածել առանց մտածելու տնտեսության իրական շահերի և վնասների մասին առանց որևէ կոնկրետ հաշվարկի»։ Ըստ տնտեսագետի՝ դա կարող է վնաս տալ իրական ձեռներեցին․ «Այստեղ խնդիրներ են  առաջանում։ Առաջին հերթին հաշվարկված չէ՝ դա ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր տնտեսվարողների, շուկայի վրա։ Հստակ մոդելավորում չկա այս ամենին։ Այստեղ հարցեր են առաջանում այլ աշխատանքային պայմաններով աշխատող մարդկանց հարցով։ Օրինակ՝ մարդ կա 24 ժամ աշխատում է, հետո երկու օր հանգստանում։ Դրա՞նք ոնց են կարգավորվելու։

Ասենք՝ մարդ կա այլ աշխատանքային ռեժիմով է աշխատում։ Եվ այստեղ իրենք որպես օգուտ բերում են այն փաստը, որ ներկայումս նորարարություններն աշխատանքի ոլորտում կարող են օգնել ժամանակ կրճատել։ Դա աբսուրդ է, քանի որ ոչ բոլոր աշխատատեղերն են պահանջում միայն մտավոր աշխատանք։ Շատ աշխատատեղեր կան, որոնք պահանջում են ֆիզիկական ներկայություն։ Օրինակ՝ բժիշկները․ բժիշկը, որը, ենթադրենք, հերթափոխող հիմա 8/8/8 ժամ աշխատում է, այս պարագայում ո՞նց է լինելու 7/7/7 ժամ աշխատի․ վերջում երեք ժամ մնալու է։ Հարցեր են առաջանում»։

Ըստ Աղասի Թավադյանի՝ այսպիսի հարցերում պետությունը չպետք է խառնվի տնտեսվարողների գործերին․ «Տնտեսվարողն ինքը պետք է որոշի՝ որ աշխատողի հետ ինչ աշխատանքային ռեժիմով է աշխատում։ Աշխատող կա, որը հեռավար՝ տնից մի քանի ժամ աշխատելով բավականին մեծ արդյունք կարող է տալ, աշխատող էլ կա, որ պետք է ութ ժամ ֆիզիկապես ներկա լինի։ Այս պարագայում այս օրենքը կարող է հավելյալ խնդիրներ առաջացնել գործատուի և աշխատողի փոխհարաբերություններում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031