Լրահոս
Օրվա լրահոսը

6 համերգ մեծահամբավ երաժիշտների մասնակցությամբ. ամփոփվեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 

Դեկտեմբեր 23,2024 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ն անցկացվեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը, որը դարձել է մայրաքաղաքի կարևոր երաժշտական իրադարձություններից մեկը։ Ամեն տարի փառատոնի շրջանակում Երևան են ժամանում աշխարհում մեծ համբավ վայելող երաժիշտներ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր երաժշտասերներին ու քաղաքի հյուրերին համախմբում Արամ Խաչատրյանի, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ներքո։

Այս տարի փառատոնի շրջանակում անցկացվել է 6 համերգ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը նոր շնչով է ներկայացնում Խաչատրյանի հարուստ երաժշտական ժառանգությունը, ինչպես նաև ունկնդրին հնարավորություն է տալիս ծանոթանալու դասական երաժշտության գլուխգործոցների ինքնատիպ մեկնաբանություններին և նոր կատարողական անունների հետ։

Փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն ունեցան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան հայտնի երաժիշտներ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Միրիամ Պրանդին  (թավջութակ)։ Մենահամերգով հանդես եկավ իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։ Համերգները ղեկավարում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 20-ի՝ փառատոնի բացման համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին, և երեկոն յուրահատուկ կոչ էր՝ միանալու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին:

Փառատոնի շրջանակում ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ ընդունեց մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Սըր Կառլ Ջենքինսի հանրահայտ «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Այն դասական, էթնիկ և ջազային երաժշտության գրավիչ միաձուլում է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Սիմֆոնիկ Ադիեմուսի» հնչյունները ներկաներին փոխանցեցին աֆրիկյան, ասիական և կելտական մշակույթների տրամադրություն։

Խաչատրյանական փառատոնի համերգներից մեկը նվիրված էր ջութակահար, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ և Խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր, մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին։ Ականավոր մանկավարժն անջնջելի հետք է թողել Հայաստանի երաժշտական ​​արվեստում, իսկ նրա բազմամյա մանկավարժական գործունեությունը ծառայել է հայ կատարողական արվեստի զարգացմանը։

Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։  Փառատոնի գործընկերն այս տարի  «Խախամյան հերիթիջ» ընկերությունն էր։ 

Փառատոնային համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում՝ արժանանալով ներկաների բուռն ծափողջույններին։ Հիշեցնենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։ 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031