Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկու տարբերակ է մնում՝ կամ ոչինչ չի ստորագրվելու, կամ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին»

Դեկտեմբեր 23,2024 14:30

«Առավոտի» զրուցակիցն է հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը

-Պարոն Նահապետյան, Ալիեւը շարունակում է Հայաստանին տարբեր պահանջներ ներկայացնել՝ ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից, միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում համատեղ աշխատանք… Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, փոխադարձ հայցեր չպետք է լինեն։ Փաշինյանը նաեւ նշեց, որ առաջարկում է Բաքվին, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Ըստ նրա՝ ամբողջական սահմանազատումից հետո, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ Ալիեւը պահանջում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթով կատարո՞ւմ է նրա պահանջները։

– «Խաղաղության օրակարգ» կոչվող քաղաքական նարատիվն իրականում Ալիեւն է առաջ քաշել, դա ադրբեջանական օրակարգ է։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը չուներ քաղաքական ասելիք, իր համար բունկերում նստած մտածում էր՝ բա լավ, ինքը սրանից հետո ինչո՞վ է զբաղվելու, այդ ժամանակ փրկօղակի նման՝ որպես քաղաքական օրակարգ, Իլհամ Ալիեւը դաշտ նետեց «խաղաղության պայմանագիր» ստորագրելու քաղաքական առաջարկը։ Այս ամբողջ ընթացքում ես միշտ ասել եմ, որ Իլհամ Ալիեւը չի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որն իրական զսպող լծակներ կունենա իր դեմ՝ ագրեսիան կանխելու հարցում։ Հետեւաբար, երկու տարբերակ է մնում՝ կամ ոչինչ չի ստորագրվելու, կամ ինքն ստորագրելու է մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին։

Սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը փորձում էր իշխանություն պահելուն զուգահեռ ինչ-որ բան նաեւ ստանալ փաստացի՝ որպես արդյունք։ Հետո իրեն էլ համակեց իր գոյության անիմաստության զգացումը, եւ այդ պահից այդ մարդը շատ կոնկրետ մի խնդիր է լուծել՝ ամեն ինչ անել՝ իշխանությունը պահելու համար։ Եվ այդ ճանապարհին ինքը տվել է քաղաքական համաձայնություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին։

– Այս գործընթացներն ի՞նչ վտանգներ են ստեղծում Հայաստանի համար։

– Խոշոր հաշվով շատ լավ տակտիկա է առաջ տարել Իլհամ Ալիեւը՝ ինքը Հայաստանին ստիպել է հրաժարվել իր բոլոր իրավունքներից՝ դեռ նույնիսկ ստորագրություն չտված դրա դիմաց։ Այսինքն՝ Հայաստանը հատ-հատ կատարել է բոլոր այն պահանջները, որոնք պետք է «խաղաղության պայմանագրով» կյանքի կոչվեին՝ ենթադրաբար ինչ-որ բանի դիմաց։ Այսինքն՝ եթե վաղը Իլհամ Ալիեւն ասի՝ ես ձեզ հետ ոչ պատերազմում եմ, ոչ պայմանագիր եմ կնքում, անտեսում եմ ձեզ, գնացեք ապրեք, մեկ է, ինքն արդեն ստացել է այն ամենը, ինչ պահանջում էր։ Այսինքն՝ ինքը ստացել է քաղաքական համաձայնություն Ղարաբաղից հրաժարվելու հարցում, ստացել է քաղաքական համաձայնություն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» Ադրբեջանի ձեւակերպած պատկերացումներով ձեւակերպելու հարցում։ Ցանկացած հարցում ինքն իր ուզած իրավա-քաղաքական խնդիրները լուծել է։ Դա ինքնին արդեն վտանգավոր է, որովհետեւ մենք զիջել ենք այն ամենը, ինչը մեզ կարող էր պաշտպանել։ Զիջել ենք այն ամենը, ինչ կարելի էր սակարկության առարկա դարձնել՝ տեխնիկական նյուանսներ, քարտեզներ, այն ամենը, ինչ կարելի է սակարկել։ Այստեղ խոսքը չի գնում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների մասին, ես չեմ կարծում, որ դա մանրադրամ պիտի դառնար։ Մենք այս ամենը զիջել ենք, դրա դիմաց որեւէ բան չստանալով։ Եվ դա ինքնին արդեն վտանգավոր է, բայց երբ մենք՝ որպես պետություն, ստորագրություն կդնենք այդ ամենի տակ, դրանից հետո խնդիրը հանգելու է հետեւյալին՝ Իլհամ Ալիեւը շարունակելու է անել ինչ ուզում է, որովհետեւ չունի որեւէ պարտավորություն, իսկ մենք չենք կարող ոչինչ անել, որովհետեւ դա կմեկնաբանվի որպես իրավաքաղաքական իրողությունները խմբագրելու փորձ եւ կհանդիպի ագրեսիայի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բողկը կերել է եւ հիմա դա փաստաթղթավորում է այնպես, որ իր արածները շտկելը բացառապես իրավական, մարդկային, ռազմական, տնտեսական կորուստների գնով հնարավոր կլինի անել։

– Այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում դուք։

-Ես կարծուն եմ, որ ցանկացած լուծում կարող է սկսվել Նիկոլ Փաշինյանի հեռացումով ու նորմալ կառավարություն եւ օրակարգ ձեւակերպելով։ Ես կարող եմ դետալային էլ ներկայացնել, թե ինչեր եմ պատկերացնում՝ որպես գործիքներ։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ հարցը տալիս են՝ «Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի, դու գաս, ի՞նչ ես անելու», իրենց այդ հարցի պատասխանը բացարձակ հետաքրքիր չէ։ Ես կարող եմ առաջարկել որոշ լուծումներ։ Օրինակ՝ հիմա խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Եթե դա տալու են, ինչի՞ համար են տանում մի ճանապարհով, որտեղ ավելի շատ տարածքներ կօկուպացվեն եւ ավելի շատ մարդիկ կզոհվեն։ Բայց եթե իրենք չեն տալու, ապա իմ ստեղծած կառավարությունը կոնկրետ անելիքներ էր ունենալու։ Նախ, Մեղրիում շատ մեծ պաշտպանական պոտենցիալ պետք է ձեւավորեր, երկրորդ, Իրանի հետ տնտեսական համագործակցության նոր ձեւեր էին փնտրվելու՝ մարդկանց Մեղրիում պահելու, Մեղրին բարեկեցության զոնա սարքելու համար։ Այսինքն՝ անել այնպես, որ ոչ միայն Մեղրիի բնակիչները մնային այնտեղ, այլ մարդիկ Երեւանից «խոպան» գնային Մեղրի, որովհետեւ Մեղրիում հեշտ է փող աշխատել։ Իսկ դա հնարավոր է անել շատ պարզ լուծումներով։ Մեղրիում բարեբեր հող չկա, բայց կարելի է, չէ,՞ խնդիր դնել, որ Մեղրին պետք է դառնա մեր ջերմոցային տնտեսության տարածաշրջանը։ Մեր գազի ամբողջ ենթակառուցվածքը «Գազպրոմի» ձեռքին է, իսկ ջերմոցային տնտեսության մեջ ինքնարժեքի կեսը գազի գինն է։ Երբ դու Իրանից էժան գազ բերես, դրա տակ քաղաքական որոշում լինի, Մեղրին կսարքես գյուղատնտեսական կենտրոն, մարդիկ  կգնան այնտեղ աշխատելու, ներդրումները կհոսեն, պաշտպանական կարողությունները կավելանան։ Մյուս կողմից, ինտենսիվորեն բարեկարգում ես այլ հաղորդակցության ուղիները եւ ասում ես՝ ես պատրաստ եմ այստեղով ձեզ անցում տալ, եկեք քաղաքակիրթ գործընկերություն անենք եւ պատրաստ եմ սպանել ձեզ, եթե դուք ուզենաք Մեղրիով զոռբայավարի մտնել։ Սա խնդրի քաղաքական լուծում է, հիմա այս ամենը ինչքանո՞վ է հետաքրքիր այն մարդկանց, ովքեր ասում են՝ «ախպեր, որ Նիկոլը գնա, ո՞վ է գալու, լուծում չունեք ոչ մեկդ էլ»։ Դա հայավարի ցրոցիներ են, մարդիկ սուտ են խոսում, սա է ամբողջ խնդիրը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031