Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելով համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր 22 մանկարպարտեզներն անվճար դարձնելու հարցը։
Մեր զրուցակիցը հուսով է՝ անկախ կուսակցական պատկանելությունից Գյումրու ավագանու մյուս բոլոր խմբակցությունները կմիանան իրենց նախաձեռնությանը, քանի որ խոսքը երեխաների մասին է։
«Ապրելու երկիր» խմբակցությունը մատնանշում է նաև հարցի լուծման ֆինանսական աղբյուրները։
«Գյումրիում գործում են 22 մանկապարտեզներ․ համայնքային ենթակայության մանկապարտեզների մասին է խոսքը, այնտեղ հաճախում են մոտ 2500 երեխաներ։ Մանկապարտեզների վարձավճարը, ինչպես գիտեք, նախորդ տարիներին 8 հազար դրամ էր, ավագանու որոշմամբ դարձավ 4 հազար դրամ, թե ինչու անվճար չդարձավ, պատճառն այն է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չկային։
Կարդացեք նաև
Ես նախաձեռնելու եմ ավագանու արտահերթ նիստ, արդեն իսկ դիմել եմ համայնքի աշխատակազմի գլխավոր քարտուղարին՝ ձևաթուղթ ստանալու համար, որը ներկայացնելու եմ ավագանու իմ գործընկերներին՝ 1/3 ձայնն ապահովելու և արտահերթ նիստը գումարելու համար։
Ի՞նչ է իրենց ներկայացնում այդ նախաձեռնությունը․Գյումրիում մանկապարտեզներն ամբողջությամբ անվճար դարձնել, նշել եմ ֆինանսական աղբյուրները, թե ինչ հիմքով կարող եք դա իրագործել։
Գույքահարկը 2025 թվականին, ինչպես հայտնի է՝ 50 տոկոսով ավելանալու է, 2026 թվականին ևս 50 տոկոսով ավելանալու է, և գույքահարկից ստացվող հավելյալ գումարը, մեր հաշվարկներով՝ մոտ 170 միլիոն դրամի մասին է խոսքը, ուղղորդելու ենք մանկապարտեզների վարձավճարը մուծելուն, անվճար դարձնելուն։ Խոսքը վերաբերում է մոտ 110-120 միլիոնին, այսինքն՝ այն գումարը, որը հավելյալ գեներացվում է համայնքի կողմից, լիարժեք բավարար է, դեռ մի բան էլ ավել է», -պարզաբանեց Կարեն Մալխասյանը։
Իսկ Գյումրու համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարը շահագրգի՞ռ է արդյոք ավագանու նիստեր անցկացնել, Կարեն Մալխասյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, որովհետև ի սկզբանե, ինչպես միշտ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության , ցավոք, նաև իշխանությունների կողմից մոլորեցնող տեղեկատվություն է տարածվում։
Ասում են, որ ավագանու լիազորությունները դադարեցված են, ավագանի չկա։ Այո՛, ավագանու լիազորությունները կառավարության որոշմամբ դադարեցվել են,բայց ավագանին իր գործունեությունը շարունակում է ՏԻՄ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն։
Իր լիազորությունները կարող է իրականացնել։ Ասեմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից մեզ հետ հանդիպում չի նախաձեռնվել և նման որևէ հարց չի քննարկվել»։
Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերին՝ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ, նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև « ԳԱԼԱ» խմբակցությունը՝ ուղերձ հղելով կառավարությանը ու խնդրելով ՀՀ պետական բյուջեից կամ այլ հնարավոր միջոցներից տարեկան 259 մլն ՀՀ դրամ սուբվենցիա հատկացնել, որով հնարավոր կլինի մեկ տարի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը:
Նրանք ուղերձում նշել էին, որ Գյումրու բյուջեն նման հնարավորություն չունի, հիշեցրել էին, որ մայրաքաղաքում մանկապարտեզներն անվճար էին, մինչդեռ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ Շիրակի մարզում առկա է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը՝ աղքատության գծից ցածր է բնակչության 45%-ը:
Շիրակի մարզն այս տարի ևս գլխավորում է ամենաաղքատների ցուցակը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ