Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս համերգն այնքան յուրահատուկ էր մեզ համար». համերգ՝ նվիրված ՀՀ Վաստակավոր ուսուցիչ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Պատվավոր պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի 100-ամյակին

Դեկտեմբեր 23,2024 12:25

Օրերս Կոմիտասի անվան երաժշտության տանը կայացավ «ԱՎԵՏԻՍ» լարային քառյակի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը՝ նվիրված ՀՀ Վաստակավոր ուսուցչի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Պատվավոր պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի 100-ամյակին:

Անուշ Նիկողոսյան

Համերգից հետո զրուցեցինք «ԱՎԵՏԻՍ» լարային քառյակի առաջին ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի հետ, որը եղել է վաստակաշատ մանկավարժի՝ Պյոտր Ասատուրովիչի բազմաթիվ տաղանդաշատ սաներից:

-Հարգարժան Անուշ, Պյոտոր Ասատուրովիչը լեգենդար մանկավարժ էր, արվեստի անխոնջ մշակ, ով կրթել է սերունդներ և իր գնալով նա տարավ մի ամբողջ դարաշրջան: Ինչպիսի՞ն է նրա կերպարը ձեր հուշերում:

-Ես շատ երախտապարտ եմ այն տարիների համար, որ սովորել եմ այդ իսկապես լեգենդար մանկավարժի մոտ: Ես առաջին իսկ դասարանից ուսանել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որից միայն 4 տարին եմ եղել նրա աշակերտը, սակայն նա միշտ ուղեկից է եղել իմ ճանապարհին իր խորհուրդներով, թե ում մոտ սովորեմ, ինչ ստեղծագործություններ պարապեմ: Նա ոչ միայն մեծ մանկավարժ էր, այլ լուսավոր մարդ, ում հետ միայն պարզ շփումն արդեն մեծ ձեռքբերում էր: Նա մինչև իր կյանքի վերջին օրերը այցելում էր մեր բոլոր համերգներին, կիսում մեր ապրումները, օգնում խորհուրդներով, քաջալերում: Շատ ուրախ եմ, որ նա եղել է իմ կյանքում, նա բազմաթիվ հայ ջութակահարների կայացման մեջ մեծ ավանդ է ունեցել:

-Ինչպե՞ս ծնվեց համերգի գաղափարը:

-Տարիներ ի վեր միշտ նշել ենք Պյոտր Ասատուրովիչի ծննդյան օր և առավել ևս նրա 100-ամյակը պետք է նշանավորեինք համերգով: Մեր մտահղացմանը պատրաստակամորեն աջակցեց Երևանի քաղաքապետարանը և Կամերային երաժշտության տունը, ինչի համար շնորհակալ ենք: ԱՎԵՏԻՍ» լարային քառյակին միացավ հայտնի և սիրված դաշնակահար Հայկ Մելիքյանը: Համերգին կատարեցինք գերհանճարեղ ստեղծագործություններ՝ Ֆրանց Շուբերտի «Աղջիկը և Մահը» լարային կվարտետ թիվ 14-ը, որը կոմպոզիտորի ամենանշանակալի ստեղծագործություններից է՝ կյանքի վերջին շրջանում գրված: Մեր կատարմամբ այն հնչեց առաջին անգամ: Երկրորդ բաժնում կատարեցինք Անտոնին Դվորժակի Դաշնամուրային կվինտետ թիվ 2-ը Հայկ Մելիքյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիք ծրագիրը

-Գիտեք, Շուբերտի «Աղջիկը և Մահը» լարային կվարտետը նվագելն ուղղակի երազանք էր, երբ ես լսում էի այս գործը արտասվում էի երաժշտության գեղեցկությունից, և այն մեր երկացանկի ամենասիրելի գործերից մեկը դարձավ: Այս համերգն այնքան յուրահատուկ էր մեզ համար, որ ցանկացանք այս ստեղծագործությունը անպայման կատարել: Իսկ Դվորժակի կվինտետը շատ ենք նվագել թե Հայաստանում, թե Իտալիայում և ծրագրերում կար այն կատարել Հայկ Մելիքյանի հետ Կամերային տանը՝ նոր Steinway-ով, ինչն էլ իրականացրեցինք: Իսկ որպես բիս կատարեցինք Խաչատրյանի «Օրորը» և Պուչչինիի «Քրիզանթեմներ»-ը: Կարծում եմ, եթե Պյոտոր Ասատուրովիչը ներկա լիներ համերգին, վստահաբար գոհ կլիներ ծրագրից:

Ստորև մեջբերում ենք անում երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանի կազմած համերգի ներածական խոսքը Պետրոս Հայկազյանի մասին. «Պետրոս Հայկազյանի նախնիները Արևմտյան Հայաստանից էին: Եղեռնի արհավիրքները տեսած Ասատուր պապը իր ընտանիքի հետ եկել հասել էր Էջմիածին, որին հաջորդեց Թիֆլիսը, ապա և Ալեքսանդրոպոլը (ներկայումս՝ Գյումրի), որտեղ և ծնվել է Պետրոս Հայկազյանը: Գյումրիում սկսելով իր երաժշտական կրթությունը, ընտանիքի հետ տեղափոխվում է Երևան և ընդունվում այն ժամանակ քաղաքում գործող միակ երաժշտական դպրոցը՝ այսպես կոչված Профшкола-ն՝ ներկայիս Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը:

Այնուհետև նա ընդունվեց Երևանի կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Կարպ Դոմբաևի ջութակի դասարան, որը, Հայկազյանի խոստովանությամբ, սեր ներարկեց նրան մանկավարժական աշխատանքի նկատմամբ: 60-ական թվականներից սկսած կոնսերվատորիայի շրջանավարտ Պետրոս Հայկազյանը կապվում է Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետ, որից անբաժանելի էր մինչև կյանքի վերջին օրը:

Սկզբնական տարիներին վերին աստիճանի անհարմար էին դպրոցի պայմանները և մեծ դժվարություններով հաջողվեց նախաձեռնել նոր շենքի շինարարությունը, որն այսօր հայտնի է և Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Շինարարության գործում անգնահատելի է ոչ միայն Պ. Հայկազյանի ներդրումը, այլև նրա եղբոր՝ հասարակական և պետական գործիչ Էդուարդ Հայկազյանի ավանդը, որն այն տարիներին Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր: Դժվարությունն այն էր, որ Խրուշչովի հրամանով այդ շրջանում արգելված էր մշակութային օջախների, մասնավորապես երաժշտական դպրոցների շինարարությունը: Այդ պատճառով, որ Սայաթ-Նովա դպրոցի կառուցումը բոլոր հաշվետվություններում ներկայացված էր որպես հանրակրթական:

Այսպիսի «անմեղ խորամանկության» շնորհիվ իրականացավ այդ դպրոցի շինարարությունը, որի ճարտարապետն էր հանճարեղ Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Պետրոս Հայկազյանին հաջողվեց իր շուրջը համախմբել մանկավարժների նվիրված կոլեկտիվ և դպրոցը մրցակցության մեջ մտնելով Սպենդիարյանի անվան դպրոցի հետ խթան հանդիսացավ Հայաստանում նորանոր դպրոցների բացմանը: Այժմ այդ դպրոցների թիվն անցնում է 200-ից, իսկ Պետրոս Հայկազյանի դասարանը դարձավ հայ ջութակահարների պատրաստման դարբնոց:

95 անգամ տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր են գրավել Պետրոս Հայկազյանի սաները, որոնց թվում են Հայաստանի հեռուստառադիոյի նվագախմբի կոնցերտմայստեր, ապա և դիրիժոր Վիկտոր Խաչատրյանը, Հայաստանի կամերային նվագախմբի կոնցերտմայստեր և Երևանի կոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ Բագրատ Վարդանյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանին ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Անուշ Նիկողոսյանը, Արամ Խաչատրյանի անվան մրցույթի Առաջին մրցանակակիր Մարտին Յավրյանը, նույն մրցույթի երկրորդ մրցանակակիր և Կոմիտասի անվան քառյակի 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը և տասնյակ այլ անվանի ջութակահարներ: Պետրոս Հայկազյանի սաների թվում է նաև Սերգեյ Խաչատրյանը, որի անունը այսօր հայտնի է ամբողջ աշխարհում:

Պետրոս Հայկազյանը ղեկավարում էր Սայաթ-Նովայի անվան դպրոցը արտաքուստ հանգիստ, սակայն պահանջկոտ: Նա իր շուրջը ստեղծում էր արվեստին նվիրվելու միջավայր: Նա վայելում էր իր շրջապատի հարգանքն ու անկեղծ սերը: Որպես մեծ հայրենասեր, Հայաստանի մշակույթին անմնացորդ նվիրված գործիչ, Պետրոս Հայկազյանը դեռևս կենդանության օրոք դարձել էր լեգենդ և այսօր էլ որպես լեգենդ նա ապրում է բոլոր նրան ճանաչողների սրտում:

 

Աստղիկ Դալլաքյան,

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031