«Մենք պնդում ենք, որ Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, ընդհակառակը, ինքն է դարձել հանցանքի զոհ։ Ես նկատի ունեմ, որ նրան խոշտանգել են»,- քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով նիստից հետո լրագրողներին ասաց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ես համարում եմ, որ այս գործում շատ մեծ նշանակություն է ունեցել ՔՊ-ի գործոնը։ Հիշենք, որ միջադեպից անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը կատարեց գրառում, որը ՔՊ-ի պաշտոնական էջում դրվեց, որակումներ տրվեց, որից ժամեր անց տեղի ունեցավ խոշտանգման դեպքը։ Այսինքն՝ ես համարում եմ, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է Քաղաքացիական պայմանագրի բարձրագույն ղեկավարությունը։ Թե այս քաղաքական փոփոխությունից, Հակոբ Ասլանյանի կարգավիճակի փոփոխությունից հետո ինչ փոփոխություն տեղի կունենա այնտեղ, ասել չեմ կարող»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով որեւէ նորություն չկա, ոչ միայն մեղադրյալ չկա, այլ երկար ժամանակ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել։ «Եթե մենք հիմնավորում ենք, որ այստեղ խնդիրը հենց ՔՊ-ի կողմից կազմակերպված արարքի մասին է, ո՞նց կարող է ՔՊ-ն ինքն իր կազմակերպածը բացահայտել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի համար Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով։ Ոստիկանության հսկողության տակ գտնվող Սամվել Վարդանյանը խոշտանգման էր ենթարկվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ