Օրերս տեղի ունեցավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության 2024 թվականի ամփոփիչ հանդիպումը կուսակցականների և աջակիցների հետ։
Կուսակցությունը, հիմնադրվելով 2021 թվականին, 44֊օրյա պատերազմի ավարտից ընդամենը մի քանի ամիս անց՝ մեր նորագույն պատմության ամենածանր ժամանակահատվածում, հասցրել է ծավալել ակտիվ գործունեություն, իրականացնել տարբեր ծրագրեր, նախաձեռնել քաղաքական գործընթացներ և ձևավորել քաղաքական նոր օրակարգեր, որոնք լայն տարածում են գտել հասարակության շրջանում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը թևակոխում է քաղաքական գործընթացների նոր փուլ, ուստի անհրաժեշտ է հակիրճ ամփոփել իրականացված գործունեությունը, գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև նախանշել կուսակցության առաջիկա անելիքները։
Մեր նպատակը ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալն է, որը հնարավոր է ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ միջոցով:
Կարդացեք նաև
Ներկայացնելով, ինչպես կուսակցության ապագայի ռազմավարական տեսլականը, գործունեության գաղափարական ուղղությունները, այնպես էլ այն քաղաքական միֆերը, որոնք քաղաքական համակարգը պահում են միևնույն շրջապտույտի մեջ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը խոսեց նաև կարճաժամկետ հեռանկարում կուսակցության գործունեության ուղղությունների վերաբերյալ:
«Անցնող ավելի քան երեք տարիների ընթացքում մեր գործունեությունը եղել է ակտիվ իսկ աշխարհագրությունը՝ լայն՝ ներառելով նաև տարբեր պետությունների հայկական սփյուռքի շատ համայնքներ։ Քաղաքական բոլոր իրավիճակներում ունեցել ենք հստակ դիրքորոշում, որը արտահայտվել է ոչ միայն խոսքով և հայտարարություններով, այլև նպատակաուղղված գործողություններով։
Անցած ճանապարհը լինելով կարճ, եղել է չափազանց բարդ ու փորձություններով լի։ Ունեցել ենք կարևոր արձանագրումներ, առ այն, որ օրակարգերը, որոնք ի սկզբանե ընկած էին մեր գործունեության հիմքում, ճշմարիտ են, բխում են մեր իրականության հրամայականներից և արտացոլում են հասարակության մեծամասնության պահանջը։
Գայթակղությունը մեծ է կարծել, որ մեր խնդիրները կարող են արագ լուծվել միայն այս իշխանության հեռացմամբ․ սա մեծագույն մոլորություն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա է ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԽՄԲԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, որի առանցքը ներկայիս իշխանությունն ու պառլամենտական ընդդիմությունն են։ Այս նույն քաղաքական համակարգի մեջ յուրաքանչյուր ռևերանս, յուրաքանչյուր փոփոխություն, որը կհանգեցնի ներկա, նախկին որևէ վարչակարգի կամ նրանց արբանյակների վերարտադրությանը երբեք չի կարող բերել որակական փոփոխության։
Հետևաբար` մեզ համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման կարող է լինել, ոչ միայն այս իշխանության հեռացումը, այլ երեք տասնամյակից ավելի շարունակվող այս համակարգի ճեղքումն ու հաղթահարումը, որից հետո նոր հնարավոր կլինի սկիզբ դնել նորի ձևավորմանը։
Այսպիսով՝ մեր նպատակը ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալն է և մեր բոլոր ջանքերը առաջին հերթին պետք է ուղղված լինեն դեպի մեր ներսը, դեպի ներքին առողջացումը, դեպի որակապես նորի ձևավորումը։ Ներքին առողջացմանը տանող և քաղաքական նոր համակարգի ձևավորման ճանապարհը ինքնության հեղափոխությունն է կամ այլ կերպ ասած հեղափոխությունը հանուն ինքնության, որը ենթադրում է առաջին հերթին հեղափոխություն ոչ թե փողոցում, այլ մեր գիտակցության մեջ։ Ինքնության հեղափոխությունը խորքային վերաիմաստավորման և վերարժևորման գործընթաց է, որ վերաբերում է ինչպես մեր իրականությանը, այնպես էլ դրանում մեր տեղին ու դերին։ Սա խիստ ռացիոնալ գործընթաց է, որը սկսվում է կործանարար միֆերը քանդելուց։ Քաղաքական միֆերից և կեղծ օրակարգերից առանձնացվեց հիմնական տասը։
Այս ճանապարհին մենք երբեք չպետք է հուսահատվենք, իսկ դժվարությունները պետք է ընդունել, որպես հերթական ապացույց, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով։
Մեր ընթացքը շարունակվելու է մինչև հաղթանակ և մեզ համար հաղթանակից բացի սփոփիչ կամ ընդունելի չի կարող լինել ոչ մի արդյունք»։
Ելույթով հանդես եկան նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներ Արթուր Հայրապետյանը, Արթուր Բերբերյանը և կուսակցության քաղաքական դպրոցի շրջանավարտ Կառլեն Հակոբյանը:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հանրային կապերի հաղորդագրություն