Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է transport.yerevan.am կայքը, որի գործիքակազմը շարունակաբար ավելանալու է: Կայքի միջոցով քաղաքացիներն արդեն կարող են ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով էլ ստուգել՝ արդյո՞ք իրենք ներառված են արտոնյալ խմբում: Տոմսային միասնական համակարգի մասին առավել ամբողջական տեղեկություններ ստանալու նպատակով էլ քաղաքացիները կարող են օգտվել հաճախ տրվող հարցերի բաժնից:
«Միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մասն է, և ես ու մեր թիմը համոզված ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման քաղաքացիներին իրապես որակյալ ծառայություններ մատուցել: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային ծառայությունների միասնական հարթակը. երևանցիներն այստեղ ունենալու են իրենց անձնական գրասենյակը, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մեկ միջավայրում, մեկ օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ: Սա այն է, ինչ իրականացվում է արդեն բազմաթիվ զարգացած քաղաքներում: Ուզում եմ միասին այս ճանապարհով անցնելու մասին խոսել նաև, որովհետև ակնկալում եմ ոչ միայն, և մի գուցե ոչ այնքան ձեր գնահատանքը, այլև օբյեկտիվ քննադատություն և առաջարկներ պարունակող հետադարձ կապը»,-ընդգծել է քաղաքապետը:
Կայքի միջոցով, ի դեպ, շատ շուտով հնարավորություն է լինելու ոչ միայն ծանոթանալ տոմսային փաթեթներին, այլև ձեռք բերել դրանք՝ կցելով սեփական բանկային քարտին որպես կրիչ, և անհրաժեշտություն չի լինի կանգնել հերթերում, ձեռք բերել ֆիզիկական կրիչներ, բնապահպանական տեսանկյունից ևս տրանսպորտային քարտերի լրացուցիչ քանակ չի առաջանալու: Սա վերաբերելու է ինչպես սովորական օգտատերերին, որոնք որևէ արտոնյալ խմբում ներգրավված չեն, այնպես էլ արտոնյալ խմբերում ներառված մեր քաղաքացիներին, որոնք կայքի միջոցով ստանալու են իրենց արտոնությունը:
«Այն տեղեկատվությունը, որը հիմք պետք է հանդիսանա արտոնությունը տրամադրելու համար, օրինակ, թոշակառու լինելու, հաշմանդամության որևէ խմբում ընդգրկված լինելու առումով, մենք ստանում ենք պատասխանատու տարբեր կառույցներից և ինքնուրույն տվյալներ չենք հավաքում: Ուստի, եթե անձինք իրենց արտոնությունը ստուգելիս կայքում տեղեկատվություն չգտնեն կամ համակարգը պատասխանի, որ արտոնյալ խմբում ներառված չեն, ապա պարտադիր կերպով պետք է դիմեն համապատասխան կառույցներին և այս ժամանակը օգտագործեն տվյալները թարմացնելու համար»,- նշել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հունվարի 1-ից, ի դեպ, անցում է կատարվելու տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի:
«Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս վերափոխումն ապահովենք՝ հին մոդելից անցնելով նորի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։
***
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6, 8, 27, 39, 42, 44, 46, 47, 57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
ավինյանն ես, ինչ ես, դու արտոնյալ խմբերով ժողովրդին չես խաբի։ Մարդիկ թվայնացմանը չեն դեմ, այլ քո ագահ ու անկուշտ թանկացմանը։ Չես ուզում ավտոբուսի վարորդների աշխատավարձը բարձրացնես, որ փողը քո գրպանները գնա, հիմա էլ ուղեվարձն ես բարձրանում, որ թալանդ բազմապատկես։ Դու ընդամենը ագահ փողասեր ես և անկուշտ ֆինանսական մագնատ։ Աղքատացող ժողովուրդը տրանսպորտի թանկացումը քո ու նիկոլի քթերից է հանելու։