Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նա մեզ հայհոյում էր, ստրուկներ և ռուսներ էր անվանում». ոստիկանության աշխատակիցները տալիս են կեղծ ցուցմունքներ Վրաստանում կատարվածի մասին

Դեկտեմբեր 23,2024 11:20

JAMnews. Վրաստանի երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Transparency International Georgia-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, «Վրաստանի եվրոպական ուղեծիր» հարթակի գործադիր տնօրեն Նինո Լոմջարիան և Օրենքի գերակայության կենտրոնի ղեկավար Լոնդա Տոլորայան, հատուկ ասուլիսի ընթացքում քննարկել են բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից համակարգային խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի պրակտիկան։

Ըստ ՀԿ ներկայացուցիչների՝ Վրաստանի ՆԳՆ-ն տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների ցրելու համար օգտագործել է հատուկ միջոցներ, այդ թվում՝ պղպեղի սփրեյ և ջրում լուծված անհայտ նյութեր։

 

Որոշ դեպքերում ցույցի ցրումը սկսվել է մասնակիցների ուղիղ հետապնդմամբ և ձերբակալմամբ, և միայն դրանից հետո են օգտագործվել նախազգուշացնող ազդանշան և այլ միջոցներ։

Ջրցան մեքենաներ և գազ օգտագործելով՝ հատուկջոկատայինները տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների զրկել են նորմալ շնչելու և տեսնելու հնարավորությունից՝ առաջացնելով խուճապ և ստեղծելով ճնշման ու քաոսի իրական սպառնալիք։

Արցունքաբեր գազից առաջացած ծխի մեջ հայտնված ցուցարարներին բռնելու համար հատուկջոկատայինները առանց խտրականության բռնել են բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել ժամանակին լքել տարածքը։

Որոշ դեպքերում խաղաղ ցուցարարները, որոնք ենթարկվել են ցրվելու կոչին, ծուղակն են ընկել ու ձերբակալվել։

 

Խոշտանգումներ, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ձերբակալվածների նկատմամբ

Ձերբակալման ժամանակ և դրանից հետո հատուկջոկատայինները ցուցարարներին ֆիզիկական բռնության են ենթարկել։

Հատուկ մեքենաների սրահը կահավորված է եղել այնպես, որ ձերբակալվածներին ավելի հեշտ լինի ծեծել, ինչն էլ պարբերաբար արել են հատուկջոկատայինների խմբերը։

Ձերբակալվածների ցուցմունքների համաձայն՝ նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումներն իրականացվել են մեկ անձի հսկողությամբ, ով ցուցումներ է տվել՝ որտեղ, ինչպես և ինչ ուժով է պետք ծեծել ձերբակալվածներին։

Ամենաշատ հարվածները հասցվել են դեմքին, պարանոցին, աչքերին, կողոսկրերին և երիկամներին։

Ծեծի հետ մեկտեղ հատուկջոկատայինները կողոպտել են ձերբակալվածներին՝ խլելով հագուստը, կոշիկները, բջջային հեռախոսը, պայուսակները, դրամապանակները, ակնոցները, վզի խաչերը և այլ անձնական իրեր։

Հայտնի է դեպք, երբ հատուկջոկատայինները ձերբակալվածներով լի մեքենայի մեջ նետել են գազի պարկուճ և փակել դուռը։

Հայտնի են նաև դեպքեր, երբ կողոպտված և ծեծված ձերբակալվածների վրա սառը ջուր են լցրել։

Ձերբակալվածներին հայհոյել են, վիրավորել, սպառնացել, որ կսպանեն, կբռնաբարեն և կկոտրեն մարմնի որոշ մասեր։

Ըստ ձերբակալվածներից մեկի փաստաբանի՝ ձերբակալումից հետո իրավապահները նրան տարել են քաղաքի ծայրամաս, սպառնացել են սպանել և թաղել հենց այդտեղ։

Ուժայինները փորձել են նվաստացնել ծեծված ձերբակալվածների արժանապատվությունը․ լուսանկարել և տեսանկարահանել են ծաղրի ու նվաստացման փաստերը, ստիպել են իրենք իրենց մասին նվաստացուցիչ արտահայտություններ անել և այլն։ Որոշ դեպքերում վրացական հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին անձամբ է տեսանկարահանել ծեծը։

Ծեծված և խոշտանգված ձերբակալվածների տեղափոխումը ոստիկանական բաժիններ և մեկուսարաններ

Վերոնշյալից հետո հատուկջոկատայինները ձերբակալվածներին հանձնել են պարեկային ոստիկանությանը, որը նախ նրանց տարել է տարբեր ոստիկանական բաժիններ, իսկ երեք-չորս ժամ անց՝ քննչական մեկուսարաններ։

Մեկուսարանների գերբեռնվածության պատճառով ծեծված և թրջված ձերբակալվածներին ժամերով (միջինում երեք և ավելի ժամ) պահել են մեքենաների մեջ։ Որոշ դեպքերում ձերբակալվածներին այդ վիճակում ուղարկել են այլ քաղաքների քննչական մեկուսարաններ։

Մեկուսարաններ տեղափոխելուց առաջ ոստիկանության կողմից կազմված ձերբակալման արձանագրությունների ճնշող մեծամասնությունը պարունակում է սխալ, կեղծ տեղեկություններ։

Չնայած ձերբակալվածների մոտ խոշտանգումների և ֆիզիկական բռնության ակնհայտ հետքերի առկայությանը, նրանց ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։

Ձերբակալվածներին հնարավորություն չի տրվել մինչև մեկուսարան տեղափոխվելը հանդիպել փաստաբանի հետ և կապ հաստատել ընտանիքի հետ։

Դեպքերի մեծամասնությունում 48-ժամյա կալանքից հետո դատարան տեղափոխված ձերբակալվածների արդար դատաքննության իրավունքը խախտվել է։

 

Կեղծ արձանագրություններ և սուտ վկայություններ

Ոստիկանության կողմից կազմվող վարչական իրավախախտումների մասին արձանագրությունները կրում են ձևանմուշային և ֆորմալ բնույթ։ Դրանցում նշված չէ ենթադրյալ իրավախախտման ժամը, իսկ վայրը նշված է պայմանական (օրինակ՝ «Ռուսթավելու պողոտա» կամ «խորհրդարանի մոտ»)։

Դատարանում որպես վկա հանդես եկող ոստիկանության աշխատակիցները տալիս են կեղծ ցուցմունքներ և փորձում են ենթադրյալ իրավախախտումը նկարագրել ընդհանրական արտահայտություններով՝ «Նա մեզ հայհոյում էր, ստրուկներ և ռուսներ էր անվանում»։ Ոստիկանների ցուցմունքները գրեթե բոլոր դեպքերում նույնաբովանդակ են։

Ոստիկան-վկաները չեն կարողանում հստակ բացատրել, թե կոնկրետ ինչ օրինական պահանջներ են ներկայացրել անհնազանդության մեջ մեղադրվող քաղաքացուն։

Գործին չեն կցվում տեսախցիկների տեսագրությունները և այլ տեսանյութեր, որոնցում արձանագրվել են քննարկվող փաստերը։

Գործում երկու և ավելի ոստիկան-վկաների առկայության դեպքում նրանց ցուցմունքներն էականորեն տարբերվում են միմյանցից և հակասում են միմյանց։

Ձերբակալման արձանագրություններում առկա է կեղծ, սխալ տեղեկատվություն, այդ թվում՝ ձերբակալումն իրականացրած ոստիկանության աշխատակիցների մասին։ Արձանագրության մեջ որպես ձերբակալումն իրականացնող անձ մատնանշված ոստիկանության աշխատակիցները, որպես կանոն, չեն գտնվել արձանագրության մեջ նշված տարածքում։

Որոշ դեպքերում ոստիկան-վկաները դատական նիստերի ժամանակ հայտարարում են, որ քաղաքացին ձերբակալվել է իրենց հրամանով, սակայն չեն կարողանում բացատրել ձերբակալման իրավական հիմքը։

Բազմաթիվ դեպքերում դատավորը և պետական մարմինների ներկայացուցիչները միասին փորձում են խուսափել փաստաբանների քննադատական հարցերից և ոստիկան-վկաներին օգնում են դրանց տալ երկիմաստ պատասխաններ։

 

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ալիքը բռնկվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը կասեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031