Ընկերները անակնկալ էին պատրաստել ժամանակակից բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի համար: Բանաստեղծի 60-ամյա հոբելյանի առիթով՝ «Զանգակ» գրատանը ոչ միայն հանդիպում կայացավ բանաստեղծի հետ, այլեւ նրա նորատիպ գրքի շնորհանդեսը, որի մասին հեղինակը չգիտեր:
«Ճիշտ ասած, ես այս ամենը այլ կերպ էի պատկերացնում, ֆիլմերի նման, որ մեկը պատահական տուն է մտնում, բոլորը գոռում են՝ սյուր-պրիիիզ…Այդպես Արմենը գալու էր, ու պարզվելու էր, որ ինքը մասնակցում է իր իսկ 60-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը:
Կարդացեք նաև
Մինչեւ շաբաթ օրը այս ամենն Արմենի համար գաղտնիք էր, բայց շաբաթ օրը ստիպված էինք գաղտնազերծել, որովհետեւ եթե ինչ-որ մի բան իրեն չասեինք, կշարունակեր օրն անցկացնել իր սիրելի վայրում՝ Բյուրականում, որտեղ առավոտյան զեկուցմամբ հանդես է եկել…Հազիվ եմ համոզել, որ տաքսի նստի ու գա այստեղ…Արմեն ջան, բայց սա միակ անակնկալը չէ»,-միջոցառման բացմանն ասաց Արմեն Դավթյանի համակուրսեցի, Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը:
Արմեն Դավթյանը մոտեցավ ու տեսավ, որ սեղանին դրված է իր գիրքը՝ «Հազարմյակների եւ օրերի միջով»՝ հրատարակված Newmag-ի կողմից: Newmag -ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւս Արմեն Դավթյանի համակուրսեցին է: «Մի քանի ամիս է, քո մեջքի հետեւում դավեր ենք նյութել…Բայց ամբողջ ընթացքում կինդ տեղյակ է եղել, ասում էր՝ խղճի խայթ եմ զգում, ոնց որ Արմենի դեմ դավադրության մասնակից լինեմ…»,-կատակեց Աննա Իսրայելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
«Արմենի գրածների մեջ իր եւ մեր կենսագրությունն է, մեր գրածների մեջ՝ մեր եւ Արմենի կենսագրությունը…Այդ ժամանակներում սովետական բառապաշարով ասած՝ ապրում էինք կոմունայով, եւ որեւէ գործ, որ գրում էին Ամենը, Վահագն Աթաբեկյանը, գրում էի ես, անմիջապես առաջին ընթերցողը հենց մենք էինք լինում, առաջին քննարկողը մենք էինք լինում, իսկ ի տարբերություն ինձ ու ԱրմենիւՎահագնը անմիջապես մեր գործերն անգիր էր ասում…Արմենը ձեռքով չէր գրում, թղթի վրա չէր գրում, այլ արտասանելով էր գրում, առոգանելով էր գրում…»,-նշեց Արմեն Դավթյանի ընկերներից՝ «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հիմնադիր, բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
«Ինքը մեր կուրս եկավ խառը ժամանակ: Ինձ կուրսի ավագությունից հեռացնում էին…Որոշել էին հեռացնել ինստիտուտից, սակայն բավարարվեցին ավագությունից հեռացնելով, ուզում էին նաեւ կոմերիտմիությունից հեռացնել, տեսան, որ արդեն բանակում հեռացրել են…Կիմ Արզումանյանն ու Լեւոն Հախվերդյանը որոշեցին, որ Արմենը կլինի կուրսի նոր ավագը, մի քիչ ներկայացրին Արմենին, ապա որոշեցին նոր ավագին խոսք տալ, որ մի երկու բառ ասի… Արմենը էնպիսի մի ճառ ասաց, վախեցած նայեցին իրար, Կիմ Արզումանյանն ասաց՝ էն մեկը ոնց որ ավելի լավն էր: Լեւոն Հախվերդյանն էլ ասաց՝ ում ուզում եք ընտրեք, մեկ է նույնն է լինելու»,- նշեց գրող Հովհաննես Երեւանյանը, որը եւս Արմեն Դավթյանը կուրսից է եղել, բայց ոչ թե ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի, այլ Գեղարվեստաթատերական ինստիտուտի:
Մանրամասն՝ տեսանյութում
Երեկոյի ընթացքում փոքրիկ տեսանյութեր ցուցադրվեցին, դրանից մեկում Խորեն Աբրահամյանը կարդում էր Արմեն Դավիթյանի գործերը, որոնք ժամանակին շատ է հավանել: Միջոցառմանը նաեւ հետաքրքիր ու ինչ-որ տեղ զվարճալի դրվագներ էլ պատմեցին: Դրանցից մեկը Արմեն Դավթյանը ներկայացրեց. «Գարուն» ամսագիր էի բարձրանում, մեր դասախոս Ռաֆայել Իշխանյանն էլ բարձրանում էր «Պիոներ» հանդես՝ սրբագրելու Հայոց պատմության մասին իր ակնկարկները: Աստիճաններին հանդիպեցինք, ասաց՝ Արմեն կարդացի բանաստեղծություններդ «Գարունում» , բարդ ես գրում, բարդ…Ասացի՝ դե հիմա այդքան եմ կարողանում, ընկեր Իշխանյան: Ասաց՝ պարզ պիտի գրես, Թումանյանի նման, որ մարդիկ հասկանան: Ասում եմ՝ Սիամանթոն, Վարուժանը, որ գրում են, բոլոր ընթերցողները հասկանում ե՞ն… Ասաց չէ, պետք է գրես Թումանյանի նման՝ մի եղիր ուրագի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես՝ մին դեպի քեզ, մին դեպի մեզ (ծիծաղում է-Գ.Հ)…Ասացի՝ ընկեր Իշխանյան, ես այդ մակարդակի հանճար չեմ, որ այդքան պարզ գրեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ