Գյուղում ծնված ու մեծացած մարդկանց մեծամասնությունը հողի հանդեպ հատուկ ուշադրություն ու սեր է ունենում՝ պատմում է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ծնված ու մեծացած երաժիշտ, պատմաբան ու մանկավարժ Քրիստինե Ասրյանը։ Սյունիքում և մասնավորապես Գորիսի շրջանում չկա մի տուն, որտեղ չլինի սյունեցիների ամենասիրած կարմիր բազուկի թթուն կամ ինչպես տեղում են ասում՝ ճախաթթուն։ Տարիներ առաջ Քրիստինեն որոշում է մարզային դելիկատեսի համը հասցնել մայրաքաղաք, ապա նաև երկրի սահմաններից դուրս, և այդպես էլ դրվում է ընտանեկան բիզնեսի հիմքը։
Ճախաթթու, շուշան, բոխի, սխտորի միջուկ՝ թթուների այս տեսականիով է ներկայանում Քրիստինե Ասրյանի ստեղծած «ՀայկԷր ֆուդ»-ը։ Հիմնած բիզնեսը թույլ է տվել Քրիստինեին գյուղի բնակիչների համար զբաղվածություն ապահովել։
Քրիստինե Ասրյանը բիզնեսն ընդլայնելու նպատակով դիմել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությանը։ Խոստումնալից ապագա ունեցող բիզնեսը հայտնվել է 42 հաջողակ բիզնեսների շարքում, և Քրիստինե Ասրյանը Հիմնադրամից ստացել է 1 մլն դրամ դրամաշնորհ։
Կարդացեք նաև
Դրամաշնորհով Քրիստինեն ձեռք է բերել հումք, քանի որ սեփական դաշտի բերքն արդեն չի բավարարում, միաժամանակ ընդլայնել է ցանքատարածությունը, ավելացրել աշխատողների քանակը, գնել է տարաներ, փաթեթավորման սարք, պիտակներ և ավելացրել է ապրանքատեսականին։
«Քանի որ մեր գյուղի հատկապես երիտասարդությունը չունի զբաղվածություն, նման ծրագրերն ու աջակցությունները շատ կարևոր են, որ մեր երիտասարդներն աշխատանք ունենան, չնայած վերջին տարիներին պետությունն էլ սոցիալապես և տնտեսապես հզորացնում է համայնքները, որ յուրաքանչյուրը զբաղվի իր սիրելի աշխատանքով, հզորացնի գյուղը, նոր աշխատատեղեր ստեղծի և վերջապես հզոր հայրենիք կառուցի»,- ասում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն։
Քրիստինեն բոլոր սկսնակ գործարարներին հորդորում է մասնակցել աջակցության ծրագրերի, նաև սեփական փորձով է կիսվում՝ սկսել է մասնակցել հմտությունների և կարողությունների զարգացման դասընթացների, ուսումնասիրում է ՓՄՁ տարբեր ուղղություններ ու առանձնահտկություններ և վստահ է՝ կհաջողի նա, ով ունի ցանկություն և վճռականություն։
«ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ